Մարդացման թատերադասեր


Բեմաձևավորման աղքատիկ տեսքը (մեծադիր պաստառին, կարծես մանկան անվարժ ձեռքով, դրկից հարուստի ու աղքատի տներն են, ավանսցենում, թռչնաբնի կարճլիկ ձողին, դրանք ուղենշող մանրիկ ցուցանակները) շուտով մոռացության ես մատնում, երբ փոքրիկ հեքիաթասացը անկեղծ ու հուզառատ ոգևորությամբ քեզ նախապատրաստում է Ռ. Շահվերդյանի «Ոսկեշեն ու Սիրաշեն» պիեսի խաղարկմանը: Աստվածաշնչյան մարդասիրական խրատների պարզունակ բեմավորումը անսպասելի հմայք է ստանում` 4-5 տարեկան մանչուկների շուրթերից արտաբերվելով: Իրական մարդկանց կերպարանք ստացած Սերը, Հավատը ու նրանց Հույս որդին շուտով արժանանում են մանկապատա նեկան հանդիսասրահի հարաճուն համակրանքին: Բեմադրական միագիծ մեկնաբանությունը` եսակենտրոն քաղքենի ոսկեշենցիների ու գթառատ սիրաշենցիների հակադրության անմիջապես արձագանքվում է դահլիճում: Ջերմ ընդունելությունից սրտապնդվում են «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի թատերախմբի սաները, ջանում խորացնել իրենց մատուցած համամարդկային արժեքների կարևորության գիտակցությունը առավել տպավորիչ բեմական վարքագծով: Խմբի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿԻ շրջանավարտ Վլադիմիր Գևորգյանը (Հրաչյա Գասպարյանի արվեստանոց), ով Արցախյան ազատամարտին մասնակցելիս է դեռ հարազատացել ԼՂՀ ուրույն դիմագիծ ունեցող հայրենակիցներին, չի թաքցնում գոհունակությունը իր «դերասանների» ու հասակակից հանդիսատեսի միջև կայացած փոխըմբռնումից: Ավագ հանդիսատեսը թեթևացած շունչ է քաշում` ներկայիս պղտոր մարդկային փոխհարաբերությունները միանգամայն հնարավոր է ազնվացնել ու գեղեցկացնել: Ըստ իս, «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերափառատոնի առաքելությունը դրանում պետք է տեսնել: Իններորդ «Նռան հատիկի» մշտական հանդիսատեսի ընդհանուր տպավորությամբ` 9 օր անընդմեջ «Մետրո» թատրոնում 2 տասնյակից ավելի խմբերի ներկայացրած խաղացանկը իր բովանդակային նպատակասլացությամբ էր ուշագրավ: Թատերարվեստի հրաշագործ տիրույթում մեկտեղված մանուկներն ու պատանիները` հանդիսատես թե մասնակից, տարարվեստ ներկայացումներից հավասարապես մարդացման անհրաժեշտ դասեր էին ստանում: Առավել ներգործուն, քան դպրոցական կամ առտնին ուսումնադաստիարակչական երբեմն, մեղմ ասած, անլիարժեք կենսագործվող մեթոդաբանության ներկայիս կոնգլոմերատում: Մեծ լոռեցու 140-ամյա հոբելյանը նշանավորող հարակից ծրագրով, որում ներառված էին նաև նրա հեքիաթների մոտիվներով նկարահանված մուլտֆիլմերը, վերստին հաստատվեց հայկական ժողովրդական բանահյուսության գանձերի թումանյանական պարզ ու խորունկ մեկնաբանությունների իմաստությունը: Հիմնական ծրագրի վարագույրը Այգեկցու «Աղվեսագրքով» բացած «Մետրո» թատերաստուդիայի (գեղարվեստական ղեկավար` Ստեփան Շահինյան) խումբը «Թե ինչպես եղավ, որ Տրավիատա մեծ կրկեսը վերածվեց փոքրիկ նավի» ֆրանսիական թատերախաղով ազդարարում է «Նռան հատիկ-2009»-ի ավարտը: Կտխրեն, իհարկե, ամենօրյա թատերաշփումներով մտերմացած մանուկներն ու պատանիները, բայց արվեստի միջնորդությամբ ձեռք բերած կյանքի մարդացնող դասերով, ամենայն հավանականությամբ, նորովի կարժևորեն իրենց առօրյա վարքագիծը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ