ԻՍՐԱՅԵԼԸ ՈՐՈՇԵԼ Է ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ


Իսրայելի Կնեսետը վերջապես հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատրաստվում է սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումները` հեռանկարում պաշտոնապես ճանաչելու այն: Իսրայելի իշխանական շրջաններն, իհարկե, այնքան էլ խանդավառված չեն Կնեսետի նախաձեռնությամբ: Բայց այսօր արդեն պաշտոնական Թելավիվը որոշել է ամեն կերպ պատժել Թուրքիային` այս ձևով լուծելով մի շարք հարցեր: Աշխարհաքաղաքական նոր զարգացումներում Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում և Թուրքիային դուրս մղի գերակայությունների պայքարից: Իսկ դրա համար լավագույն միջոցներից մեկն էլ դիտվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն իսրայելական շրջանակներում տարբեր կերպ են մեկնաբանում: Քաղաքական գործիչների և հանրային ներկայացուցիչների մի մեծ խումբ այն համոզմունքին է, թե Իսրայել պետությունը, որն աստիճանաբար որդեգրում է եվրոպական արժեքներ և մոտենում մարդասիրական ըմբռնումների համաշխարհային չափանիշներին, պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ հատկապես Իսրայելն է լավ գիտակցում ողջակիզման ու ցեղասպանության ողբերգությունը: Իսրայելի շատ գործիչներ այն համոզմունքն են հայտնում, որ հենց իրենք են պարտավոր կանգնել հայ ժողովրդի կողքին և դատապարտել ցեղասպանությունը` այդպիսով պայքար հայտարարելով ընդդեմ մարդկության գործվող հանցագործությունների դեմ: Սա նրանց անկեղծ ցանկությունն է: Այս դիրքորոշումն իսրայելական շատ գործիչներ ունեցել են տարիներ շարունակ, սակայն պաշտոնական Թելավիվի որդեգրած քաղաքականությունը խոչընդոտել է ազնիվ ցանկությունների իրագործմանը, Ցեղասպանության ճանաչմանը: Լինելով ԱՄՆ-ի գործընկերը և տարածաշրջանում տևական ժամանակ սերտ կապեր ունենալով Թուրքիայի հետ` Իսրայելն իրեն հեռու էր պահում ճանաչման գործընթացներից` պատմական ճշմարտությունը ստորադասելով քաղաքական շահերին: Քաղաքական շահերը, գիտենք, առաջնորդել և առաջնորդում են շատ պետությունների: Հենց վերջերս ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն անկեղծորեն խոստովանեց, որ բազմաթիվ անգամներ խնդրելով Կոնգրեսին` ամեն ինչ արել է, որպեսզի չճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Նման խնդրանքներով, հորդորներով, երբեմն էլ նաև քաղաքական շանտաժով հանդես են եկել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` այսպես առաջնային դարձնելով Թուրքիայի հետ ունեցած իրենց շահերն ու հետաքրքրությունները: Մինչև այսօր նույն սկզբունքով է առաջնորդվում Միացյալ թագավորությունը: Այնտեղ շատ լավ են հասկանում, որ Ցեղասպանության ճանաչման դեպքում ոչ միայն որոշակի բարդություններ կառաջանան Անգլիա-Թուրքիա հարաբերություններում, այլև կբացահայտվեն մի շարք ճշմարտություններ, որոնք երևան կհանեն նաև Անգլիայի նկատելի դերակատարությունը Ցեղասպանության իրագործման մեջ… Եթե Իսրայելի հանրային կարծիքը միշտ Ցեղասպանության ճանաչման հարցում եղել է սկզբունքային, ապա պաշտոնական շրջանները գրեթե ժխտելով ճշմարտությունը, երբեմն էլ կասկածի տակ դնելով` նպաստել են թուրքական քարոզչությանը, տեղ բացել թուրքական կեղծարարության համար: Սակայն այսօր արդեն շրջադարձ է գրանցվում: Ու թե անտեսենք քաղաքական գործընթացները և առաջնորդվենք զգացմունքային գնահատականներով, ապա կարող ենք ասել, որ Իսրայելի պաշտոնական տեսակետում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել, և այս երկիրն էլ կանգնել է Ֆրանսիայի կողքին, որը քաղաքական խիզախություն ունեցավ ճանաչելու Ցեղասպանությունը: Սակայն լավ գիտենք, որ ամեն ինչ թելադրվում է քաղաքական խնդիրներով և շահերով, քաղաքական կոնյուկտու րայով, որն էլ գերակա արժեքն է ժամանակակից աշխարհում: Ճանաչելով Ցեղասպանությունը, Իսրայելը, բնականաբար, թշնամանում է Թուրքիայի հետ, ստեղծում հարաբերությունների բարդություններ: Սակայն Թելավիվն արդեն իսկ յուրատեսակ պատերազմ է մղում Թուրքիայի դեմ, անում ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում Թուրքիան կորցնի իր հեղինակությունն ու ազդեցությունները: Բնականաբար, առաջինը հենց Թուրքիան հրահրեց հարաբերություն ների վատթարացումը` կարծելով, որ իրեն ամեն ինչ թույլատրելի է, որ ինքն էլ կարող է կատարել տարածաշրջանային ոստիկանի դերը, ինչը համաշխարհային քաղաքականության մեջ դարձել է Միացյալ Նահանգների մենաշնորհը: Սակայն Թուրքիան կորցրեց իրականության զգացումը, գերագնահատեց իր ուժերը, արհամարհեց մի շարք տերությունների, որոնք արդեն նկատելի քաղաքական դերակատարություն ունեն տարածաշրջանում: Թուրքիան իր առաջին հարվածներից մեկը հասցրեց Իսրայելին` կորցնելով հաշվենկատությունը: Մինչդեռ Իսրայելը չէր կարող կուլ տալ դառը հաբերը, չէր կարող համակերպվել, որ ձգտելով տարածաշրջանային գերիշխանության` Թուրքիան չգոյացնելու է նաև Թելավիվի ազդեցությունները: Ուրեմն, Մերձավոր Արևելքում սկիզբ է առել յուրատեսակ պատերազմ, որին կարող ենք դիրքային կոչել: Հենց այս իրավիճակն էլ իսրայելական իշխանություններին հուշեց գտնել ամենահուժկու հարվածը: Եվ ահա իսրայելական խորհրդարանը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչ ենթատեքստով էլ Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունը` շահողը Հայ Դատն է, հայությունն է: Եվ սա´ է կարևորը: Մնացյալը, ինչպես ասում են, ածանցյալ է: Գիտենք, որ Թուրքիան արդեն մեծ ծավալի աշխատանքներ է սկսել իրականացնել` խոչընդոտելու Ցեղասպանության 100-ամյակի նշմանը և այլ տերությունների կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Մշակվել է պետական քաղաքականություն, նորից ասպարեզ է նետվել մոլի հայատյաց և պատմական կեղծարար Հալաջօղլուն, նրան է միացել Միլլի մեջլիսի նախագահը: Իսկ այս հակահայ քարոզչության ճանապարհին Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումն ամենահուժկու հարվածը կլինի Անկարային, ինչով էլ Թելավիվը կպատժի Թուրքիային: Որոշ վերլուծաբանների կարծիքով` այս ճանաչումից հետո Թուրքիան կարող է մեծամասշտաբ ռազմական գործողություններ և սադրանքներ իրականացնել իսրայելական սահմանների մոտ, սակայն առավել իրատեսները հայտարարում են, որ, ինչպես Ֆրանսիայի դեպքում, Թուրքիան հարկադրված կլինի համակերպվել նաև Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստին…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ