ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ջոն Հեֆերնին` դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ վստահ է, որ դեսպանը դիվանագետի և ՆԱՏՕ-ում աշխատանքի տարիներին պաշտպանության, անվտանգության հարցերի շուրջ կուտակած մեծ փորձը կծառայեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում նաև պաշտպանական ոլորտի հարաբերությունների հետագա զարգացման և խորացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումները և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` դեսպան Հեֆերնը նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Իրաքում խաղաղապահ առաքելությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից ցուցաբերված և ցուցաբերվող աջակցությունը: Դեսպանը հավելել է, որ ողջունելի է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ամերիկյան կողմը պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և զարգացնել հարաբերությունները հայկական կողմի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Պանագիոտիսին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին` նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: