ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ


Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ամենանշանավոր իրադարձությունը, թերևս, ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի հանձնումն էր ռուսական կողմին:

Մոտ երկու տարի Գազպրոմը համոզում էր Հայաստանին իրեն տալ նաև այդ 20 տոկոսը, որպեսզի ամբողջապես հաստատեր իր գերակայությունը: Հայաստանում մտածում էին, խորհում, գուցե հաշվարկում էին մեր օգուտներն ու վնասները... Այնքան հաշվարկեցին ու մտածեցին, որ վերջապես որոշեցին մոտ 240 մլն դոլար արժողությամբ բաժնեմասերը Գազպրոմին հանձնել 150 մլն դոլար պարտքի դիմաց: Այսինքն, 90 մլն դոլար էլ նվեր արեցին Գազպրոմին` Հայաստանը զրկելով մի սեփականութ յունից կամ բաժնեմասից էլ, թուլացնելով մեր ռազմավարական դիրքերը: Հատկանշական էր, որ այս գործարքի մասին հայտարարեցին ոչ թե հայ չինովնիկները, էներգետիկայի նախարարը կամ էլ ՀայՌուսգազարդի տնօրենը, այլ` Գազպրոմի ղեկավարը: Նշանակում է` մերոնք իրենց մեջ ուժ չգտան կանգնել ու հրապարակավ ասել, որ կորցնում են ևս մի կարևորագույն ոլորտ, որ կատարվում է մի գործարք, որը բնավ էլ Հայաստանի օգտին չէ: Իսկ Գազպրոմի տնօրեն Ա. Միլլերն էլ որոշեց աչքալուսանք տալ հայ հանրությանը` գործարքն արդարացնելով նրանով, որ հետայսու Հայաստանին գազը տրվելու է Ռուսաստանի ներքին գնով...

Միամիտ սպառողներս չգիտենք, որ առանց այն էլ Գազպրոմը Հայաստանին գազ էր մատակարարում մի գնով, որն ավելի բարձր էր, քան Ուկրաինային տրվողը, իսկ հիմա այդ «լավությունը» ոչ թե Հայաստանին է արվում, այլ` Գազպրոմին, որն ինքն է բաշխում գազը: Այսինքն, ինքն իրեն է լավություն անում` հաշվարկելով ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը: Ըստ էության, նույն գինն է կազմում` 189 դոլար 1000 խմ գազի դիմաց: Բայց ի՞նչ օգուտ սպառողներին այս ամենից: Հա, Միլլերն ասաց, որ տրվելու է Ռուսաստանի ներքին գնով: Բայց Ռուսաստանի ներսում այս գները կայուն ու հաստատագրված չեն: Ամեն նահանգ իր ստացման գինն ունի, որը մի տեղ բարձր է, մեկ այլ տեղ` ցածր: Ուրեմն, ո՞րն է այդ ներքին գինը... Այ, դրա մասին ոչինչ չասվեց: Չասվեց, որովհետև «քամի արեցին» ու հեռացան:

Սպառողները ցնծության մեջ են` գազի սակագինն իջնելու է: Մինչդեռ մասնագետներն իրատեսորեն հուշում են, որ սպառողը չի զգալու գազի գնի փոփոխությունը, որովհետև գրեթե նույնն է մնալու ֆիզիկական անձանց տրվող գազի սակագինը: Ինչքան վճարել ենք, այդքան էլ վճարելու ենք: Ոչ մի փոփոխություն չի լինելու: Հետևաբար, վաղ էր այն ուրախությունը, որը բոլորս ապրեցինք: Հիշենք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը վերջերս խուսափում էր խոսել գազի սակագնի փոփոխության մասին` կցկտուր բաներ ասելով: Նա չէր կարող նայել մեր երեսին ու ասել, որ սպառողներին տրվող գազի սակագինը նվազելու է: Ու հավանաբար չի էլ նվազելու: Ուստի, ուրախության արցունքներ պետք չէ թափել, պետք չէ հաշվարկել, թե ինչքան օգուտ էր ունենալու մեր ընտանեկան բյուջեն...

Փոփոխություն կլինի ՀայՌուսգազարդում, որի մեծաթիվ աշխատողներ կդառնան գործազուրկ, քանի որ այլևս գոյություն չի ունենա այդ հսկան: Կավելանան ռուս չինովնիկները, Հայաստանն այլևս չի կարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել գազի ոլորտում: