Խայտառակություն զորամասերից մեկում Զինվորը, որպես վերջին միջոց, դիմել է «Չենք լռելու»-ին


(ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈւՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ) Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության թեժ գծին զանգահարել է Տավուշի մարզի Մեհրաբ համայնքում գտնվող 21127 զորամասի զինվոր, 1992թ. ծնված երևանցի Հովհաննես Մուշեղի Եսայանը: Նա հայտնել է, որ, ընդվզելով զորամասում տիրող խտրականության դեմ, իր դեմ է լարել իր պետերին` ի դեմս գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի: Վերջիններս, ըստ զինվորի, օգտագործելով կենցաղային վեճը, որոշում են կայացրել հաշվեհարդար տեսնել նրա հետ` ուղարկելով դատարան: Հովհաննես Եսայանի խոսքերով` զորամասի ղեկավարությունը, սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին, հոգացել է, որպեսզի նա երկամսյա կալանքի դատապարտվի: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց զորամասի ղեկավարությունը այն չի տրամադրում զինվորին: Ըստ Հովհաննեսի, դա արվում է, որպեսզի սպառվի դատական բողոքարկման համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը: Հեռախոսազրույցը ձայնագրվել և տարածվում է զինվորի խնդրանքով: Հեռախոսազրույցի ձայնագրությունն այսօր առավոտյան ուղարկվել է պաշտպանության նախարարություն: