ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ


Կարծես արդեն վերջնական է այն որոշումը, որ Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությունները տեղափոխվում են Գյումրի: Անգամ խոսվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ այդ քաղաք էր այցելել` վարչական շենքերի հարցեր լուծելու մտադրությամբ: Սակայն, ինչպես տեղեկացանք, նա շենքեր չի փնտրել նշյալ գերատեսչությունների համար...…

Ինչո՞վ է պայմանավորված երկու առանցքային նախարարությունները Գյումրի տեղափոխելու ցանկությունը. արդյո՞ք նախարարությունների գտնվելու վայրով է պայմանավորված այս կամ այն քաղաքում ոլորտների բարելավումը:

Մի կողմ թողնենք արդեն մեր կողմից նախկինում արծարծված այն խնդիրը, որ նախարարությունների տեղափոխությունն ընդամենը կուսակցություններից մեկի պոպուլիզմի հետևանքն է: Այժմ խոսենք արդյունավետության մասին, այն մասին, թե, ասենք, Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելով` ի՞նչ կունենա Գյումրին և ի՞նչ կկորցնի երկիրը: Շիրակի մարզն ու Գյումրին ունեն ոչ ավել, քան մոտ 170 հազար առկա բնակչություն: Մշակութային օջախների թիվը մեծ չէ, իսկ ահա մշակութային կառավարմամբ զբաղվում են Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը` ունենալով համապատասխան վարչություն և բաժին: Այսինքն, կան բոլոր նախադրյալներն այստեղ մշակութային համակողմանի ծրագրեր իրականացնելու համար: Մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ Մշակույթի նախարարությունը տեղափոխելով Գյումրի, իշխանությունները ցանկություն ունեն նրան հանձնարարելու քաղաքի ու մարզի մշակութային կառավարման գործառույթները: Այսինքն, Մշակույթի նախարարութ յան նշանակության և գործառույթների սահմանափակում և կենտրոնացում միայն լոկալ խնդիրների՞ն: Կարծես թե այսպես է ստացվում... Այլ բացատրություն նախաձեռն ության հեղինակները չունեն: Նրանք նաև խոսում են այն մասին, որ Գյումրիում մի քանի աշխատատեղ կստեղծվի: Ասենք թե, երևանաբնակ քաղծառայողներն ազատվում են աշխատանքից, նրանց փոխարեն նշյալ նախարարությունում աշխատանքի են անցնում գյումրեցիներ: Իսկ ի՞նչ են անելու երևանաբնակները, ովքեր ունեն քաղծառայության դասային աստիճաններ: Նրանք, ուրեմն, դառնում են գործազուրկներ: Նախարարությունը համակարգում է ողջ պետության համապատասխան ոլորտի գործունեութ յունը, մինչդեռ այս դեպքում այն տպավորությունն է, թե նախաձեռնության հեղինակները կամենում են Գյումրին զարգացնել սոսկ ձևականորեն, քանզի նախարարության տեղափոխմամբ չեն փոխվում պետական ծրագրերը, չի ավելանում Գյումրու բյուջեն, չեն ավելացվում մշակութային օջախները...

Մի կարևոր հանգամանք ևս կա, որի հետ պետք է հաշվի նստեն գաղափարի կողմնակիցները: Դա տրանսպորտային փոխադրումների հարցն է: Մշակութային օջախների գերակշռող մեծամասնությունը գտնվում է մայրաքաղաքում, և նախարարությունն ամենօրյա կապի մեջ է նրանց հետ: Հիմա նախարարություն գնալ-գալու համար մայրաքաղաքային մշակութային օջախների պատասխանատուները պիտի ծախսեն առնվազն 3 ժամ, իսկ ձմռան ամիսներին` ավելի շատ, քանի որ ճանապարհները երբեմն դառնում են անանցանելի: Իսկ ահա մարզերից Գյումրի հասնելու համար ճանապարհին պիտի ծախսեն շատ ավելի մեծ ժամանակ: Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքու նիքից Գյումրի հասնելու համար ճանապարհը պիտի կրկնապատկվի, Կապանից նախարարություն գալու համար պիտի ծախսեն մեկ ամբողջ օր, գիշերեն Գյումրիում... Տրանսպորտային և գործուղման ինչպիսի ծախսեր են լինելու, ու ո՞վ է վճարելու այս ամենի դիմաց: Իսկ նրանք, ովքեր չունեն տրանսպորտային միջոցներ, պիտի օգտվեն միջքաղաքային տրանսպորտից: Ինչպե՞ս օգտվեն, երբ Գյումրիից ժամը 16-ից հետո ընդհատվում է կապը Վանաձորի հետ, իսկ մյուս մարզերի հետ տրանսպորտային կապ գոյություն չունի:

Մայրաքաղաքում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար նախարարը և փոխնախարարը ամեն օր պետք է բացակայեն նախարարությունից, ինչն էլ նշանակում է` աշխատանքի արդյունավետության անկում:

Նույն մեկնաբանությունները վերաբերում են նաև Սպորտի և երիտասարդության նախարարությանը: Մինչդեռ Շիրակի մարզում մշակույթի ու սպորտի զարգացման համար շատ ավելի այլ ուղիներ կան: Կարելի է մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համապատասխան վարչության և բաժնի գործունեությունը դարձնել առավել նպատակասլաց` դրանք համալրելով արհեստավարժ մասնագետներով, ավելացնելով պետական սուբսիդիան և պետական աջակցության գումարները, մշակութային և սպորտային քաղաքականության գերակա ուղղություններից հռչակել Շիրակի մարզը...

Դա առավել գործնական քայլ կլինի...