Նվիրված Ջիլի ինքնապաշտպանության 15-ամյակին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց Ջիլ գյուղի ազատագրման 15-ամյակին նվիրված` «Ազատամարտիկ» ռազմահայրե նասիրական բարեգործական ընկերության կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը: 1993թ.-ի հունիսի 28-ից 30-ը Ջիլում տարած հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ մարզի անվտանգության ապահովման համար. այդ օրերին հակառակորդը տվեց 26 զոհ, իսկ հայկական կողմից զոհվեց երկու ազատամարտիկ` Բորիս Կասպարովը և Հարություն Հակոբյանը: Ջիլ համայնքի գյուղապետարանի առջև կազմակերպված մեծարման և տոնական միջոցառմանը հնչեցին հայրենասիրական երգեր, ելույթ ունեցան գյուղի պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկներ, որոնք ևս մեկ անգամ բարձրաձայն վերհիշեցին գյուղի ինքնապաշտպանության կազմակերպման դրվագներ և մանրամասներ: Ապա ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` փաստելով, որ նման ինքնապաշտպանություն իրականացրած գյուղեր Հայաստանում շատ կան: Նախարարը նաև կարևորեց Ջիլում տարած հաղթանակը` նշելով, որ այն մեծ խորհուրդ ունի և, որ մեր զոհված ընկերները զրկել են մեզ սխալվելու իրավունքից. «Այսօր մենք մեծարում ենք ոչ միայն ձեզ, այլև հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն սեփական ժողովրդի ազատության: Այսօր մենք ունենք հզոր բանակ` ստեղծված բոլորիս միահամուռ ուժերով, որը մեր խաղաղության երաշխավորն է և պետք է պարտավորվենք, որպեսզի խաղաղ պայմաններում իրականացված մեր գործողությունները չզիջեն պատերազմի ժամանակ կատարված սխրանքներին: Կրկին շնորհավորում եմ Ջիլ համայնքի բնակչությանը` անառիկ մնացեք և անառիկ պահեք գյուղը»: Նախարարը նաև նշեց, որ նման միջոցառումներով պատշաճ հիմք ենք ստեղծում մեր արժանիքներն ու ազատագրական պայքարի ընթացքում ունեցած ձեռքբերումները պահպանելու և մատաղ սերնդին փոխանցելու համար` սրանով իսկ ապահովելով մեր պատմությունը: Այնուհետև հավաքվածներին ողջունեց նաև հատուկ գնդի վետերանների միության նախագահ Գ.Մելքոնյանը և շնորհավորեց նրանց` համայնքի ազատամարտիկներին պարգևատրելով «Հատուկ Գունդ» մեդալով և պատվոգրերով: Վերջիններս Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվեցին նաև «Երկրապահ» հուշամեդալով: Ապա ազատամարտիկներին համանուն մեդալներ և պատվոգրեր հանձնեց «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպությունը: Միջոցառման ավարտին Ս.Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց համայնքի զոհված ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց շիրիմներին: