ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԱՅՑ


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկար սպասված այցը Հայաստան վերջապես կայացավ: Այցին նախորդող ժամերին և բուն այցի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում ակտիվիստները երթեր կազմակերպեցին, որոնց միջոցով իրենց անհամաձայնությունն էին հայտնում Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը:

Բռնություններն ու քաշքշուկը, որոշ ակտիվիստների ոստիկանական բաժանմունքներ տանելը դարձան այս «առօրյայի» անքակտելի մասը: Առանձին ոստիկաններ էլ, որոշ աղբյուրների պնդմամբ, երբեմն անցան թույլատրելիության սահմանը` խոչընդոտելով մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը: Իսկ Գյումրիում առավել խայտառակ վիճակ էր տիրում, երբ կաթվածահար էր դարձել ողջ քաղաքը, մարդկանց արգելել էին դուրս գալ տներից, իսկ Վ. Աճեմյանի անվան թատրոնի շրջակայքում ապրողները հայտնվել էին յուրատեսակ գերության մեջ: Այս ամենն ակամա չարություն էր ծնում բարձրաստիճան հյուրի հանդեպ:

ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետեր, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

Պատվիրակության նման կազմը հուշում է, որ այս այցին Ռուսաստանում շատ մեծ կարևորություն էր տրվել, որ տարբեր ոլորտներ պիտի հայտնվեին Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Դժվար չէր և կռահել, որ նման պատվիրակության խնդիրն էր նաև ուսումնասիրել մի շարք ոլորտներ` դրանք Մաքսային միության հայեցակար գերում ընդգրկելու համար:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ՌԴ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու շուրջ հինգ հարյուր գործարարների մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայաց նող ցուցահանդես, որի նպատակն է` ՀՀ և ՌԴ միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը:

Իհարկե նաև Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը: Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: Հիշեցնենք, որ ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդ յունաբերական շահագործման փուլում: ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը:

Այս ամենը մեկ անգամ ևս հավաստեցին, որ Ռուսաստանը մտադիր է այս տարածաշրջանում ամրապնդել իր ներկայությունը, հասկացնել տալ, որ ինքն է թելադրում ամեն ինչ: Պատահական չէ, որ Գյումրիում իր ելույթի վերջում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Կովկասից: Սա, իհարկե, ուրույն մարտահրավեր է տարածաշրջանի երկրներին և մասնավորաբար Միացյալ Նահանգներին, որը հույսեր է փայփայում, որ կկարողանա Հարավային Կովկասում մեծացնել իր գերակայությունը: Անշուշտ, առավել ուրախ է Թուրքիան, որովհետև Ռուսաստանի հետ ունենալով հաստատված համագործակցություն, կարող է տարածաշրջանում դառնալ թելադրողներից մեկը…

Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք, իսկ ահա մայրաքաղաքում հնարավոր են նոր ակցիաներ ու բողոքի նոր դրսևորումներ… Ասել է թե` Մաքսային միությունը հանրության բողոքի միակ թիրախը չէ: Օրավուր սեղմվող աղքատության օղակը խաթարել է մեր ազգային նկարագիրը, որն առանձնանում էր նաև հայ մարդու համբերատարությամբ: Խոհեմության բոլոր չափերն անցած գնաճի զսպումը, գազի (հետևաբար նաև էլեկտրաէներգիայի գների մեղմումը, ներքաղաքային տրանսպորտի թանկացման սպառնալիքների վերացումը, կարծում ենք, ոչ միայն կմեղմեն մարդկանց ցասումը, այլև կնորոգեն հավատը հայրենի իշխանությունների հանդեպ:

Չմոռանանք, հայ մարդն արտագաղթում է ոչ թե հայրենիքից խռոված, այլ սեփական անզորությունից հուսահատ: Իսկ հուսահատությունը երբեք բարի խորհրդատու չէ´…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ