ԱՄԱՌԸ ԹԵԺ ԷՐ, ԲԵՅՑ ՄԻԱՅՆ ԱՐԵՎՈՎ


Արդեն սովորական է դարձել. ամեն քաղաքական սեզոնի ավարտին ընդդիմությունը սպառնում է հաջորդի թեժությամբ, վերջնահաշվում` իշխանափոխությամբ: Եվ ինչ, որքան էլ նման խոստումներին հավատացողների թիվը սեզոնից-սեզոն նվազի, միևնույն է, հայրենի արմատականներն իրենց համոզմունքները ոչ մի դեպքում չեն ցանկանում վերանայել: Նրանց չի խանգարում նույնիսկ այն հանգամանքը, որ այնքան էլ հավատընծա չեն նույնիսկ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ խոսքերն այն մասին, ինչը պարզապես հնարավոր չէ իրականացնել: Եվ դրանում ամենից ավելի համոզված են հենց «գործին» մոտ կանգնածները` արմատականները: Իր հերթին հնագույն երազանքի շարունակական երկարաձգումը քաղաքական սեզոնի քմահաճույքներով հիմնավորելը այս անգամ նրանց թերևս չի հաջողվի, քանի որ կարիք չկա աշխարհի ժողովուրդների պատմության էջերը թերթել` համոզվելու համար, որ իշխանափոխության համար տարվա եղանակը էական չէ. դրա հիմքերն ու հնարավորություններն են կարևոր, ինչն էլ հենց պակասում է մեր «հեղափոխականներին»:Բացի այդ, իրականում էլ դժվար է պատկերացնելն այն հեղափոխության «զորությունը», որը չի իրագործվում ասենք մայրաքաղաքից հեռացած հովեկների բացակայության պատճառով: Առավել ևս` դժվար է վերհիշել, թե մեկ էլ երբ էր հայոց աշխարհն այդչափ ակտիվ իրադարձություններով ամառային ամիսներ ապրել: Ամիսներ, որոնց ամեն մի օրը իսկապես կարող էր ծառայել արմատականներին` ասենք գոնե թեժ աշուն խոստանալու համար: Եվ որքան էլ պայմանները բարենպաստ լինեին, ակնհայտ էր նաև, որ թիմն այդպես էլ չի կարողանալու ստեղծված իրավիճակն իր քաղաքական շահին ծառայեցնել, ինչը, խոստովանենք, նույնպես արդեն սովորական է դարձել: Ինչպես հայտնի է, նրանց հետաքրքրությունները իշխանափոխության երազանքով սկսվում ու դրանով էլ ավարտվում են, սակայն, անկախ երազանքների սահմանափակությունից` նախորդող ամիսներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ կարող էին զգալիորեն ավելացնել նրանց համակիրների թիվը: Այսպես, ՀԴՄ-ների տեղադրման շուրջ թափ առած իրարանցման շրջանում և ոչ մի ընդդիմադիր ծպտուն անգամ չհանեց… Հետաքրքրվելու դեպքում, թերևս, կասեին, թե դեմ են այդ արկղիկների գոյությանը, իսկ հետո, գոնե մի փոքր էլ անկեղծանալու դեպքում, պետք է որ խոստովանեին` իշխանության ցանկացած նախաձեռնության իրենք դեմ են: Մինչդեռ կարելի էր մի պահ էլ փոքր և միջին բիզնեսի պաշտպանի շապիկ հագնել և ամբողջ ձայնով սատարել «անիրավ» ՀԴՄ-ներից դժգոհողներին` խոստանալով իշխանութ յան գալուց հետո վերացնել բոլոր-բոլոր հարկերը: Դժգոհելն, իհարկե, գործին ոչնչով չէր օգնի, բայց բողոքավոր գործարարների մի փոքր հատվածին սիրաշահելով` ընդդիմությունն իր օգտին հեշտությամբ ձեռք բերված անչափ կարևոր քաղաքական միավոր արձանագրած կլիներ: Նույնը կարելի էր անել նաև Սևանա լճի վերաբերյալ ընդունված խորհրդարանական որոշման դեպքում: Ինչպես հայտնի է, մի քանի հասարակական կազմակերպություններ լճի մակարդակը պահպանելու համար էին պայքարում… Սևանա լիճն, իհարկե, հիմա էլ է իր տեղում, բայց բողոքավոր կազմակերպություններից մեկ-երկուսը հերթական «թեժ» սեզոնի մեկնարկին գուցեև որոշեին համալրել նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրեսի շարքերը: Էլ չասած` գների սանձարձակ հաղթարշավի, վրաց-օսական կարճատև հակամարտության հետևանքով մեր հանրապետությունում առաջացած երկարատև աժիոտաժի և այլ նման խնդիրնիերի մասին: Դրանցից յուրաքանչյուրը հերթական հանրահավաքային սեզոնի մեկնարկին մի-մի խաղաթուղթ կարող էր դառնալ, բայց, ինչպես տեսանք, ընդդիմութ յունն այս անգամ էլ նախընտրեց հաշվի չառնել բոլոր նման «մանր» հարցերը: Դե, նրանց համար կարևորը գունավոր հեղափոխությունն էր, հիմա էլ` ոնց որ թե` վերակողմնորոշվելը: