Արևելյան գործընկերություն


Եվրոպական Միությունն ընդունել է մեր տարածաշրջանի երկրների հետ իր հարաբերությունները կառուցելու նոր ծրագիր, որը պիտի փոխարինի «Եվրոպական հարևանություն» ծրագրին: Բայց սա ընդամենը «եվրոպական հարևանություն» բառերը մեխանիկորեն «արևելյան գործընկերություն» բառերով փոխարինելու խնդիր չէ: Սա շատ ավելի տարողունակ ծրագիր է, ենթադրում է համաշխարհային ուժի կենտրոններից մեկի` Եվրոպական Միության շատ ավելի սերտ հարաբերությունների հաստատում Հարավկովկաս յան երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, նաև Ռուսաստանի, Թուրքիայի և մի քանի այլ պետությունների հետ: Այլ կերպ ասած` սա տարածաշրջանի երկրների հետ Եվրոպական Միության հետագա ինտեգրմանը միտված հերթական քայլն է: Լա՞վ է դա, թե՞ վատ: Հիմնականում` դրական: Նախ, Եվրոպական Միությունը ոչ թե զուտ տնտեսական, քաղաքական ու ռազմական, այլ` ամենից առաջ քաղաքակրթական էքսպանսիա է իրականացնում ամբողջ աշխարհում: Դրա նպատակը աշխարհում խաղաղության պահպանումն է, եվրոպական արժեհամակարգի ամենակարևոր սկզբունքների` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, պետությունների միջև բարիդրացիության ու համագործակցության տարածումն ու արմատավորումը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-30-ին այս նոր ծրագրին նվիրված երևանյան միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում շեշտում էր, թե «Հայաստանը ակտիվորեն մասնակցում է եվրոպական արժեհամակարգի ձևավորման գործին, քանի որ առաջնորդվում է նույն` մարդու իրավունքների պաշտպանվածության, խաղաղության, ժողովրդավարության ու համագործակցության տեսլականով»: Սակայն Նալբանդյանը նաև ափսոսանք էր հայտնում, որ մեզ հետ միասին նույն «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված Ադրբեջանը «որդեգրել է Հայաստանի հետ չհամագործակցելու քաղաքականություն», ինչը հակասում է Եվրոպական Միության սկզբունքներին: Ադրբեջանն իր այդ կարճամիտ քաղաքականությանը հավատարիմ մնալու հավաստիացում է արել ամենասկզբից` դեռ մինչև «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաստատման խորհրդատվական քննարկումների ժամանակ: Ուստի զարմանալ կարելի է, որ Եվրամիության ղեկավարությունն այդ երկրին ոչ միայն չի մերժել նոր ծրագրում ընդգրկել, այլև որևէ կերպ չի արձագանքել Բաքվի պնդաճակատների այդ կարծր, անհեռանկարային դիրքորոշմանը: Դա շատ նման է այն իրավիճակին, երբ մեկին հյուր ես կանչում, իսկ նա նախապես անպատկառորեն հայտարարում է` հրավերդ ընդունում եմ, սակայն քո մաքուր մանրահատակը աղտոտելու եմ իմ ցեխոտ կոշիկներով: Իրեն հարգող ամեն տանտեր դուռ չէր բանա նման այցելուի առջև: Սակայն Եվրամիության ղեկավարությունն այս դեպքում ավելորդ հանդուրժողականություն է ցուցաբերել և մուտքի դռները Ադրբեջանի առաջ էլ է բացել: Վերջինիս ավագ եղբայր Թուրքիան, օրինակ, Եվրոպական Միության անխտիր բոլոր սկզբունքները ընդունել է` առանց վերապահումների: Բնական է, որովհետև ժամանակակից պաշտոնական Անկարայի ղեկավարության գլխավոր ու հիմնական նպատակը վաղ թե ուշ Եվրամիությանը լիովին անդամագրվելն է: «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառվելը թուրքերի համար կարող է լինել Եվրոպական Միություն ընդունվելու դժվարին ու երկար ճանապարհի հերթական քայլը: Չնայած այսօր էլ դեռ չի երևում` Թուրքիան երբևէ Եվրամիության լիիրավ անդամ կդառնա՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ, հատկանշական է, որ թուրքերը փորձում են դրան հասնել, պատրաստակամություն են ցուցաբերում ապրելու եվրոպական արժեհամակարգով: Բայց թուրքերն ու ադրբեջանցիները ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ապացուցեն, որ բարձրացել են Եվրոպական արժեհամակարգով ապրելու մակարդակին: Այդ դեպքում նրանց կողքին ապրելը մեզ համար ավելի հեշտ, ավելի անվտանգ կլիներ: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է ազատ առևտրային գոտիների ստեղծում, ինչը մեզ հնարավորություն կտա մեր ապրանքները արտահանել եվրոպական շուկա. անշուշտ, դրանք նախապես լիովին համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին: Ծրագիրն ուղղակի կհարկադրի մեր գործարարներին` բարձրացնելու արտադրության կուլտուրան, ապրանքների որակը, սպառման համար վաճառքի դուրս բերվող արտադրատեսակների, այդ թվում սննդամթերքների ապրանքային տեսքը: Իսկ դա ոչ միայն եվրոպական առայժմ պոտենցիալ մեր գնորդներին օգտակար կլինի, այլև` հենց մեր ներքին շուկայի սպառողներին: Երկրորդ` եվրոպական երկրներն ավելի մատչելի կդառնան Հայաստանի քաղաքացիներին, կհեշտացվի կամ առավելագույնս կպարզեցվի եվրամիության անդամ-պետութ յուններ Հայաստանի քաղաքացիների մուտք ու ելքի վիզային ռեժիմը: Վերջապես, Եվրոպական Միությունն իր բյուջեից գնալով ավելի ու ավելի մեծ չափերով օգնություններ կտրամադրի Հայաստանին` ժողովրդավարական բարեփոխումներ և սեփական տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում մեր երկիրը եկող տարի Եվրամիության բյուջեից կստանա 25 միլիոն եվրոյի օգնություն, 2011-ին այդ աջակցությունը կհասնի 70 միլիոն եվրոյի: Այժմ քննարկվում է դրանից հետո Հայաստանին 100 միլիոն եվրոյի օգնություն հատկացնելու հարցը, որից 35 միլիոնը պարզապես նվեր կամ միջազգային բառաեզրով` դրամաշնորհ կլինի, իսկ 65 միլիոնը կձևակերպվի որպես վարկ: Մի խոսքով, Հայաստանը շարունակում է Եվրոպական Միության հետ իր հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականությունը: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, իսկ քրիստոնեական արժեքները ամենից ավելի են մոտ եվրոպական արժեհամակարգին: Առնվազն վերջին մեկուկես-երկու հազարամյակների ընթացքում, աշխարհագրորեն լինելով Արևելքի մաս, մենք միշտ քաղաքականապես ձգտել ենք դեպի Եվրոպա, մեր կենցաղով, նիստուկացով միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կրողներ: Մեր անփառունակ դրկիցների նման, ցեխոտ կոշիկներով չէ, որ մենք ուզում ենք մտնել եվրոպական ընտանիք: Ամենևին: Մենք այդ ընտանիքում մեզ բոլորովին կաշկանդված չենք զգա, չենք լինի աղքատ ազգականի դերում: Եվ հրաշալի է, որ Միացյալ Եվրոպան ինքը ևս գիտակցում է այդ ճշմարտությունը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ