ՀՐԱԺԱՐԻՄ, ՀՐԱԺԱՐԻՍ, ՀՐԱԺԱՐԻ…


Վերջին մի քանի օրերի հրաժարականների շարքը կարելի է բնականոն և քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց համարել: Մանավանդ, որ երկիրը նախապատրաստվում է ընտրությունների, որոնցից առաջ անհրաժեշտ է մաքրել «ավգյան ախոռները»: Սակայն հազիվ թե այս պարզունակ բացատրություններով հնարավոր լիներ ներկայացնել հատկապես ոստիկանապետի և ԱԺ նախագահի հրաժարականները, երբ երկուսն էլ ամենաառանցքային դեմքերից են պետության մեջ, երբ հատկապես ԱԺ նախագահը դասվում է երկրի ամենահարուստ օլիգարխների շարքին` հսկայական ազդեցություններ ունենալով ներքաղաքական կյանքում` յուրովի «կամրջելով» Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Ուշագրավն այն է, որ արդեն նախկին երկու պաշտոնյաներն էլ Արարատի նախկին մարզպետներ են, այսպես ասած` «արարատյան» թևի ներկայացուցիչներ: Սակայն այս արարատյան ծագումնաբանությունը չէր կարող էական դեր կատարել նրանց պաշտոնանկությունների մեջ, եթե չլինեին շատ ավելի կարևոր և «խորքային» հիմնավորումներ: Ոստիկանապետի` ակնհայտ դարձած դիլետանտիզմը, համակարգի ներսում բացահայտված կոռուպցիոն աղաղակող երևույթները, միջանձնային-միջպաշտոնական «քցոցիները» արդեն իսկ բարոյական կազմաքանդման էին տանում ոստիկանութ յունը` խաթարելով հավատն ու վստահությունը նրա հանդեպ: Իսկ ահա ԱԺ նախագահի դեպքում շատ ավելի հզոր էր «ժողովրդական բանահյուսությունը», ըստ որի` նախապատրաստվում էր «ներպալատական խարդավանք»... Արդյո՞ք հիմնավոր են շրջանառվող խոսակցությունները, արդյո՞ք ԱԺ նախագահն իսկապես որոշակի դերակատարություն ուներ կոալիցիայի ներսում խմորվող որոշ «գործընթացների» հետ` ցույց կտա ժամանակը: Սակայն պարզ ու անշրջելի է իրողությունը, որ երկրի Նախագահը վճռական իր քայլը կատարեց` այսպես ասես մոռացողներին հիշեցնելով, թե ով է, այնուամենայնիվ, երկրում ղեկավարում «շքերթը»: Հրաժարականների և պաշտոնանկությունների շարքն, իհարկե, հզորացնում է Նախագահին, նրա դիրքերը դարձնում առավել անկասելի և միաժամանակ ամրապնդում նախընտրական մարտավարությունը... Բնականաբար, ծափեր և որոտընդոստ բացականչություններ պետք չեն, պետք չեն հիացումի կամ այպանանքի խոսքեր, քանի որ դեռ ուրիշ զարգացումներ էլ են սպասվում, դեռ պաշտոնանկութ յունների շքերթը չի ավարտվել: Սակայն այժմ արդեն արդիական է դառնում այն մտահոգությունը, թե, արդյո՞ք այս պաշտոնանկությունները դաս կլինեն բոլոր այն պետական պաշտոնյաների և չինովնիկների համար, ովքեր «խայտառակել ռեսպուբլիկա», ովքեր սկիզբ են դրել ամենաթողությանը` սեպ խրելով հասարակության և իշխանության միջև: Ցանկացած գործընթաց կարելի է ողջունել, եթե այն իրականում արմատավորում է շրջափոխումների և բարեփոխումների սկզբունքները, առողջացումները դարձնում շարունակական: Կարելի է ենթադրել, որ բարեփոխումներ ու հիմնավոր քայլեր կլինեն, քանզի ամեն մի նոր նշանակում ձևավորում է նոր «փիլիսոփայություն» և նոր մտածողություն: Հետևաբար` հավատանք, որ մեր սպասումներն իրականություն կդառնան: Ախր շատ-շատերը հոգնել են ստեղծված վիճակից, արմատավորված քաղաքական ու տնտեսական բարքերից, որոնք էլ հենց ծնում են բարոյական-հոգեբանական ավերում ներ, խաթարումներ, սոցիալական անհամաչափությունները երբեմն հռչակում օրինաչափություններ...