«Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ…»


Իբրև սկիզբ ես ասում եմ, որ կեցցեն այն մարդիկ, ովքեր որքան էլ մեծանում են, ժամանակի, բարքերի ու կարգերի հորձանուտում չեն ենթարկվում շրջադարձային պտույտների, միևնույն է, չեն թեքվում, կռանում, այլ մնում են իրենց սկզբունքին ու համոզմունքին հավատարիմ: Այդպիսի մարդկանցից մեկն է մեր օրերի սովորական թվացող նվիրյալ Կիմ Ավագյանը, որի կատարած աշխատանքը իրենից է մեծ տասնամյակներով, քանի որ Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թ., իսկ վերջինս ծնվել է 1949 թ.: Եվ նա իր աշխատախույզ, բնատուր ունակությամբ հավաքագրել, ճշգրտագրել ու փաստագրել է այն բոլոր դեպքերն ու դեմքերի նկարագրությունները «Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը 1922-1972» գրքում, որոնք վերաբերում են պետհամալսարանի սկզբնավորման օրվանից մինչև 1972 թ.: Կիմ Ավագյանը թվաբանական անխաթար ճշտությամբ շարադրել է 1922 թ.-ից համալսարանում ստեղծված բոլոր ՈՒԳ-ների անվանումները, կատարած աշխատանքները, ընթերցված զեկուցումները, ընդունված առաջարկությունները, դրանց հեղինակների կենսագրությունները, երբ և որ ՈՒԳ-ի նախագահ, նախագահի տեղակալ, անդամ և պատվավոր անդամ լինելը: Լունաչարսկու բառերով ասած` «Գիտական կադրերի դարբնոցում… առանց ախորժակի կուլ տված մտավոր սնունդը ամենևին էլ չի սնուցվում» արտահայտությունը մեր համալսարանում ընկալվեց ուղղակի և ուսանողությունը գտավ մտավոր սնունդը ճիշտ կլանելու ճանապարհը, որը ինքնուրույնությունն էր գիտական ստեղծագործական աշխատանքներում, ինչն էլ տվեց աննախադեպ արդյունքներ: Թեև սույն գրքի հրատարակությունը թույլատրված էր 1979 թ., որպես համալսարանի 60-ամյա հոբելյանի նվեր, սակայն այն լույս տեսավ 2009 թ., որպես 90-ամյա հոբելյանի արդեն իսկական և արժանի նվեր: Լույս տեսավ անփոփոխ, այնպես, ինչպես գրվել էր տասնամյակներ առաջ, չէ՞ որ պատմությունը չես կարող փոխել, դրանից այն կխեղաթյուրվի: Այսպես, Երևանի պետհամալսարանը 90-տարեկան է, և այդ տարիների ընթացքում մեր ուսանողության առջև բացվել են «գիտության մեջ աճելու» հեռանկարներ, որպիսիք հազիվ թե եղել են երկրագնդի որևէ նորակազմ հատվածում: Եվ պատահական չէ, որ համալսարանի ուսուցման առաջին քայլերին համընթաց ստեղծվում են ուսանողական գիտական առաջին խմբակները, որոնց աշխատանքները ղեկավարում են անվանի գիտնականներ, գրողներ, նաև ակտիվ ու բանիմաց ուսանողներ: Ինչպես, օրինակ` Ե. Չարենցը, որը ղեկավարում էր գրական աշխատանքները, որին «անձնատուր է լինում ամբողջ հոգով, իսկական խանդավառությամբ»: Այդպիսի խմբակներ ձևավորվում և ստեղծվում են ոչ միայն գրական, այլ` գրեթե բոլոր ֆակուլտետներում ու բաժիններում: Եվ այդ խմբակներում ուսանողները զինվում են ոչ միայն ստացած գիտելիքներով, այլ ցանկացած բնագավառում` ալպինիզմ, ավտոսիրող, սպորտ, հրշեջ ծառայություն, հակաօդային պաշտպանություն, ռազմական, բժշկասանիտարական և այլն: 1941 թ. պատերազմի նախօրեին ՈՒԳ խմբակների ուսանողները մեծ աշխատանք ծավալեցին և° համալսարանում, և° դրանից դուրս` «Մեր երկրի հաղթանակի ու պատերազմից պատվով դուրս գալու» նշանաբանով: Այդ տարիներին ՈՒԳ ընկերությունները գիտա-հասարակական համագործակցություն են սկսում արտասահմանյան 22 երկրների հետ, որը քաղաքական, մշակութային և բարեկամական հիմք է հանդիսանում այդ երկրների ուսանողների համար: Անթաքույց է, որ այդ տարիներին ՈՒԳ-ների անդամները իրենց առաջարկներով, նորարարություններով մեծ դեր են ունեցել մեր երկրի գրական, մշակութային, սոցիալական, բնապահպանական, ռազմական, ծանր ու թեթև արդյունաբերության, բժշկության, քիմիայի, ֆիզիկայի, լեզվի և շատ ու շատ այլ բնագավառներում: ՈՒԳ ընկերությունների աշխատանքները համալսարանում շարունակվում են մինչև այսօր, և մաղթենք նրանց այն բեղմնավոր ուղին, որով անցել են մեր նախորդները: Ուրեմն` համալսարանի 90-ամյա պատմությունը լուսաբանող այս նոր ու հին գրքով հպարտությամբ ասենք. - Շնորհավոր 90-ամյակդ, սիրելի° համալսարան, մենք` քո լուսաշող կամարների տակ կրթված ու դաստիարակված սաներս, հպարտ ենք քեզանով և քո տված գիտելիքներով: Քեզ հարատև կյանք… Վալյա ՄԱՐԳԱՐՅԱՆ Պետհամալսարանի շրջանավարտ