ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ


Թռչկանի ջրվեժի շուրջ խմորումները չեն դադարում: Ճիշտ է, արդեն որոշում է կայացվել, որ բնության այս հրաշալիքը պետք է պահպանվի, իսկ հէկ-ը պետք է կառուցվի մեկ այլ վայրում, սակայն ակտիվիստները շարունակում են իրենց պայքարը: Նրանք համոզված են, որ որոշումը կայացվել է միայն մի պատճառով. ժամանակավորապես շեղել հանրության ուշադրությունը, մոռացնել տալ ջրվեժին սպառնացող վտանգի մասին, իսկ հետո շարունակել սկսած նախաձեռնությունը: Նման համոզմունք են հայտնել բնապահպանները, քանի որ նրանք մինչև օրս չեն ստացել Բնապահպանության նախարարության վճռական դիրքորոշումն ու որոշումը` շինարարությունը դադարեցնելու մասին: Իր դիրքորոշումը չի հայտնել նաև Շիրակամուտի գյուղապետը, ով, թերևս, այս պատմության գլխավոր դերակատարներից մեկն է... Ավելացնենք, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, թե իրենք սահմանափակումներ են մտցնում, որպեսզի կառուցապատողին հնարավորություն տան` շարունակելու աշխատանքները: - Հակառակ պարագայում իրենք վարկային ռեսուրսներ ունեն ներգրավված, և հնարավոր է, որ դատական գործընթացների առաջ կանգնենք,- ասել է նախարարը: