ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Լավրենտի ՄԻՐԶՈՅԱՆ. Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, խմբագիր, լեզվաբան, լրագրող: «Կցանկանայի, որ «Ավանգարդ»-ը միշտ լինի ավանգարդում» - Ի՞նչն է կյանքում Ձեզ համար եղել ամենադժվարը: - Ամենադժվարը, թերևս, գիտակցելն էր, որ գյուղից մայրաքաղաք գալով անցնելիք ճանապարհս ինքս պետք է հարթեմ: 17 տարեկանից իմ մեջ ձևավորվել է ինքնուրույ նությունը: Ապրում էինք համայնավարության տարիներին, ասում էին` հովանավորչություն չկա, բայց շատ լավ էլ կար, և եթե ուզում ես նպատակներդ իրագործվեն` պետք է պայքարես: Այդպես էլ կյանքի բոլոր դժվարություններն ինքնուրույն եմ հաղթահարել, այլ ոչ թե կողքից աջակցություն ակնկալել: Յուրաքանչյուրը պետք է ապավինի իր գիտելիքներին, սեփական ուժերին ու հնարավորություններին: Եվ շնորհակալ եմ իմ ծնողներից, որ իմ մեջ աշխատասիրություն են սերմանել, առանց որի ես ոչնչի չէի հասնի: Իսկ գյուղում աշխատանքը շատ էր. տնամերձ հողամասը մշակել, ծառերի չորացած ճյուղերը կտրել, պատվաստ կատարել, կոլտնտեսությունում մայրիկի հետ ծխախոտ մշակել… Իմ հանգիստը գտնում եմ աշխատանքի մեջ: Մարդիկ կարող է և զարմանան, բայց տանս մանրահատակը ես եմ ամրացրել: Նարդի կամ թղթախաղ խաղալ էլ չգիտեմ, որովհետև իմ օրը գրականության, դասախոսությունների և լեզվաբանական աշխատանքների մեջ եմ տեսել: - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ոչ մի. ինքս հայ եմ, ունեմ հայրենիք և մայրենի լեզու: Տարբեր երկրներից առաջարկություններ եղել են, սակայն միշտ գերադասել եմ իմ բնօրրան Հայաստանը: Աշխարհի որ անկյունում էլ հայն ապրի, պետք է գիտակցի, որ իր հայրենիքը Հայաստանն է: Հաճախ խոսում ենք քաղաքակրթության մասին, բայց մեր պահվածքով անգամ, ինքներս մեզ հակասում ենք: Օրինակ` ֆուտբոլի առաջնությունների ընթացքում մեր ֆուտբոլիստները Հայաստանի օրհներգը երգելու փոխարեն մաստակ են ծամում կամ էլ ինչ-որ մեկին աչքով անում: Ինձ ցավ է պատճառում, որ Երևանում թուրքերեն ցուցանակ կա, վատ եմ զգում, որ քաղաքի տարբեր հատվածներում ստիպված ենք գովազդային վահանակներով հիշեցնել, որ մեր երկրի պետական լեզուն հայերենն է: Բա ամոթ չէ՞: Այսօր մեր երեխաներին ինչ ձևով ենք դաստիարակում: Եթե եթերի լեզվով, ապա… դպրոցները լցրել ենք թուրքերեն գրվածքներով, դերասանուհիների ու ֆուտբոլիստների պատկերներով կազմ ունեցող օրագրերով ու տետրերով: Մոռանում ենք մեր ազգային հերոսներին, գրականության ու արվեստի մեծ գործիչներին: Այսօր մարդիկ չգիտեն մեր մշակույթի հսկաներին: Ռուսաստանաբնակ հայ մայրեր կան, ովքեր արգելում են երեխաներին` ընտանիքում միմյանց հետ հայերեն լեզվով շփվել: Գլենդելի հայկական դպրոցի տնօրենը ցավով պատմում էր, որ գնում են բոլոր հայերի տները, խնդրում, որպեսզի վերջիններս իրենց երեխաներին հայկական դպրոց տանեն: Այդ դպրոցը 250 սան ունի, մինչդեռ երեխաների թվաքանակը քաղաքում տասնյակ հազարավոր է: Մարդիկ արհամարհում են իրենց մայրենին: Պետք է բոլորս տեր կանգնենք մեր արժեքներին: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ճիշտն ասած` գաղտնիք չունեմ: Իմ կյանքի լավագույն օրերն անցկացրել եմ մամուլում, թեև այսօր էլ մամուլից հեռու չեմ. խմբագրում եմ «Հանրային կառավարում» ամսաթերթը: Երիտասարդական տարիներս անցել են «Պիոներ կանչ»-ում և «Ավան գարդ»-ում: Ճիշտ է, վերևից կար ճնշում, բայց կար նաև երևակայությունը, երիտասարդական խանդավառությունը, գաղափարները: Հիշում եմ «Ավանգարդ»-ի հրաշալի ընկերներիս` Լևոն Մանուկյանին, Մուշեղ Միքայելյանին, Սերգեյ Բալասանյանին, Այդին Մորիկյանին, Սասունիկ Թորոսյանին: Բոլորը ջահել-ջահել գնացին: Ուրախ եմ, որ այսօր «Ավանգարդ»-ը պահպանում է լավագույն ավանդույթները, որոնք 50-ականներին ստեղծել են փայլուն համաստեղությունը: Այդ տարիներին «Ավանգարդ»-ում աշխատում էին Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Հրանտ Թամրազյանը, Սուրեն Աղաբաբյանը, Լևոն Զաքարյանը, Լորիս Կրոյանը, Արտո Խաչիկյանը: Նրանց հաջորդեցին Վիկտոր Բալայանը, Մուշեղ Գալշոյանը, Արամայիս Սահակյանը: Այնուհետև մեր սերունդը եկավ, որն այսօր արդեն ավագ է համարվում: Մենք վերցրել էինք Սևանի փրկություն ծրագիրը, Նուռնուսի երկաթգծի շինությունը: Ավանգարդյան օրեր էինք անցկացնում շրջաններում: Հիմա էլ, շատ դժվարությամբ, բայց «Ավանգարդ»-ը նորից իր դիրքերում է: Երբևէ չի կորցրել իր մաքուր, գրական լեզուն, նախանձախնդիր է լեզվի անաղարտության համար: «Ավանգարդ»-ը մի դպրոց էր, որը մենք անցել ենք: Այսօր էլ այդ թերթի բովով անցած յուրաքանչյուր լրագրող կյանքում իր տեղը գտել է: Կցանկանայի, որ «Ավանգարդ» -ը միշտ լիներ ավանգարդում. այն պետք է հարատևի, կյանք ունենա: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ինձ համար առեղծվածային ոչինչ չկա. չեմ հավատում առեղծվածներին: Մարդը պետք է աշխատի և ոչ թե իր անգործության մեջ խորհուրդներ փնտրի: Առեղծվածներին տուրք տալով հաջողության չես հասնի: Կյանքի անակնկալներն այնքան մեծ են, որոնց բոլոր տարիքում էլ սպասում ես: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Հեղինակածս գրքերից մեկն էր լույս տեսել, որն արագ սպառվեց: Գրքի շուկայում հարցրեցի այդ գիրքը, մեկն ասաց. «Հա, հա, արի ես ունեմ»: Տեսնեմ ինձ հրամցնում է իմ գրքից պատճենված կազմված տարբերակը: Նկարս չէին կարողացել երևի արտատպել, փոխարենը ծաղիկներ էին դրված, իբր թե մահացած է: Ասում եմ` այս ի՞նչ եք արել, Լավրենտի Միրզոյանը ես եմ: Պատասխանում է, թե. «Դու գիտե՞ս Լավրենտի Միրզոյանն ո՞վ է, դու ո¯ւր, նա ո¯ւր»: Ստիպված անձս հաստատող փաստաթուղթ ցույց տվեցի: Հետո մեղանչում էր, թե մենք չէինք պատկերացնում, որ Լավրենտի Միրզոյանը կարող է էսպես փոքր-մոքր անձնավորություն լինել: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մանկության շատ հուշեր ունեմ: Երևի այն եզակի մարդկանցից եմ, ում տանը իր մանկությանը նվիրված առանձին անկյուն կա: Իմ բոլոր դասագրքերը պահպանված են. 1957 թ. այբբենարանից մինչև վերջին դասարան: Պահպանվում են նաև փոխադրական թերթիկներս, օրագրերս, ատեստատս ու կոմերիտական, կուսակցական, ուսանողական տոմսերս: Ինչպես նաև պիոներական վզկապը, որը ստացել եմ հերոս պիոներ Գրիշա Հակոբյանի գերեզմանի մոտ երդում տալով: 1961-ից մինչև հիմա, ծայրերը կրծոտված ու ճմրթված այդ վզկապը խնամքով դրված է անկյունում: Դուստրերս փորձել են արդուկել այն, բայց արգելել եմ, որովհետև այդ ճմրթվածության մեջ է իմ մանկությունը: Այն ժամանակ ապրում էինք ֆուտբոլով ու հոկեյով: Իմ օրագրերի վերջին էջերում գրված է բոլոր հոկեյիստների անունները, աշխարհի առաջնության խաղերի արդյունքները: Հիշում եմ անգամ, որ 3-րդ դասարանում վարքի պատճառով ինձ հեռացրել էին դպրոցից: Երեք ամիս հետո վերականգնվեցի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ