Յուրաքանչյուր հայի մեջ խառնված են սպիտակն ու սևը


Մոսկվայում հրատարակվող «ԿՈԼԵՍՈ»` «ԱՆԻՎ» հանդեսի 23-րդ համարում տպագրվել է հարցազրույց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻ հետ: Համոզված լինելով, որ դրանում շոշափվող հարցերը կհետաքրքրեն նաև հայաստանյան ընթերցողին, թարգմանաբար որոշ կրճատումներով տպագրում ենք այն: Ծնվել է 1963թ. Արտաշես և Իսկուհի Աջապահյանների ընտանիքում և ավագանու անունով կոչվել Գևորգ: Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատկանում է պատմական նշանավոր այն տոհմին, որի 10 ներկայացուցիչները 1731-ից մինչև 1866 թվականը` 135 տարի զբաղեցրել են Կիլիկիո կաթողիկոսարանի աթոռը Սիսում: Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց տվեց իր հարազատ Գյումրիում: -Սրբազան հայր, դուք ժառանգն եք Կիլիկիո կաթողիկոսների հայտնի տոհմի, որը կրում է Աջապահյան ազգանունը: Խոսքը, իհարկե, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի աջի մասին է, որը պահվում էր Սիսում: Մենք գիտենք, որ Դուք սերտորեն կապված եք Գյումրուն. այստեղ եք ծնվել: Ձեր ընտանիքը ինչպե՞ս է հայտնվել այս քաղաքում: - Մեծ եղեռնի ժամանակ իմ հայրը երեխա է եղել: Իմ տատը զոհվել է, իսկ պապիս հաջողվել է երկու տղաների հետ փրկվել և սկզբում հիմնավորվել Դամասկոսում, ապա` Բեյրութում: 1946-ին նրանք Բեյրութից տեղափոխվել են Հայաստան` Գյումրի: Այստեղ հայրս ամուսնացել է, և ծնվել ենք ես ու եղբայրս: Հավատը չորս կողմում արգելված էր, բայց մենք մեծանում էինք հայրենադարձի ընտանիքում, որտեղ այդ արգելքը չէր գործում: Հորիցս իմանալով մեր տոհմի պատմությունը, ես հասկացա, որ ավանդույթը անհրաժեշտ է շարունակել և ընդունվեցի հոգևոր ճեմարան, դարձա հոգևորական: - Էկումենիզմի նկատմամբ տարբեր եկեղեցիներում տարբեր ըմբռնում և վերաբերմունք կա: Դուք ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք դա պետք է մեր եկեղեցուն և եթե այո, ապա ինչպիսի՞: - Էկումենիզմը մեզ համար եկեղեցիների միջև համագործակցությունն է, մտերմությունը, եղբայրական զգացմունքները և սերը: Բայց ոչ թե մի եկեղեցու ենթակայությունը մյուսին, ոչ թե ձուլումը, խառնումը, վերացումը: Հայ եկեղեցին, օրինակ, երբեք չի պնդել, թե ինքը միակ ճշմարիտ եկեղեցին է, նա իրեն հաստատել է որպես հայ ժողովրդի եկեղեցի: Հայ եկեղեցին երբեք չի պնդել, թե իրենից դուրս փրկություն չկա, նա ձգտել է եղբայրական հարաբերությունների մեջ լինել մյուս եկեղեցիների հետ: Մենք միմյանց պիտի ընդունենք ոչ թե որպես մրցակիցների, այլ` համագործակցող կողմերի: Հենց այդպիսին պիտի լինի քրիստոնեական եկեղեցիների միությունը. միություն սիրո մեջ: - Նախորդ ժամանակների համեմատ Սուրբ Էջմիածնի և Անթիլիասի հարաբերություններն անհամեմատ լավ են: Դուք ի՞նչ կարծիքի եք երկու կաթողիկոսությունների հարաբերությունների մասին, և պե՞տք է ձգտել արդյոք, որ լինի մեկ կաթողիկոսություն և մեկ կաթողիկոս : - Տարբեր տեսակետներ կան: Անկասկած, Կիլիկիո կաթողիկոսությունը կդադարեցնի իր գործունեությունը, բայց ոչ թե արհեստական, այլ` բնական ճանապարհով: Ինչպես և այլ կաթողիկոսություններ, որոնք կատարել են իրենց պատմական դերը և ավարտել այն: ՀԱԵ միության համար Կիլիկիո կաթողիկոսության գործունեության դադարեցման անհրաժեշտությունը չկա: ՀԱԵ համակարգում Կիլիկիո կաթողիկոսությունը անպայման կպահպանի իր տեղը և իր դերը: Այդ իրավիճակն ստեղծվել է վաղուց: (1441թ. ՀԱԵ-ում գերիշխում էր կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելու գիծը: Գործող կաթողիկոս Գրիգոր 9-րդը որոշեց մնալ Սիսում, և Էջմիածնի ազգային ժողովում ընտրվեց նոր կաթողիկոս` Կիրակոսը _ ծան. խմբ.): Սուրբ Էջմիածնի և Կիլիկիո կաթողիկոսության հարաբերությունները իդեալական էին 19-րդ դարից մինչև 1956 թվականը (երբ Կիլիկիո կաթողիկոսի ընտրության հետ կապված քաղաքական ուժերի կողմից կոնֆլիկտային իրավիճակ ծագեց _ ծան.խմբ.): Ամենայն Հայոց կաթողիկոսությունը երբեք անհրաժեշտութ յուն չի համարել Կիլիկիո կաթողիկոսության գործունեության դադարեցումը. մեկ համակարգում նրանք կանոնավոր համագործակցում էին: Սակայն երբեք խոսք չի եղել նրանց հավասարազորության մասին. Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսությունը բնականաբար հանդիսանում է ողջ հայ ժողովրդի հոգևոր պետի նստավայրը: Քանի որ Կիլիկիո կաթողիկոսությունն առաջացել է պատմականորեն, դարերով շարունակել է իր գործունեությունը և շարունակում է այսօր, դա կարելի է օգտագործել հօգուտ եկեղեցու, ոչ թե ի վնաս: Կիլիկիո կաթողիկոսության հոգևորականության մեջ կան բազմաթիվ գործուն, ունակ մարդիկ, որոնք եկեղեցուն մեծ օգուտ են բերում: Նույնիսկ այն երկպառակությունները, որոնք վերջերս տեղի ունեցան ԱՄՆ-ում և Կանադայում, մեր համագործակցության վրա մեծ ազդեցություն չեն ունենում: Անհրաժեշտ է ամենուրեք ձգտել հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի Կիլիկիո կաթողիկոսությունը շարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ իր ուժերով կարողանում է ինքնուրույն անել դա: Սակայն կգա մի օր, երբ Լիբանանի հայությունը չի կարողանա այլևս թարմ արյուն ներարկել, նոր կադրեր մատակարարել Կիլիկիո կաթողիկոսությանը: Լիբանանը Հայաստան չէ, սփյուռքում հայկական եկեղեցին չի կարող երկար գոյատևել առանց հայրենիքից արյան ներարկման: Սփյուռքը հոգևոր առումով աստիճանաբար դառնում է անպտուղ: Երուսաղեմի պատրիարքությունն արդեն գոյատևում է միայն Հայաստանցի հոգևորականության հաշվին: Վաղ, թե ուշ Կիլիկիո կաթողիկոսության հարցն ինքն իրեն կլուծվի: Իրերի գոյություն ունեցող վիճակը պետք է օգտագործել ի բարօրություն: Վերջ ի վերջո, Կիլիկիո կաթողիկոսը մեր եկեղեցու անդամ է` Հայրապետ: Ուստի Էջմիածնի միաբանության յուրաքանչյուր անդամ նրան վայել պատիվ է տալու և պետք է դա անի, այնքան ժամանակ, քանի դեռ Կիլիկիո կաթողիկոսությունը գոյություն ունի: Շարունակելի) Համլետ ՄՈՍԻՆՅԱՆ ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի լրագրության դպրոցի ղեկավար