Ազատության չվերադարձված պարտքը


Հայ և բուլղար ժողովուրդների ճակատագրերում ընդհանուր ընդամենը մի բան կա` թուրքական տիրապետությունն ու կոտորածները: Ու թեև այս վերջինիս ծավալները բացարձակապես անհամատեղելի են, բայց գազանության չափը նույնն է: Տասնյակ հազարավոր բուլղարացիներ իրենց մարմնի վրա են զգացել թուրքական յաթաղանի կաթվածահար անող սառնությունն ու արյունաքամ եղել հոգեվարքի ջղաձգումներում: Իսկ հետո պատմական ճանապարհները տարանջատվել են ու հանգրվանել տրամագծորեն տարբեր բևեռներում: Նրանք ապրում են իրենց պատմական հայրենիքի ողջ տարածքում (թեև մինչ օրս էլ շարունակում են իրենցը համարել Մակեդոնիան ու էլի որոշ տարածքներ), մենք ծվարել ենք մեր պատմական հայրենիքի 1/10 մասում: Բուլղար ու թուրք զինվորները ՆԱՏՕ¬ի շրջանակներում դարձել են «զինակից եղբայրներ», մեր ֆիզիկական գոյության երաշխիքը դարձյալ ռուս զինվորն է: Այն զինվորը, ում ապուպապերը նույնպես ռազմական շինելները հագներին, օսմանյան 500-ամյա լծից ազատագրեցին Բուլղարիան` տալով շուրջ 300 հազար մարդկային կորուստ` սպանված, վիրավոր ու հիվանդություններից մահացած: Եվ որպես շնորհակալություն, ի նշան երախտագիտության` երկու անգամ էլ ստացան… բուլղարական դանակի հարված թիկունքից: Առաջին աշխարհամարտը ոչ միայն ազատ արձակեց երիտթուրքերի ձեռքերը` հայկական եղեռն իրականացնելու համար, իսկ դրա առաջ բերած հետևանքները, որքան էլ որ անհավանական թվա, կործանեցին Ռուսական կայսրությունը: …1876 թ. ապրիլին Բուլղարիայում թուրքական տիրապետության դեմ բարձրացված ապստամբությունը բռնկվեց մի տեսակ ինքնաբերաբար. դեպքերի բերումով, առանց անհրաժեշտ նախապատրաստության ու գործողության ծրագրի` ի պատասխան քարանձավային ժամանակներ հիշեցնող դաժանության: Որքան էլ ցանկալի էր խուսափել այդ գազանությունների մանրամասները շարադրելու անհրաժեշտությունից, բայց առանց դրա գոնե նվազագույն ներկայացման անհնարին կլինի հասկանալ կամ բացատրել հաջողության ոչ մի հույս չունեցող այդ հուսահատ ձեռնարկի դրդապատճառ ները: Ահա հակիրճ մի մեջբերում նույն տարվա մայիսին «Բուլղարական ժողովրդական կոմիտեի կոչից»` ուղղված… իրենք էլ չգիտեն թե ում. «Իրենց հայրերի ու մայրերի աչքերի առջև տներում, փողոցներում ու հրապարակումներում և անգամ եկեղեցու զոհասեղանների վրա երիտասարդ աղջիկներն ու տարեց կանայք հրապարակավ անարգանքի են ենթարկվում ու հետո սպանվում. նրանց մորթում են կամ կենդանի այրում, այրում են դպրոցներն` աշակերտների և ուսուցիչների հետ միասին, իսկ կենդանի մնացածներին վաճառում են ստրկության… Եվրոպան տեսել ու տեսնում է այս ամենը, բայց մեզ օգնության ձեռք չի մեկնում, ու այժմ էլ մենք նրանցից ոչինչ չենք սպասում և այլևս նրանց չենք հավատում»: Ապստամբությունը մեծ ծավալներ չէր ընդգրկել և դրան անհաղորդ բնակավայրերի (հիմնականում` գյուղերի) թիվն անհամեմատ ավելին էր, քան կռվի ելածներինը: Սակայն դա բացարձակապես ոչ մի դեր չխաղաց թուրքական պատժիչ ջոկատների համար` արյունալի հաշվեհարդար տեսնելու թե´ առաջինների ու թե´ երկրորդների հետ: Ահա ևս մի կարճ մեջբերում. «121 այլ գյուղերի հետ վարվեցին ճիշտ նույն կերպ. կանանց բռնաբարեցին, իսկ երեխաներին կտոր¬կտոր արեցին: Բաշիբոզուկները (ինչպես միշտ. թուրքական կանոնավոր զորքերին ուղեկցում էր մեծաթիվ այս խուժանը-Ռ. Ա.) բռնում էին երեխաների ոտքից կամ ձեռքից, սրի մի հարվածով երկու կես անում նրանց ու անցնում հաջորդին: Առավել ճարպիկները նրանց երկու կես էին անում գոտկատեղից հորիզոնական հարվածով…»: Սրի քաշված բուլղարացիների թիվն անցնում էր 30 հազարից: Ու թեև այս ապստամբությունն իր ընդգրկումով և մասնակիցների քանակով ամենևին էլ ամենանշանակալիներից չէր, բայց մի շարք պատճառների ու հանգամանքների բերումով, հատկապես դա դարձավ Թուրքիային Ռուսաստանի կողմից պատերազմ հայտարարելու առիթ: Ապստամբության ճնշումից անցած երկու տարիների ընթացքում բուլղար ժողովրդի տառապանքներն է´լ ավելի էին ահագնացել: Պատմել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի մասին` այստեղ բնականաբար անհնարին է, բայց ներկայացնենք շարադրանքի ընդհանուր ուղղվածությանը միտված մի քանի դրվագ: Նախ ընդգծենք, որ այդ երկու կայսրությունների միջև մղված անհաշիվ պատերազմների արդյունքն ասես ի սկզբանե կանխորոշված լիներ` դրանք բոլորն ավարտվում էին ռուսական զենքի փայլուն հաղթանակով: Եվ դա մի տեսակ տպավորություն է ստեղծում, թե դրանք բոլորը եղել են «թեթև զբոսանքներ»: Իրականում այդպես չէր: Թուրքերը դիմադրում էին, երբեմն կատաղորեն, երբեմն հուսահատ` մինչև վերջին մարդը: Ճիշտ է, հաճախ նաև պարզապես խուսափում էին մարտի բռնվել կամ ուղղակի փախչում էին: Ահա և խնդրո առարկա պատերազմն էլ ամենևին «փոքր արյամբ» չէր, ինչը պարզ երևում է արդեն իսկ հիշատակված կորուստների թվից: Այսօր ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ընդամենը ինչքան ռուս կամ այլազգի զինվոր ոտք դրեց Բուլղարիայի հողին. բայց եթե միայն կորուստների թիվը 300 հազար է, ապա երևի թե մի այդքան էլ պետք է որ կենդանի զորք լիներ: Իսկ գիտե՞ք, թե իրենք` բուլղարացիներն ինչ մասնակցություն բերեցին իրենց իսկ ազատագրման համար մղվող այդ պայքարին: Տարբեր աղբյուրներ նշում են նվազագույնը 5, առավելագույնը` 7 հազար բուլղարացի կամավորների թիվը: Այսինքն, յուրաքանչյուր 100 հազար ռուսական զորքերի կողքին կռվում էր մոտ հազար բուլղարացի: Մի տեսակ տխուր թվաբանություն չէ՞: Իսկ Ռուսաստանում Ալեքսանդր II¬ը վերջնական որոշում կայացրեց սուր մերկացնել (նա արեց դա առանց առանձնակի մի ոգևորության, անգամ ինչ¬որ տեղ իր կամքին հակառակ) այն բանից հետո միայն, երբ ողջ ռուսական հասարակությունը մի ձայնով նրանից պահանջում էր «փրկել մեր սլավոն եղբայրներին»: Ճիշտ է, ինչպես միշտ, պատերազմ էին պահանջում և ամենից բարձր գոռում նրանք, ովքեր իրենք չէ, որ պետք է հարձակման գնային թշնամու մահացու համազարկերի տակ: Ծանոթանանք այդ պատերազմում ռուսական զորքերի 4¬րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Պ. Դ. Զոտովի օրագրի մի քանի տողերին: Նա իր ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել մղվող մարտերին, և ներկայացվող հատվածն ուղղակի տարակուսանք ապրող զինվորի «բարձրաձայն մտորումներ» են, այլ ոչ ռազմական գործողությունների նկարագրություն. «13¬ը դեկտեմբերի, 1877 թ. ¬ Ահա արդեն մի շաբաթ է, ինչ բավական ցուրտ եղանակ է: Բուլղարական տներում, որտեղ չկան վառարաններ, դա առանձնապես է զգացվում: Փայտն այնքան թանկ է, որ երկաթյա վառարանի ամեն վառելը 1 ֆրանկից էժան չի արժենում: Բուլղարներին ավելի մոտիկից ճանաչելը ավելի ու ավելի քիչ համակրանք է հարուցում նրանց նկատմամբ: Նրանք շատ նման են հրեաներին, նրանց առանձնահատուկ հատկանիշը փող դիզելու մոլուցքն է, իսկ շահագործում են մեզ` իրենց փրկիչներին: Ամեն ինչի գինը անհավատալի չափով աճել է»: Այնուհետև բերվում են կոնկրետ թվեր, թե որքան է բարձրացել սննդամթերքի, անասնակերի, վառելափայտի, խմիչքի ու անգամ մոմերի գինը: Ճիշտն ասած, տարակուսելու առիթ իսկապես կար. ռուսները հարյուր-հազարավոր իրենց լավագույն զավակների կյանքն էին զոհում բուլղարացիներին ամենավայրագ բռնակալությունից ազատագրելու համար, իսկ այդ «սլավոն եղբայրներն», օգտվելով առիթից, ուրախ¬ուրախ բարձրացնում էին… նույնիսկ մոմերի գինը: Կարծում եմ, որ նույնանման հանգամանքներում արևմտահայ մեր նախնիներն իրենց ունեցած վերջին կտոր հացը պարզապես կկիսեին ռուս զինվորի հետ: 1878 թ. փետրվարի 12¬ին ռուսական զորքերը մտան Կ. Պոլսից ընդամենը 13 կմ հեռավորության վրա գտնվող Սան¬Ստեֆանո ու… շուրջ 5 ամիս անշարժ կանգնեցին այնտեղ: Սկսվել էր այն, ինչը և սովորաբար լինում էր ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո` Անգլիայի գլխավորությամբ Եվրոպան անում էր ամեն ինչ` մարտի դաշտում տարած փայլուն հաղթանակները բանակցութ յունների սեղանի շուրջ զրոյի հավասարացնելու համար: Ու հերթական անգամ հասնում իր ուզածին: - Սա իմ կյանքի ամենասև օրն է,¬ ¬ այս խոսքերով է Բեռլինի պայմանագրի տեքստը միապետին հանձնել ավելի քան քառորդ դար Ռուսաստանի արտգործնախարարությունը գլխավորած իշխան Ա. Մ. Գորչակովը: - Իմը նույնպես,¬ մռայլորեն արձագանքել է Ալեքսանդր II¬ը… (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ