Տարածաշրջանում փոխվում է իրավիճակը Երկու էներգետիկ պայմանագրով


Այն կանխատեսումները, որ ռուս-ադրբեջանական գազային վերջին գործարքը կարող է էապես ազդել տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև փոխել դրանցում ներգրավված երկրների դերն ու նշանակությունը, այսօր կարծես իրականանալու միտում ունեն: Մեկ ամիս էլ չի անցել այն օրվանից, երբ ռուսական «Գազպրոմի» և Ադրբեջանի նավթագազային ընկերության միջև համաձայնություն կայացավ այն մասին, որ ռուսական կողմը կստանա ադրբեջանական գազի ողջ ծավալները: Այդպիսով Ռուսաստանը ոչ միայն հարցականի տակ էր դնում Եվրոպային գազ մատակարարելու այլընտրանքային` «Նաբուկո» նախագծի իրականացումը, այլև իր թևի տակ էր առնում Ադրբեջանին: Իսկ 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արդյունքում, ըստ էության, Վրաստանը կորցնելուց հետո, Կրեմլի համար Ադրբեջանն ավելի էր կարևորվում` Հարավային Կովկասում դիրքերը պահպանելու առումով: Սակայն, շատ չանցած, Իրան այցելեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Երկար ժամանակ տարածաշրջանում Միացյալ Նահանգների հենակետը համարվող Թուրքիան վաղուց դուրս է եկել իր դաշնակցի վերահսկողությունից ու փորձում է սեփական խաղը խաղալ: Արևմտյան արժեքներ դավանելու մասին վերջին տարիներին բարձրաձայնող Թուրքիան, իրականում թեքվել է իսլամական արժեքների կողմը և ջանում է հարաբերությունները բարելավել հատկապես Սիրիայի ու Իրանի հետ: Միմյանց միջև վիճահարույց խնդիրներ ունեցող այս երեք երկրներին միավորում է քրդական պետության ստեղծվելու հեռանկարի վտանգը: Սիրիայի հետ լեզու գտնել այսօր թուրքերին կարծես հաջողվում է: Հերթը Իրանինն էր: Եվ Էրդողանը շտապեց Թեհրան: Այցը նշանավորվեց էներգետիկ ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Թուրք-իրանական այս պայմանագրով Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրում Թուրքիան կմասնակցի գազի արդյունահանմանը: Այդ գազի պաշարների մի մասը կուղղվի դեպի Եվրոպա` «Նաբուկո» գազամուղով: Նախատեսվում է նաև թուրքմենական գազն Իրանի և Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա: Այսպիսով, Իրանն անչափ կարևորվում է Եվրամիության համար: Իրանի նախագահ Ահմեդինեջաթը ողջունել էր ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությունը և հայտարարել էր առաջատար պետությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Ըստ հիշյալ նախաձեռնության, Իրանն ուրանի իր պաշարները պետք է ուղարկի Ռուսաստան, ապա Ֆրանսիան այդ ուրանից պետք է պատրաստի Իրանի միջուկային ռեակտորի համար պիտանի հումք: Այսպիսով լուծվում է նաև Արևմուտքի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եղած վեճը: Այս ամենի արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալիորեն ամրապնդում է իր դիրքերը` դառնալով տարածաշրջանի ազդեցիկ պետություններից մեկը: Թուրք-իրանական էներգետիկ համագործակցությունը, թերևս, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: Հնարավոր է` Բաքվում հիստերիա սկսվի արդեն Անկարայի ու Թեհրանի մերձեցման առնչությամբ: Խնդիրն այն է, որ դեպի Եվրոպա գազի տարանցման այսպիսի նոր ուղղության ի հայտ գալն անխուսափելիորեն կհարվածի գազային, ընդհանրապես էներգետիկ գործընթացներում Ադրբեջանի ունեցած դերին ու նշանակությանը: Եվ չի բացառվում, որ դա, իր հերթին կարող է հանգեցնել տարածաշրջանում Բաքվի քաղաքական հավակնությունների սահմանափակմանը: Ադրբեջանը եվրոպական գրեթե բոլոր պետություններին հավաստիացրել էր, թե գազի իր պաշարներն անսահմանափակ են, և ինքը կարող է կարևոր մասնակցություն ունենալ Եվրոպային ոչ Ռուսաստանի տարածքով գազ մատակարարելու հարցում: Իհարկե, դրա դիմաց Բաքուն ակնկալում էր եվրոպական պետությունների աջակցությունը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ կարգավորման գործում: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ. թուրք-իրանական էներգետիկ պայմանավորվածությամբ ամեն ինչ Բաքվի համար գլխիվայր շրջվեց: Ադրբեջանն այլևս չի կարող Ղարաբաղի հարցում հույս դնել ո°չ Հայաստանի բարեկամ Իրանից գազ ստացող Եվրոպայի, ո°չ էլ սեփական շահի համար իրեն «քցող» ավագ եղբոր` Թուրքիայի վրա, որի հետ հարաբերություններում առանց այդ էլ վերջերս մութ կետեր են նկատվում: Բացի այդ, Միացյալ Նահանգներն էլ իրենց հերթին են ճնշում գործադրում այդ ավագ եղբոր վրա` պահանջելով հեռու մնալ ղարաբաղյան խնդրից: Մի խոսքով, ռուս-ադրբեջանական գազային պայմանագիրը և դրան հաջորդած` թուրք-իրանական էներգետիկ համաձայնագիրը էապես փոխեցին իրերի դասավորությունը ողջ տարածաշրջանում, ինչի արդյունքում միշտ Հայաստանի մեկուսացմանը ձգտող Ադրբեջանը հիմա ինքը կարող է հայտնվել մեկուսացածի դերում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ