Բյուջեի 85%-անոց հենարանները


Հարկատուի էլ խոշորն է լավ: Ավելին, եթե հավատալու լինենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած նոր տվյալներին, ապա նախորդող ինն ամիսներին նրանք են ապահովել բյուջե կատարված վճարումների 85 տոկոսը: Տրամաբանական այս թիվն իրականում, իհարկե, լավագույնս կարտահայտեր հնարավորությունների ու պարտավորութ յունների այն համամասնությունը, որը պետք է բաժին հասներ խոշոր և մանր ու միջին եկամուտներ ունեցող հարկ վճարողներին: Մինչդեռ, եթե հարկերի 85 տոկոսն իսկապես առաջատար համարվող 300-350 ընկերությունների վճարումների արդյունքում է հավաքագրվում, ապա այս թիվը հաստա°տ չի արտահայտում մշտապես լարված ու կոնֆլիկ տային այն փոխհարաբերությունները, որոնք առկա են հարկահավաք կառույցի ներկայացուցիչների և փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողների միջև: Հետևաբար միանգամայն անհասկանալի է առաջինների ներկայացուցիչների ակնկալիքները երկրորդների համեստ, հաճախ զրոյականին շատ մոտ շահույթներից: Եվ այն լրջորեն կասկածի տակ է դնում հարկերի մնացած 15 տոկոսը վերջիններիս միջոցով հավաքագրելու մասին պնդումը: Ակնհայտ է, որ բյուջեն համալրելու և օրենքի տառը պահպանելու գործառույթը երբեք էլ հարկային տեսուչների (համենայն դեպս` նրանց մեծ մասի) համար գերխնդիր չի եղել, և արդյունքում, մանր ու միջին բիզնեսի հանդեպ` մեղմ ասած ոչ բարյացկամ գործելաոճի արդյունքում ընդամենը մի 15 տոկոսի հարց է լուծվում: Սա փաստ է, որը նախ և առաջ այս տվյալը հրապարակած Պետեկամուտների կոմիտեին պետք է լրջորեն անհանգստացնի, իսկ ավելի ուշ էլ` համապատասխան եզրակացությունների ու թերատ օրենքներում լրջագույն փոփոխություններ կատարելու նախաձեռնության մղի: Եվ խոսքը միայն փոքր բիզնեսի հանդեպ անհասկանալի մոտեցում ներին չի վերաբերում: Ակնհայտ է, որ սառույցը չի հալվել նաև խոշոր հարկատուների առաջին-երկրորդ հարյուրյակում: Թեպետ դեռ տարեսկզբից էր պարզ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը տնտեսվարողների հայեցողական վերաբերմունքի և° առիթ էր դառնալու, և պատճառ: Ու չնայած Պետեկամուտների կոմիտեի նորերս հրապարակած տվյալներն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին են միայն վերաբերում, բայց պարզ է նաև, որ չհալչող սառույցը տարեվերջին ևս հավելյալ նոր շերտերով է պատված լինելու: Իսկ մինչ այդ եթե ընդունենք, որ բյուջե վճարված հարկերի առյուծի բաժինն իսկապես խոշոր հարկատուների ուսերին է, ապա փաստել է պետք, որ նախորդող ամիսների ցուցանիշներն է°լ ավելի են խտացնում 18,5 տոկոսի հասած տնտեսական անկման գույները: Եթե միայն առաջին տասնյակում հայտնված, այսինքն ամենամեծ վճարումներ կատարած տնտեսվարողների վերաբերյալ թվերը նախորդ տարվա նույն ժամանակահատ վածի հետ համեմատենք, երբ իրավիճակը դարձյալ փայլուն ու նախանձելի չէր, ապա տարբերությունն ավելի շոշափելի կդառնա: Այսպես, 2008-ին առաջատարների տասնյակը վճարել է 93,7 միլիարդ դրամ հարկ, իսկ այս տարի` 75,1 մլրդ… Եթե պնդենք, թե տասնյակում ընդգրկվածների կազմն էական փոփոխությունների է ենթարկվել, ապա սխալված կլինենք: Համեմատությունն առավելագույնը երկու-երեք տարբերություն կարող է վեր հանել: Հետևաբար, ստացվում է, որ նույն տնտեսվարողները և յուրաքանչյուրն իր հերթին, այս տարի ավելի «ժլատ» վերաբերմունք է դրսևորել պետության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելիս: Միաժամանակ պարզ է նաև, որ խոշոր հարկատուների գոնե առաջին տասնյակում այսպես կոչված «պատահական» տնտեսվարողներ չկան: Վերջիններս ոչ միայն հանրահայտ են իրենց ապրանքատեսակներով կամ ծառայություն ներով, այլ նաև գոնե նրանց մեծ մասը հազիվ թե իրեն թույլ տա ֆինանսական լուրջ մեքենայությունների մեջ ներքաշվել. թեկուզև ճգնաժամի պայմաններում խնդրի հանդեպ ավելի մեծ հետևողականություն ցուցաբերելու քաղաքականությունից չշեղվելու համար: Ահավասիկ, նույն «Ղ-Տելեկոմին» դարձյալ հաջողվել է ամենավերին հորիզոնականում հայտնվել: Փաստորեն մեր երկրում ոչ թե ինչ-որ արդյունաբերական կամ արտադրական հսկա է գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը, այլ ընդամենը բջջային կապի ծառայություններ մատուցող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Եթե վերոնշյալն ընդամենը պատահականության վերագրենք, ապա մեր կասկածն անմիջապես կփարատվի, երբ պարզենք, որ երկրորդ հորիզոնականում էլ «ԱրմենԹելն» է: Թեպետ առաջին կիսամյակում ամենալավ հարկատուն «Ալեքս Գրիգն» է, բայց, և չնայած վճարումների շարունակական աճին` ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությանն ընդամենը երրորդ հորիզոնականն է հաջողվել զբաղեցնել: Ճիշտ է, վերջինս մի շարք պարենային ապրանքների միակ և առայժմ անփոխարինելի ներկրողն է, սակայն մինչև վերջերս «Ալեքս Գրիգն» անգամ խոշորների հարյուրյակից էր բացակայում: Բայց եթե «ՀայՌուսգազարդն» ընդամենը չորրորդ, «Էլցանցերն» էլ յոթերորդ հորիզոնականում են, ապա շաքարավազ ու ձեթ ներկրող ընկերության պարագայում երրորդ հորիզոնականը բարենպաստ կարելի է համարել: Ծխախոտ ներկրողներն են զգալիորեն պասիվացել: Եվ չնայած ճգնաժամի պայմաններում մեծ է հավանականությունը, որ դրա սպառման սոցիալական դրդապատճառներն է°լ ավելի մեծացած լինեն, այնուամենայնիվ, միակ կազմակերպությունը, որին հաջողվել է տեղ զբաղեցնել առաջատարների տասնյակում, «Ինտերնեյշնըլ Մասիս Տաբակ» ընկերությունն է: Բացի այդ, իններորդ հորիզոնականն զբաղեցրած` Միքայել Վարդանյանին պատկանող ձեռնարկությանը և 11-րդ հորիզոնականում հայտնված «Գրանդ Տոբակոյին» գոնե հարկային վճարումների առումով հաջողվել է «հեղաշրջում» իրականացնել հարկատուների ցուցակում: Ընդ որում, սա առաջին դեպքն է, երբ այդ շուկայում գործող տեղական ընկերությունն ավելի շատ հարկ է վճարում, քան ներկրողները: Իսկ թե ո՞ւր են «կորել» և ինչո՞ւ են ավելի ստորին հորիզոնականներ նահանջել ներկրող ընկերութ յունները, բոլորովին անհասկանալի է: «Գրանդ Քենդի» ընկերությունը թեպետ զգալի հետընթաց է արձանագրել, բայց հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերություններից անհամեմատ լավ դիրք է զբաղեցրել: Իսկ այս և այլևայլ մթերքների վաճառքով զբաղվող հանրահայտ սուպերմարկետները, որոնք երբեմն մի ամբողջ խանութների ցանցով են ներկայանում, խոշոր հարկատուների երեքհարյուրյակում «մի կերպ» են հայտնաբերվում: Եթե հաշվի առնենք, որ սրանցից յուրաքանչյուրն այս կամ այն ներմուծվող ապրանքատեսակի բացառիկ ներկայացուցիչ է և գրեթե մենաշնորհային դիրք ունի այդ շուկայում, ապա մնում է զարմանալ, որ նրանց նույնիսկ ՀԴՄ կտրոնը չի օգնել` ցուցակում ունեցած աննկատ դիրքերը փոքր-ինչ նկատելի դարձնելու գործում: Փոխարենը որքան նախանձելի, նույնքան էլ համերաշխ ու պարտաճանաչ են եղել բոլոր այն 18 բանկերը, որոնք միշտ են կայուն տեղեր զբաղեցնում հարկատուների ցանկում: Նրանց թիվը մեր հանրապետությունում քսանից մի փոքր է ավելի: Եվ եթե բանկերը, գրեթե առանց բացառության կատարում են իրենց հարկային պարտավորությունները, ուրեմն այս տնտեսվարողները ոչ միայն փողի «պահեստներ» են, այլ նաև պարտաճանաչ հարկատուներ: Իսկ թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի լեռնահանքային արդյունաբերությանը հաջողվի իր նախկին դիրքերը վերականգնել` դժվար է ասել: Բայցևայնպես կարևորը միտումն է, և հարկատուների ցուցակն էլ փաստում է, որ լեռնագործները պարապուրդային հոգեվարքից հետզհետե դուրս են գալիս: Այսպիսով ցուցակային վայրիվերումները ևս մի ավելորդ անգամ հաստատում են, որ տնտեսական աճը լեռնաարդյունաբերության կամ շինարարության միջոցով ապահովելու գործընթացն ամենափոքր ցնցումից անգամ կարող է խարխլվել: Հետևաբար, հարկ է նոր ու ավելի շատ հենարաններ գտնել` մեկ-երկու ոլորտից կախվածությունը չեզոքացնելու համար: Այլապես մանր ու միջին բիզնեսն իբրև հարկային «ավարառության» գլխավոր սուբյեկտ դարձնելը ոչ միայն մեկանգամյա և կարճաժամկետ արդյունքի կհանգեցնի, այլ լիարժեքորեն ու վերջնականապես կոչնչացնի այն:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ