Արա ՆՌԱՆՅԱՆ. ՀՅԴ խմբակցություն


Խորհրդարանն այս ժամանակաշրջանում ունեցել է և° վերելքների շրջան և° ինչու ոչ, իրեն դրսևորել է նաև ոչ լավագույն կողմերով: Ազգային ժողովը հիմնականում իր բարձունքում եղել է այն ժամանակ, երբ խորհրդարանականներն իրապես հավատացել են, թե ինչ-որ բան կարող են փոխել: Իսկ դրա համար, կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է խրախուսի քաղաքական բանավեճերը: Ցավոք սրտի, մինչ օրս պատգամավորներից շատերը գերադասում են քվեարկել այնպես, ինչպես Կառավարությունն է ներկայացրել և հետագայում իրենց խնդիրները լուծել խորհրդարանից դուրս: Մինչդեռ մենք պետք է խրախուսենք, որ մեր գործընկերները, ինչու ոչ, նաև իրենց շահերի համար կատարվող լոբբինգը անեն հրապարակային: Թող հասարակությունը պարզ տեսնի, թե ո՞ր պատգամավորը ո՞ւմ շահերն է պաշտպանում: Պետք է խրախուսվեն քաղաքական հրապարակային բանավեճերը, որպեսզի պատգամավորների գործունեությունն ավելի բացորոշ լինի: Օրինակ, ԱՄՆ-ում հասարակությունն իրազեկված է, թե այս կամ այն կոնգրեսմենը ինչպես է վերաբերվում տվյալ հարցին: Դա նպաստում է քաղաքական առողջ բանավեճին: Եթե մեր խորհրդարանն էլ աշխատի այդ օրինակով, այսինքն` պատգամավորների դիրքորոշումը լինի տեսանելի, կարծում եմ` խորհրդարանի գործունեությունը շատ ավելի արդյունավետ կլինի: ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այս ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ` չշեղվելով իր նախանշած ուղենիշից: Ցանկանում եմ առանձնացնել ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխությունը և տարբերակված մոտեցումը տեղական արտադրողի ու ներմուծող ընկերության նկատմամբ: Դա աննախադեպ էր մեր տնտեսական քաղաքականության մեջ, և մենք հպարտանում ենք, որ շնորհիվ մեզ առկա է այդ տարբերությունը. տեղական արտադրողներն այսօր կարող են փաստել, որ պետությունն իրենց համար նպաստավոր ինչ-որ պայմաններ ստեղծել է: Ասեմ նաև, որ երբ դեռ քաղաքական կոալիցիայի կազմում էինք, համատեղ հուշագրում ամրագրեցինք դրույթներ, որոնց հետամուտ ենք լինելու նաև ընդդիմության դիրքերից: Ցավալին այն է, որ այսօր Կառավարությունն ու կոալիցիոն ուժերը հրաժարվում են այն դրույթներից, որոնք ստորագրել ենք համատեղ, և պարտավոր ենք իրականացնել: Մասնավորապես կենսապահովման նվազագույն զամբյուղի հիման վրա աղքատության շեմի ամրագրումը կոալիցիոն հուշագրում մենք համարում ենք մեծագույն նվաճում:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ