ՌԵՊԼԻԿ, ԹԵ՞… Անձնանունների աղավաղո՞ւմ


Մեզանում հայտնվել են հայ դասական գրողների առանձին ծավալուն երկերի (հիմնականում` վեպերի) սեղմված տարբերակներ (համառոտագրեր): Այդ սեղմավեպերից են` Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Րաֆֆու «Սամվել»-ը, Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»-ը, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն և Շիրվանզադեի «Քաոս»-ը: Որպես ուսումնական գրականություն ընդունված նորույթը որքանո՞վ իրեն կարդարացնի, ցույց կտա ժամանակը… Արդ մի առաջարկություն ունեմ, որը, կարծում եմ, ավելի կօգնի համառոտագիր այդ երկերը կարդալուն: Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է վերնագրերին: Ի՞նչ կարիք կա, օրինակ, թողնել Րաֆֆու գրած վերնագիրը` «Սամվել», երբ «խնկոապերական» ժողովականների, ինչպես նաև` ներկայիս շոու բիզնեսի կրճատ (աղավաղված) անունների հանգույն` կարելի է համառոտել` «Սամո»: Նույն կերպ էլ` «Վարդո...», «Գևո», ինչու չէ, նաև չափածո գործերը` «Անուշ», դրամատիկականները` Մուրացանի «Ռուզո», Շիրվանզադեի «Մարգուշո», անգամ էպոսը` «Դավո» և այլն: Ինչո՞ւ մեր ժամանակն ու թուղթը զուր վատնենք գործող անձանց անուն, ազգանունները երկար-բարակ հնչեցնելու վրա, երբ կարող ենք մեկ-երկու վանկով, մի շնչով արտաբերել կամ գրել` «Հայկո-Բելո», «Արտո և Արտո» («Արտաշես և Արտավազդ»), «Արո Գեղո և Շամո», «Տիկո և Աժդո», Սմսո, Միքո, Արշո (Ալիմյաններ) և° այլն, և այլն: Հ. Գ. Պ. Պռոշյանի «…Սաքո», «Հունոն», «Բղդո»-ն, Հ. Թումանյանի «Մարոն», Բակունցի «Մուրոն», Գ. Սունդուկյանի «Պեպո» գործերի վերնագրերն ու անձնանունները առայժմ թողնել անփոփոխ…

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ