Կրթական քաղցկեղ Առավել վտանգավոր է գիտելիքի սոջվը: ԳԻՏՐԱՄ


Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը տիրել ցանկացող ուժերի երկրորդ հեռահար նպատակը այդ գերտերության կրթական հզոր համակարգը խաթարելն էր: Եվ դա բնական էր, քանի որ ինտելեկտից զուրկ, բնազդներով առաջնորդվող հասարակությունը առավել կառավարելի է: Ավաղ, այդ գործունեությունը հաջողությամբ պսակվեց նաև Հայաստանի պարագայում, ինչի պտուղներն ենք քաղում այսօր և այսպես շարունակվելու դեպքում կճաշակենք մոտակա տասնամյակներում էլ: Կրթամակարդակի խեղման գործընթացում, իհարկե, իրենց առյուծի բաժինն ունեն ուսումնական հաստատությունները: Լավ, ասենք` այսպես թե այնպես, քիչ թե շատ, մեղմվեց դրամահավաք կոչված անհեթեթությունը: Բայց հրեշի ուրվականը դեռ շրջում է դպրոցներում` ամեն գարնան հետ խորացնելով «տանիք» չունեցող ու տնօրենի սիրելին չդարած մանկավարժների սարսափը: Ի¯՞նչ նշանակություն ունեն տվյալ ուսուցչի վաստակն ու փորձը. «դուր» չի՞ գալիս տնօրենին` «էստի համեցիր, օպտիմալացում»: Այո, երիտասարդ մասնագետների մասին էլ պետք է մտահոգվել, բայց սաղարթախիտ ծառերը կտրտել` թույլ շիվեր տնկելու համա՞ր… Մանավանդ` նրանց գիտելիքների պաշարն էլ խիստ կասկածելի է: Կամ 30 և ավելի աշակերտներից բաղկացած դասարաններում հնարավո՞ր է ուշադրության կենտրոնում պահել երեխաներին և անշեղ պահել նրանց ուշադրությունը: Այս ամենի սահմռկեցուցիչ արդյունքին բախվում ենք ամեն քայլի. գիտելիքներին անհաղորդ, սեփական պահվածքի հանդեպ անտարբեր, մեծի, անգամ ուսուցչի նկատմամբ հարգանքի նշույլ չունեցող դեռահասներ: Փոխարենը` նրանց ծնողները «դիպլոմային» լուրջ ծրագրեր են կազմում և, դպրոցի ուսուցմանը չվստահելով, դասուսույցներ են վարձում: Ընդ որում` ավարտական դասարաններում, այն էլ` միայն 2-3 առարկայից: Եվ գոնե ընդունելության քննությունների հաջողությունը երաշխավորող այդ կրկնուսույցները չեն բացատրում իրենց «կլիենտներին», որ ախր անհնար է շենքի կառուցումն սկսել 3-րդ կամ 5-րդ հարկից: Երևի թե մանկավարժներն էլ հասցրել են մոռանալ, որ համակողմանիորեն կրթվելու համար 2-3 առարկա իմանալը անչափ քիչ է: Այն էլ` ինչ-որ թեստերի մակարդակով: Ավելի լավ չէ՞ նաև պատրաստի դիպլոմներ վաճառել, քան խաբեությունն ու ինքնախաբեությունը նախընտրել հիմնավոր գիտելիքներից:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ