Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ


«Արևորդի-II» միջազգային բնապահպանական փառատոնի հնգօրյա ռիթմը 35 երկրներից ներկայացված 112 մասնակից-ֆիլմերի հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ Ռոնալդ Տոբիասը (ԱՄՆ) մեկ` «սիրտ» բառով բնութագրելուց հետո իր ընդհանուր տպավորությունների փակագիծը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ սիրահոժար բացում է. «Առաջին անգամ լինելով Հարավային Կովկասում` առանձնակի հետաքրքրված էի այս տարածաշրջանում արված ու նրա բնապահպանական օրախնդիր մտահոգություններին առնչվող ֆիլմերով: Մեր խրախուսական մրցանակին արժանացած հայկական «Թեղուտ. զավակների հացը» (սցենարիստ -բեմադրիչ` Տիգրան Պասկևիչյան) ֆիլմում արծարծված թեման` ջրային ռեսուրսներին մերձ զարգացվող հանքարդյունաբերության վնասակարությունը շրջակա միջավայրի կայուն պահպանության տեսակետից, հավասարապես վերաբերում է Միացյալ Նահանգներին: (Ի դեպ, թեղուտյան նույն հիմնախնդրին հառված ընդհանուր հայացք է Անի Եղիազարյանի «Էկոլաբիրինթոսը»): Տասնամյակներով անլուծելի են մնացել բնապահպանական աղետների կանխարգելման խնդիրները, քանի որ դրանց քննարկումներն անց են կացվել փակ դռների հետևում: Իրազեկված չլինելով իրեն շրջապատող միջավայրի կենսավտանգ ռեալ իրավիճակին` հասարակությունը, մեղմ ասած, անլուրջ է մոտեցել իրեն ապաստանած Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը, օդի, ջրի և ընդերքի խելամիտ «շահագործմանը»: Դրանք ազգ և պետություն չեն ճանաչում. ամենքս ենք պատասխանատու, որպես Երկիր մոլորակի քաղաքացիներ: Զանգվածային հրապարակային քննարկումները, այս տարածաշրջանում միակ` «Արևորդի» փառատոնի ձևաչափերով, անվերապահորեն խթանում են կառուցողական երկխոսությունը բնապահպանական ոլորտում»: Բնապահպանական փոխըմբռնման կայացմանը առավել նպաստավորությամբ էլ ընտրվեցին հաղթողները. Էդգար Բարտենևի «Նյարման» (Գերմանիա) - «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ», Ֆրենի Արմսթրոնգի «Հիմարության դարը» (Մեծ Բրիտանիա) - «Բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն», Ջոն Ուեբսթերի «Աղետի բաղադրատոմսեր» (Ֆինլանդիա) - «Լավագույն բնապահպանական կրթական ֆիլմ» անվանակարգերում: Ժյուրիների 8 անդամները ընտրությունը կատարելիս ջանում էին համադրել ֆիլմերում վեր հանվող խնդիրների կարևորությունը դրանց կինոարվեստին: «Մեր հանձնախումբը «Երեխաների կողմից` երեխաների համար» արված 22 ֆիլմերից առանձնացրեց նրանք, որոնցում բնության գնահատությունը, իրատեսական հայացքով, սուր զգացողություններ էր արթնացնում: Եվ հաղթող ճանաչվեց «16-ից ցածր տարիքի ռեժիսորի հեղինակած լավագույն բնապահպանական ֆիլմ» անվանակարգում իտալական «Էկոքաղաքը և աղբի հրեշը»` երկրորդ կինոարվեստանոցի սաների և ուսուցիչների համատեղ աշխատանքը,- ասում է մանկական ժյուրիի նախագահ Մաիկի Կանտոլան (Ֆինլանդիա):- Կարծում եմ, արժանիորեն խրախուսվեցին բնությունը փչացնող գործունեության գիտակցությունը սերմանող չեխական «Սառնարան» ֆիլմը Լուցիե Ստամֆեստովայի և բնաբարեփոխման գործնական ուղիներ մատնացույց անող «Աղետի բաղադրատոմսերը»: Ուսուցողական-դաստիարակչական ամենածանրակշիռ ու ներազդու ֆիլմերը»: Էկոհանցագործությունների անաչառ դատապարտության ոգով էին ներթափանցված «Արևորդու» ոչ միայն ֆիլմերը: Մատենադարանից «Մոսկվա» կինոթատրոն կատարված քայլերթ-դիմակահանդեսը` ուղեկցող բեռնատարներում տեղակայված «թափոնարվեստի» նմուշների (պոլիէթիլենային, պլաստմասսայե աղբից պատրաստված ոչնչացող կենդանատեսակների քանդակներ) ցուցադրությամբ: Երևանյան ու մարզային էկո-ակումբներից ավելի քան 500 երեխաներ ոչ միայն իրենց բողոքի ցույցի արտասովոր կերպարով էին գրավում անցորդների ուշադրությունը, այլև, ծաղկի սերմեր բաժանելով, հետամտած նպատակի հեռահար կարևորությամբ: Նրանց կրած 50-ից ավելի տեսակի կենդանակերպ զգեստներն ու դիմակները միասնաբար սրում էին «Բնության պահպանությունը` տնտեսության զարգացման գրավական» կարգախոսի նշանակությունը: «Բնության մեջ կուտակվող ու երբևէ չքայքայվող, օրավուր ահռելի չափերի հասնող աղբի տարատեսակ կիրառություններով, տեսե՞ք, նաև այսպես կարելի է մեզ համար առողջ ու իրապես ապահով ապագա կերտել», - յուրովի հպարտանում էին սեփական երկրի ֆաունայի աղքատացմամբ լրջորեն մտահոգված «արևորդիները»` կենսաբազմաբանության առումով երկրագնդի ամենահարուստ և միևնույն ժամանակ առավել վտանգված 35 թեժ կետերի շարքում ընդգրկված Հայաստանի վաղվա քաղաքացիները: Տոնահանդեսի ուրախ ռիթմերում առկա էր աղետի տխրեցնող ազահանգը` Հայաստանում հանդիպող կենդանատեսակներից 99-ը գրանցված են Կարմիր գրքում, գրեթե 300-ը այժմ համարվում են անհետացող կամ հազվադեպ հանդիպող: Էկո-կենսակերպով ապրելու կոչն այնուհետև առարկայանում է «Կանաչ այլընտրանք» եռօրյա ցուցահանդեսի նմուշներում: Երկրի տիրոջ կորսված պատասխանատվությունը վերստանձնած, բնապահպանական դաստիարակություն ստացած երեխաները էկո-էքսպոյի տաղավարներից մեկում այցելուներին համակարգչային խաղի հնարքով փորձում էին ներագրավել Խոսրովի անտառի փրկության ոլորտում: «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» դասընթացներում մանրամասնվում էին ցանկացած մասնագիտության բնապահպանական երկընտրանքները: Ձեռագործ բացիկները թղթի խնայողությունն էին կարևորում, վերամշակված թղթից տոպրակները` ծառահատման կասեցման նոր ուղի ցուցանում («Մեկ տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ»), գազավորված ըմպելիքների այլումինե շշերը` արևային էներգիայով աշխատող սարքի մաս էին կազմում, պոլիէթիլենային տոպրակները ծառայեցված էին գույնզգույն գոգնոցներ ու վզկապներ ստանալուն… «Նյու արմ-մետալ» ոճի «Որդան կարմիր», պրոգրեսիվ գործիքային` «Armenian Space Station» և էկլեկտիկ` «Road Movie» ռոք խմբերն ազատության ու ըմբոստության ինքնատիպ մարտիկ երաժշտութ յամբ էին աղաղակում բնության հանդեպ մարդկության հանցավոր անտարբերության մասին: Ամենօրյա խոսքուզրույցում արտահայտված կարևորագույն բնապահպանական խնդիրների հրատապությունը «Արևորդի-II»-ի տիրույթում հայտնվածների միտքն ու սիրտը տագնապով էր լցնում երաժշտության ու կինոարվեստի ամենաներգործուն ուղերձներով առ Երկիր մոլորակի XXI դարի քաղաքացիները` ջնջելով մարդկանց հորինած սահմանները հարյուրավոր ազգերին սոսկ արհեստականորեն, պետականորեն տարանջատող: Համընդհանուր աղետը որևէ մեկին չի շրջանցելու: Այս գիտակցությունը պետք է որդեգրեն հատկապես ներկայիս գործարարները, ովքեր սեփական եկամուտների բազմապատկմամբ տարված` անտեսում են դրանց հակադարձ համեմատականության կտրուկ բևեռացումը առանց այդ էլ կլիմայական փոփոխություններով վտանգված բնության կայուն ապահովությանը: «Ցանկացած բիզնեսի զարգացում երկրի զարգացման գրավականն է,- «ԿՍՊ» սեմինարի ունկնդիրներին` ավելի քան 140 հայկական ընկերությունների «պատվիրակներին», իր բացառիկ աշխատաոճի արդյունավետությունն է պարզաբանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:- Սակայն բիզնեսը չի կարող երկար զարգանալ անառողջ միջավայրում առանց միջավայրի խնդիրների լուծման մասին մտածելու ու դրան աջակցելու: Պետք է կարողանանք հասկանալ, որ միջավայրը շատ ավելի կարևոր է սեփական շահույթներն առավելագույնի հասցնելու տեսակետից նաև»: Հենվելով Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ուկրաինայից հրավիրված ԿՍՊ միջազգային փորձագետների բոլորովին վերջերս Հայաստանում կատարված հետազոտությունների եզրահանգման վրա` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը զարգացնում է բարեկիրթ գործարարի միտքը: Հանրահայտ Բիլ Գեյթսի օրինակն էլ վկայում է ԿՍՊ աշխատաոճի փոխշահավետությունը: Հայաստանում 2001-ից գործող Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ 2007-ին ծնված ու այժմ միջազգային ընդգրկման հասած «Արևորդի» բնապահպանական փառատոնը (տնօրեն` Ռուբեն Խաչատրյան) ՀՀ մարզերում գործող 11 էկո-ակումբների 10-16 տարեկան մոտ հազար սաների ձեռքբերումների հանրահռչակմամբ, կարծում եմ, շուտով կընդարձակի գործունեության սահմանները և արդյունավետությունը: 20 հոգանոց աշխատակազմի համերաշխ համախմբվածությամբ` բավականաչափ վարակվեցին «Արևորդու» ազնիվ մղումներով ԶԼՄ-ների հետաքրքրված ներկայացուցիչները: Հանրության բնապահպանական իրազեկվածության բարձրացման ուղղությամբ պատկառելի աշխատանք կատարվեց փառատոնային հնգօրյա տարաբնույթ առօրյայում: «Արևորդի» արձանիկներով (հեղինակ` քանդակագործ Վահագն Բաղդասարյան), դրամական պարգևներով խրախուսվեցին փառատոնի ամենաակտիվ ու հմուտ մասնակիցներից շատերը: Բարոյահոգեբանական նոր ազդակների ներշնչանքով, անշուշտ, էլ ավելի կակտիվանա նրանց արդյունավետ նվիրումը բնական միջավայրի խնամքին: Բայց… Եթե յուրաքանչյուրս իրեն չզգա անկապտելի մասնիկը Երկիր մոլորակի, բնապահպանական այս իմաստուն երկխոսությունը, անկասկած, կձախողվի: Երևանի և Համբուրգի քաղաքապետարանների կոնցեպտուալ համագործակցությունը, որի հիմքը դրվել է անցյալ տարի Խաղաղության զբոսայգին Երևանում ստեղծելիս, չի ունենա ակնկալվող շարունակությունը` ծրագրի տնօրեն Բարբարա Զիբերթին նոր նախագծերի իրագործման հույսեր ներշնչող: Զարմանալի է, որ Բնապահպանության նախարարությունը (ի տարբերություն մինչ իսկ հատուկ մրցանակներ սահմանած` UNICEF-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, մշակույթի նախարարության) «Արևորդու» հետ ոչ միայն գործնական դաշինք չի կնքում, այլև անպատասխան է թողնում իրեն հղված հարյուրավոր նամակ-առաջարկ ները (մասնակի հետաքրքրվել են միայն «Մարտին Ադամյան» խրախուսական հիմնադրամ ունենալու գաղափարով): Բնապահպան պաշտոնյաների կարծիքով` դոնքիշոտնե՞ր են «արևորդիները»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ