Արժանապատիվ գոյատևում


«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ առընթեր արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի հիմնադրման 3,5 տասնամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր ցերեկույթը հարյուրավոր երախտավորների էր համախմբել Երաժշտական ընկերության կամարների ներքո: Ու շնորհիվ կազմակերպիչների, և հատկապես համալսարանի հիմնադիր ու անփոփոխ տնօրեն Յուրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ջերմ անմիջականության, միաձուլվել էին 35-ամյա անցյալն ու ներկան: Ժողհամալսարանի բոլոր տարիների դասախոսներն ու ունկնդիրներն իրար ասելիք շատ ունեին: Եվ բոլոր խոսքերի հիմքում նույն հրճվանքն էր` որ կա° կապող սիրելի այն օղակը, որը պարբերաբար` հնգամյա կամ տասնամյա հոբելյանների առիթով մեկտեղում է ամենքին: Իհարկե, համալսարանի ռեկտորի նպատակամիտությամբ, հագեցած է և հաստատության առօրյան: Իսկ կենսուրախ Յուրի Հովհաննիսյանը երկար խոսել չի սիրում: Ու դրա կարիքն էլ չկա. ի սկզբանե զգալի էր, որ տոնը կայացել է. - Ուրախ եմ` բոլորիդ այստեղ տեսնելու համար,- ասում է նա` չմոռանալով, իհարկե, շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր չեն զլացել ու չեն զլանում` իրենց օգտակարությամբ նպաստել ժողհամալսարանի գործունեությանը: «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ խորհրդի անդամ Խաչատուր Ղազարյանի ցանկությունն էլ անկեղծ է. - Կցանկանայի, որ միշտ շարունակական լինի համալսարանի գործունեությունը: Այն եռանդը, որ ունի Յուրի Արշակովիչը, համոզված եմ` դեռ բազում նոր հոբելյաններ են նշվելու: - Այս ողջ ժամանակահատվածում` անկախ, թե ինչ փոփոխություններ կատարվեցին երկրում ու հասարակության մեջ, դուք վստահորեն շարունակեցիք ձեր գործը` չսահմանափակվելով Հայէլեկտրագործարանի շրջանակներում: Դուք եզակի անձնավորություն եք, Յուրի Արշակովիչ. Ձեր նվիրումն ու եռանդը շատերի նախանձը կարող են շարժել,- իր ողջույնի խոսքում նշեց Հանրապետության էլեկտրաարհմիության նախագահ Կարինե Ալոյանը: Իսկ միջոցառման կազմակերպիչները շտապում էին պահ առաջ իրենց անակնկալները մատուցել համալսարանի գործունեությանը նպաստ բերողներին` խնկարկելով նաև նրանց հիշատակը, ովքեր, ավաղ, այլևս մեր կողքին չեն: Հաստատության գործունեությունն ամբողջացնող գիրքն ու հոբելյանական հուշամեդալն, անկասկած այսուհետ ավելի է պարտավորեցնելու նրանց, ովքեր արժանացան դրանց: Ինչպես նշվեց ցերեկույթում` արվեստի և գրականության ժողհամալսարանի ծնունդը սպասվածից էլ հեշտ է եղել, որովհետև եղել են անշահախնդիր ձեռք մեկնողներ: Եվ նրանցից առաջինը միշտ հիշվում է` այն ժամանակ (1974 թ.) Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ծովակ Համբարձումյանը, ով էլ ստանձնել էր երաժշտության ֆակուլտետի դեկանի պարտականությունները: Բայց, Բնականաբար` առաջինը նրան էլ շնորհվում է հուշամեդալը, որը հանձնվում է բոլորի գնահատանքը վայելող գործչի այրուն` Լիլյա Սարգսյանին: - Նրանք, ովքեր արդեն չկան, այսօր էլ մեզ հետ են,- հավաստիացնում են համալսարանականները: …Եվ այդպես` երաժշտական գեղեցիկ կատարումների ուղեկցությամբ, շարունակվում է ցերեկույթը` հուշամեդալների հանձնման արարողությամբ Ի դեպ` ստացողներն էլ արվեստի բնագավառում ճանաչված գործիչներ էին, ովքեր հիրավի նվիրյալներ են, արժանի` ամենայն գնահատանքի: Ի դեպ` «Ավանգարդ» թերթը նույնպես նրանց շարքում էր, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ժողհամալսարանին, նրա ռեկտոր Յուրի Արշակի Հովհաննիսյանին և ասում. - Միշտ նույնքան կենսախինդ եղեք, սիրելի բարեկամ և թող մի°շտ լինի մշակույթն ու գրականությունը լայն զանգվածներին հասանելի դարձնելու կոչված` Ձեր ղեկավարած հաստատությունը:

Տաթև ԱՎԵՏՅԱՆ