Սպան պետք է իմանա զինվորի արժեքը


1993-ից ծառայության անցնելով հայկական Զինված ուժերում, գնդապետ Խաժակ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ զբաղեցրել է տարբեր պաշտոններ` մշտապես աչքի ընկնելով խստապահանջությամբ և սկզբունքայնությամբ: Այս տարիների ընթացքում իր մեծ նվիրումն ու գիտելիքներն է ներդրել` ի նպաստ մեր բանակի հզորացման: Դեռ պատերազմական իրավիճակում` 1993-1994-ին, աշխատել է Հանրապետական զինկոմիսարիատի Մոբիլիզացիոն վարչությունում: Այնուհետև աշխատանքի է անցել Պաշտպանության նախարարության Կադրերի, Ռազմական կրթության վարչություններում: Գործուղվել է ՌԴ` որպես հայկական բանակի ներկայացուցիչ Սմոլենսկ և Տվեր քաղաքների ռազմական ակադեմիաներում: Վերադառնալով` նշանակվել է Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, իսկ շուրջ մեկ ամիս առաջ ստանձնել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի պետի պաշտոնը: Վաղը գնդապետի ծննդյան 50-ամյակն է: Հոբելյանի կապակցությամբ ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում ենք և մեծ եռանդ, տոկունություն, բազում հաջողություններ մաղթում` անչափ պատասխանատու իր աշխատանքում: - Այսօր բոլորն են գիտակցում ռազմական կրթության մեծ դերն ու նշանակությունը: Ի՞նչն եք հատկապես կարևորում ուսումնական գործընթացում: Ի՞նչ մասնագետներ են պատրաստվում այստեղ և ինչպիսի՞ հատկանիշներով պետք է առանձնանան: - Ուսումնական գործընթացն ըստ էության մարտական դաստիարակություն է: Այստեղ կրթում և պատրաստում ենք օդաչուներ, ՀՕՊ-ի մասնագետներ ու կապավորներ, որոնց նշանակությունը չափազանց մեծ է Զինված ուժերի համար: Չկա այնպիսի հզոր բանակ, որ ավիացիա կամ ՀՕՊ-ի զինատեսակներ չունենա: Յուրաքանչյուր տարեվերջին պլանավորվում է հաջորդ տարվա ուսումնական գործընթացի կազմակերպումը: Ի տարբերություն քաղաքացիական բարձրագույն ուսհաստատությունների, այստեղ առաջնահերթ են զինվորական գիտելիքները: Չափազանց կարևոր է բարձր ինտելեկտը, կրթված, հավասարակշռված լինելը: Հրամանատարը նաև ուսուցիչ է, սակայն նրա աշխատանքն ավելի մեծ բարդությունների հետ է կապված: Քանի որ բանակ զորակոչվում են հասուն երիտասարդներ` հաճախ նաև ոչ ճիշտ դաստիարակության արդյունքում սխալ կայացած: Նրանց պետք է վերափոխել, վերադաստիարակել, ուղղել: Մեր կուրսանտները, որպես զինվորական պետք է գերազանց տիրապետեն իրենց մասնագիտությանը և զինվորների հետ տարվող աշխատանքների հմտություններին: Նրանց պետք է կրթել որպես սպա: Առաջին իսկ օրվանից, որ նա մտնում է ուսհաստա տություն, պետք է ծառայության անցնի զինվորական կանոնադրության հիմունքներով: - Ինչպե՞ս կգնահատեք հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ: -Այսօր հաճախ ենք լսում բողոքներ, թե բանակում կան այնպիսի սպաներ, ովքեր թերանում են իրենց պարտականություններում: Հնչում են ծայրահեղացված կարծիքներ: Խնդիրն այն է, որ ոչ բոլորն են ճիշտ ընկալում իրականությունը: Ամեն ինչ չպետք է բարդել միայն հրամանատարի վրա: Իհարկե, ես ընդունում եմ, որ կան այնպիսի սպաներ, ովքեր ճիշտ կրթություն և դաստիարակություն չեն ստացել, սակայն նրանք փոքր տոկոս են կազմում: Շատ բան կախված է հասարակությունից: Դպրոցը, ընտանիքը թերանում են իրենց պարտականություններում և դժբախտաբար ամեն ինչ վերագրում են բանակին: Շատերը մոռացել են բանակի դերն ու նշանակությունը: Բանակը մանկապարտեզ չէ, երիտասարդին չպետք է անընդհատ հիշեցնես, որ քնելու ժամին պետք է քնել, ուտելու ժամին ուտել և այլն: Մեր Զինված ուժերում կան շատ կարգապահ, պարկեշտ սպաներ, ովքեր գիշերուզօր աշխատում են, զբաղվում զինվորների դաստիարակությամբ: Մի սրիկայի պատճառով քննադատությունը տարածվում է բոլորի վրա: Դատապարտում ու քննադատում են ամբողջ հրամանատարական կազմին: Չեն մտածում, որ զինվորականի համազգեստն ու ուսադիրները տքնաջան աշխատանքի արդյունք են: Այսօր ցավալի է հասարակության վերաբերմունքը: Անձամբ ինձ համար դա խիստ վիրավորական է: Չի կարելի մեկի բացթողումը տարածել բոլորի վրա: Աշխատանքի բերումով շատ եմ շփվել դպրոցականների հետ: Եղել են դեպքեր, երբ ուսուցիչները անգամ դժվարացել են աշակերտներին պահել դասարանում, սակայն այսօր այդ նույն ուսուցիչը կարող է «լեգենդներ» պատմել բանակի մասին: Տգեղ երևույթ է: Մեր ժողովուրդը միշտ հարգել է զինվորականին: Խորհրդային իշխանության տարիներին հարգում ու մեծարում էինք այլազգի սպաներին, հիմա, երբ մեր բանակն ունենք, անխնա քարկոծում են: Այն մարդիկ, ովքեր անհարկի դատափետում են բանակը, ամենաքիչը թշնամի են: Թերությունների մասին չի կարելի անընդհատ խոսել, այլ պետք է մտածել դրանք շտկելու ուղղությամբ: Ավելի շատ քննադատում ու բոլորին անպատվում են այն մարդիկ, ովքեր երբեք կապ չեն ունեցել բանակի հետ, անգամ չեն ծառայել: Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Բանակում գրանցվող դժբախտ պատահարները ցավալի են բոլորիս համար: Ընդունում եմ` կան թերություններ: Բայց ո՞ր բնագավառում բացթողումներ չկան: Տարբեր ՀԿ-ների անդամներ, որ նույնիսկ չգիտես ովքեր են, գոնե զինվոր եղե՞լ են թե՞ ոչ, գնում են զորամասեր և այնպիսի դիրք են ընդունում, կարծես քաջատեղյակ են ամեն ինչից: Եթե կան իսկապես բանակի խնդիրներով մտահոգ, սրտացավ ՀԿ-ներ, ապա պետք է նրանց կազմում ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր փորձ են ունեցել բանակում: Զորացրված սպաներ ու ազատամարտիկներ ունենք, ովքեր մահ են տեսել, գիտեն հայրենիքի ու զինվորի արժեքը: Այդպիսի մարդկանց է պետք ընդգրկել նմանատիպ կազմակերպություններում: Մեր ժողովուրդը շուտ մոռացավ, թե ովքեր են զինվորականները, անտեսում է, որ հաղթանակած բանակ ունենք, և չեն մտածում, թե օտարներն ինչու են հաշվի նստում մեզ հետ: Չի կարելի մոռանալ պատմությունը: Յուրաքանչյուրը պետք է հայացք ձգի դեպի անցյալ, հասկանա, թե ինչերի միջով ենք անցել և այսօր ուր ենք հասել: Իսկ ինչու հասարակությանը երբեք չի հուզում այն հարցը, որ պատերազմ անցած սպան զեկուցագիր է գրում և հեռանում Զինված ուժերից: Գիտե՞ք ինչու. հասարակության կողմից հարգանք չկա: Դա ցավալի է: - Երկար տարիներ անմիջական շփում ունենալով զինվորների հետ` ինչպե՞ս կբնութագրեք նրանց: Ի՞նչ է փոխվել հայ զինվորի նկարագրում: -Շատ կարգապահ, պարտաճանաչ զինվորներ ունենք: Այդուհանդերձ զինվորի դաստիարակության գործում բոլորն են պատասխանատու: Բոլոր օղակները` ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, հասարակություն, լրատվամիջոցներ… բոլորն ունեն պատասխանատվության իրենց բաժինը, որ նորակոչիկն ավելի պատրաստված մտնի զորամաս և կարողանա լսել ու կատարել հրամանները, թեկուզ` հրամանատարը կարող է իրենցից ընդամենը 2 տարով մեծ լինել: Իհարկե, շատ բան է փոխվել մեր բանակում: Մեծ առաջընթաց կա բոլոր առումներով: 20 տարի առաջ նույնիսկ չէինք կարող երազել, որ ռազմական ուսհաստատություններ կունենանք: Այսօր ունենք կիրթ սպայակազմ, իրենց գործի գիտակ սպաներ: Ինչ- որ չափով փոխվել է նաև զինվորի նկարագիրը: Եթե այսօր զինվորը համեմատա բար ավելի կիրթ է, ապա նախկինում ավելի հայրենասեր էր: Իհարկե, ասվածը չի տարածվում բոլորի վրա, բայց անընդհատ շփվելով երիտասարդների հետ, հանգել եմ այն համոզման, որ բացակայում է հայրենասիրությունը, շատերն առաջնորդվում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: Բայց հայրենիք ունեցող մարդը չի կարող այդպես մտածել: - Ձեր խորհուրդը զինվորներին: - Զինվորներին խորհուրդ կտայի չմտածել 2 տարին հենց այնպես` մի կերպ գլորելու մասին: Ամեն մի գիտակից երիտասարդ պետք է հասկանա, որ պետք է տիրապետի զինվորական գործին: Անկախ այն բանից` նա համալսարանակա՞ն, թե՞ ակադեմիական կրթություն ունի, միլիարդատե՞ր է դառնալու, թե՞ բանվոր` առաջին հերթին պետք է լինի իր հայրենիքի զինվորը: Որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել իր ընտանիքն ու հայրենիքը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ