Թուրքական ձեռագիր


Ուրիշինը յուրացնելու անգերազանցելի տաղանդով` թուրքերը հերթական մշակութահենությունն են ձեռնարկել: Հիմա էլ բյուզանդական վանքն են մզկիթ դարձնում: Տարիներ հետո, երևի, այս հինավուրց կառույցը ևս կփորձեն ներկայացնել որպես իրենց դարավոր ազգ լինելու «առհավատչյա»:

Ստամբուլում գտնվող Ստուդիոն վանքը հիմնադրվել է 5-րդ դարում, երբ քոչվոր թուրքերի գոյության հեռանկարն անգամ չկար: Իսկ այդ կառույցն, անշուշտ, կրում է հնամենիության դրոշմը: Ինչպես տեղեկացրել է Hurriyet DΖily News-ը` վանքը (ավելի ստույգ` դրա ավերակները) մզկիթ կդառնա 2014 թ. վերանորոգումից հետո: Արդյո՞ք այդ վերականգնումը ձևախեղում, սեփական ձեռագիրը թողնել չի նշանակում: Իսկ կրոնական կազմակերպություններից դեռևս արձագանք չի հնչել (նշել է AFP-ն):

Նախկինում մզկիթների են վերածվել Սուրբ Սոֆիայի երկու տաճարները` Տրապիզոն և Իզնիկ քաղաքներում: Ներկայումս էլ Թուրքիայում բանավեճեր են սկսվել ստամբուլյան գլխավոր հուշարձանի` դարձյալ բյուզանդական դարաշրջանի կոթող Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ, որն արդեն իսկ հայտնի է որպես Այա-Սոֆիա մզկիթ: Այն հիմա թանգարան է, սակայն փոխվարչապետ Բյուլենթ Առինչը վերջերս հայտարարել է, որ կամենում է այդ թանգարանի մեջ վերականգնել մզկիթը, որը գործել է Օսմանյան կայսրությունում:

Ստուդիոն կամ Ստուդիական վանքը բյուզանդական դարաշրջանի ստամբուլյան ամենանշանավոր կոթողներից է: 15-րդ դարում թուրքական տիրապետության տակ անցնելուց հետո վանական համալիրի գլխավոր եկեղեցին վերածվեց մզկիթի: Մարդիկ շրջանցեցին այդ սրբապղծությունը: Բնությունը, սակայն, ընդվզեց. 18-19-րդ դարերում հրդեհներն ու երկրաշարժերն ավերեցին բռնափոխված կառույցը: 19-րդ դարի դարավերջին և 20-րդի սկզբներին վանքի կառույցներում գործել է ռուսական հնագիտական ինստիտուտը: Իսկ 1946-ին համալիրի ավերակները դարձան թանգարան: