Սպիտակ տան ուրվականն ու տեսիլքները


Համենայն դեպս yoki.ru¬ն դրանց գոյությունը հաստատող փաստեր է արձանագրել: Ասում են` որքան հարուստ է տվյալ տեղավայրի պատմությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ այնտեղ անտես տնօրեն են ուրվականները: Միացյալ Նահանգներում տեսիլքների քանակով ռեկորդակիր է համարվում Սպիտակ տունը, ուր «հանգրվանել» են երկրի հանգուցյալ նախագահների, ինչպես նաև սև կատվի ուրվականները: Հատկապես վերջինի երևալը, ասում են` պետական մասշտաբի դժբախտություն է նախագուշակում: Սպիտակ տան թերևս ամենագլխավոր տեսիլքաբնակը Աբրահամ Լինքոլն է` սպանված 1865 թ.: Նրա ուրվականը իր երբեմնի նստավայրում պարբերաբար սկսել է երևալ նրա մահից անմիջապես հետո: Նրան առաջին անգամ տեսել է Գրեյս Քուլիջը` նախագահ Քելվին Քուլիջի կինը. Լինքոլնի ուրվականը կանգնած է եղել Օվալաձև կաբինետում և մտահոգ հայացքով նայել է ներքևում ձգվող Փենսիլվանիա պողոտային: Առժամանակ հետո նրան տեսել են նաև ուրիշները` դարձյալ Օվալաձև սրահի պատուհանից նայելիս: Լինքոլնի տեսիլքը հատկապես հաճախ է երևացել նախագահ Ռուզվելտի կառավարման ժամանակներում: Նրա երիտասարդ քարտուղարուհիներից մեկը մի օր մտել է այն սենյակ, որը նախկինում եղել է Լինքոլնի ննջարանը և… «տեսել» է, որ հանգուցյալը մահճակալին նստած կոշիկների քուղերն է կապում: Օրեր անց սպասուհին նույն սենյակում տեսել է դրա նախկին տիրոջ կերպարանքը` բուխարին վառելիս: Ի դեպ, այդ սենյակն արդեն եղել է երկրի առաջին տիկին Ռուզվելտի աշխատասենյակը: Տիկինն իհարկե, ոչ մի անգամ այդ տեսիլքին չի հանդիպել, բայց նրան մշտապես թվացել է, թե անտեսանելի ինչ¬որ մեկը հետևում է իրեն: Պաշտոնական այցով Ռուզվելտի մոտ եկած Հոլանդիայի Վիլհելմին թագուհուն մի գիշեր արթնացրել է ննջարանի դռան թակոցը. շեմին «կանգնած» է եղել Լինքոլնը… Հարրի Տրումենը նույնպես հավաստիացրել է, որ տեսել է Լինքոլնին: Ավելին, ասում են, թե ուրվականը կապ է ստեղծել Տրումենի դստեր հետ. երեկոներն աղջիկը հաճախ փակվել է սպանված նախագահի ննջարանում և երկար զրուցել տեսլապատկերի հետ: Նույնիսկ խոսակցություններ են պտտվել, թե հայրը նրա միջոցով որոշ խորհուրդներ է հարցրել իր նախորդի ոգուց: «Տեսիլային նախագահ» է նաև Էնդրյու Ջեքսոնը: Հավանաբար մահից հետո նա ուրվական է դարձել այն պատճառով, որ կենդանության օրոք հրապուրվել է ոգեհարցությամբ: Բացի այդ, նա ճանաչված էր որպես կնամեծար այր: Եվ ահա մահից հետո, երբ ջահել քարտուղարուհիներն անցնում էին Վարդագույն ննջարանի նրա մահճակալի կողքով` տարօրինակ ծիծաղի ձայն էին լսում: Նրանցից մեկը` Լիլիան Պարկսը, հիշում է. - 1961 թ. Վարդագույն ննջասենյակում ես հարդարում էի Վաշինգտոն այցելած Ելիզավետա թագուհու համար նախատեսված անկողինը: Կռացա ու հանկարծ թիկունքիս և ավելի ներքևում ինչ¬որ մեկի վստահ ձեռքերի հպում զգացի: Մազերս բիզ¬բիզ կանգնեցին, որովհետև սենյակում ոչ ոք չկար: Բայց երբ հնչեց ծանոթ ծիծաղը, ես կռահեցի, թե դա ում արարքն է և գնդակի արագությամբ դուրս թռա սենյակից: Վուդրո Վիլսոնի ուրվականն էլ հաճախ տեսնում են` ճոճաթոռին օրորվելիս: Իսկ Ջորջ Բուշի կրտսեր դստեր` Ջեննայի պատմածը հրապարակվել է Texas Monthly ամսագրում. - Մի անգամ իմ սենյակի պատի վառարանից լսվեց ինչ¬որ մեկի երգը: Ինչ¬որ մեկը օպերային արիա էր երգում: Երբ այդ մասին պատմեցի քրոջս` Բարբարային, նա չհավատաց: Բայց հաջորդ շաբաթ, երբ մենք երկուսով էինք իմ ննջարանում, լսեցինք դաշնամուրի նվագ: Իմիջիայլոց` հենց Հարրի Տրումենը, ով պատմել էր սպանված Լինքոլնի ստվերի մասին, հանգստանալիս սիրում էր ժամերով դաշնամուր նվագել: Գուցե հետմահու ի՞նքն էլ ուրվական էր դարձել: Ինչ վերաբերում է սև կատվի ոգուն, ապա դա հայտնվում է ինչպես հաստատություններում, այնպես էլ դեպի Սպիտակ տուն տանող ծառուղում և Կապիտոլիի նկուղում: Այդ ոգին DC մականունն ունի, թարգմանաբար` դիվային կատու: Ասում են, որ սա տեսլիքն է երեք տասնյակ այն կատուներից մեկի, որոնց 1800 թ. Սպիտակ տուն էին բերել` առնետներ որսալու: DC¬ի հայտնվելն ականատեսներին սարսափի մեջ է գցում` ընդհուպ մինչև գիտակցության կորուստ և սրտի տագնապներ. մի հոգի նույնիսկ մահացել է վախից: Դեպքեր են եղել, երբ ուրվականը հարձակվել է մարդկանց վրա` նրանց մարմնին թողնելով դժվարությամբ ապաքինվող ճանկռվածքներ: Մի քանի անգամ այդ ոգուն կրակել են պահակները, բայց դե` ուրվականի համար ոչ մի գնդակ սարսափելի չէ: Դիվային կատվի հայտնվելն, ասում են` նշանակում է ազգային աղետ: Այն տեսել են 1929 թ. ֆինանսական ճգնաժամի, Ջոն Քենեդիի սպանության և մի քանի այլ ողբերգական իրադարձությունների նախօրեներին: Կատվի տեսիլը Սպիտակ տանն առկայծում է նաև նախագահների փոփոխության ժամանակներում: Վերջերս, ինչպես տեղեկացրել է մամուլը, ֆեն¬շույի նյույորքցի մասնագետ Դեբրա Դյունայերը նախագահ Բարաք Օբամային առաջարկել է «մաքրել» Սպիտակ տան էներգադաշտը` հեռացնելով բացասական թրթիռները (վիբրացիաները), որոնք առաջացել են պատմության ընթացքում այստեղ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից: ԱՄՆ¬ի գործող նախագահն առայժմ իր համաձայնությունը չի տվել: