Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Կենսաթոշակների կուտակային համակարգի դեմ բողոքները չեն դադարում ինչպես հանրության շրջանում, այնպես էլ Ազգային ժողովում: Կառավարությունը համառորեն կամենում է ներդնել այս համակարգը` հայտարարելով, թե մի շարք երկրներում արդեն այս առաջավոր փորձն իր արդյունքներն է տվել: Չենք ուզում կառավարութ յանը մեղադրել, բայց աշխարհի այն երկրներում, ուր արդեն ներդրել են, կան լուրջ դժգոհություններ:
Կուտակային համակարգը նախատեսվում է 30 տարվա համար: Այսինքն, այսօրվանից մարդիկ գումար են ներդնում, որպեսզի 30 տարի հետո իրենց իսկ ներդրած գումարը ստանան որպես կենսաթոշակ: Հայաստան պետությունը այսպես հրաժարվում է նաև իր քաղաքացուն կենսաթոշակով ապահովելու պարտականությունից: Սակայն այս համակարգն ի սկզբանե արատավոր է և հետապնդում է տնտեսական շահեր` քաղաքացիների հաշվին: Պարզենք այս միտքը: Համակարգի ներդրմամբ, կհամալրվի պետբյուջեն, կիրականացվեն տնտեսական համակողմանի ծրագրեր, ընդորում, կուտակային համակարգի գումարների հավաքագրումը հանձնարարելով ոչ թե Կենտրոնա կան բանկին, այլ մասնավոր կազմակերպության... Ուրեմն, երեսուն տարի շարունակ քաղաքացին իր աշխատավարձից ամեն ամիս 5-10 տոկոս է վճարելու, որպեսզի հետագայում ստանա կենսաթոշակ, իսկ իր վճարած գումարները նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը: Կարծես վատ գաղափար չէ: Սակայն համակարգի կողմնակիցները չեն մշակել համապատասխան գործիքներ, չեն հստակեցրել, թե արդյո՞ք հաշվի առնվելու են դրամի կուրսի փոփոխությունները դոլարի հանդեպ, կամ էլ, եթե ներդրվի այլ դրամական միավոր, ինչը հավանական է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, ապա ի՞նչ կուրսով են հաշվարկվելու արդեն վճարված գումարները: Կուտակային համակարգը խորացնելու է սոցիալական լարվածությունը նաև կենսաթոշակների նշանակման դեպքում, քանի որ այսօր ցածր աշխատավարձ ստացող մարդը ողջ կյանքում ապրելու է կիսաքաղց` երբեք չակնկալելով իր վիճակի բարելավում:
Համակարգին դեմ են նաև մինչև 500 հազար դրամ ստացող բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատողները, ովքեր այսօր արդեն համակարգին պիտի վճարեն ոչ պակաս, քան 50 հազար դրամ ամսական: Այսինքն, նրանց եկամուտներն էլ ըստ էության նվազում են, որպեսզի հետագայում, ինչ-որ անորոշ ժամանակում և անորոշ սկզբունքներով, բարձր կենսաթոշակ ստանան... Այսօր ապրիր ոչ լավ, որպեսզի կենսաթոշակի անցնելուց հետո լավ ապրես... Մոտավորապես այսպես է ստացվում:
Խորհրդարանում շատ պատգամավորներ են հորդորում իշխանություններին հրաժարվել այս քայլից, հետաձգել կենսաթոշակների կուտակային համակարգի ներդրու մը, բայց իշխանությունները վճռական են տրամադրված: Վճռական, որովհետև 2014-ի բյուջեն ուզում են կատարել նաև համակարգին արված վճարումներից:
Լ.Մ.