ՇՈՈՒ - ԲԻԶՆԵՍՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
«Հայաստանի ձայնը» մրցույթը գրեթե առաջին օրվանից դարձավ շատերի ուշադրության առարկան ոչ այնքան կատարումների որակների պատճառով, որքան` ներքին ինտրիգներով: Դրանցից գլխավորն առնչվում է երգիչ և հաղորդավար Սամվել Գրիգորյանի դստերը` Նարեին:
«Կույր լսումների» ժամանակ «փորձագետները» մի հրաշալի թատրոն խաղացին` իբրև չիմանալով, որ մասնակցում է իրենց ընկերոջ աղջիկը: Հետո Նարեն ինքը «մտորելով» որոշեց, թե ով է լինելու իր մարզիչը... Մրցույթի հետագա օրերին շատերն էին խոսում այն մասին, որ Նարեն շնորհալի է, սակայն չի գերազանցում մրցույթի շատ մասնակիցների, անգամ մրցույթին չանցած կամ դուրս մնացող երգչուհիներից ավելի վատ կատարումներով է հանդես գալիս: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ իր վերջն ունի, ու երգիչ Հայկոն դուրս թողեց Նարեին հետագա պայքարից: Մասնագետներից շատերի հավաստմամբ, սա միանգամայն ճիշտ որոշում էր: Եվ ահա հայկական շոու-բիզնեսում սկանդալ է հասունանում, որովհետև Սամվել Գրիգորյանը չափազանց զայրացած լինելով իր գործընկերոջ նկատմամբ, որոշել է ինչ-որ ձևով արձագանքել` անգամ դիմելու խոսակցության «տղամարդկային» մեթոդներին...
Գուցե չանդրադառնայինք այս կատարվածին, եթե հայկական շոու-բիզնես կոչվողը չհայտածվեր իր բազմաթիվ անընդունելի կողմերով, թայֆայականությամբ, գզվռտոցով, ոմանց կողմից ողջ շոու դաշտը տիրելու նկրտումներով: Տարբեր մրցույթներ արդեն վերածվում են տնավարության, ծանոթ-բարեկամի «առաջխաղացման»: Հաճախ սուբյեկտիվ ու կանխորոշված ընտրությունները վնասում են շատ շնորհալիների, նրանց դուրս մղում մրցույթներից` նրանց տեղը վերապահելով ծանոթներով, բարեխոսությու ններով առաջ մղվողներին: Բազմիցս խոսվել է այն մասին, որ մեր չկայացած, սակայն մեծ հավակնություններով ապրող շոու-բիզնեսում շատ շնորհալիների համար անհնար է ճանապարհ հարթել, որովհետև արդեն իսկ իբրև հռչակվածներն ամեն ինչ ենթարկել են իրենց կամքին ու ցանկությանը, իրենց ամբիցիաներին: