Հավատա° ուղեցույց աստղիդ...


ՌԴ Ռոստովի մարզի Չալտիր փոքրիկ քաղաքի անունը կարճ ժամանակում այսչափ հանրահռչակելու մասին «Հույսի աստղ» երգի թատրոնի ստեղծագործական խումբը չէր էլ կարող երազել: Երբ 2001-ի ապրիլին Սիրանուշ (Սոնյա) Քիլաֆյանը հիմնեց այն, մի գլխավոր նպատակ էր հետապնդում` զանգվածային հետաքրքրություն առաջացնել դոնահայերի նոր սերունդների մեջ իրենց նախնիների մշակութային արժեքների նկատմամբ: Ընտրված էստրադային ժանրը ապահովեց տարիքային լայն ընդգրկումը: Եվ նոր ձևավորվող ստեղծագործական օրգանիզմի կենսական հիմքերն ամրապնդող վոկալ ու խորեոգրաֆիկ դասարաններում հայտնվեցին 5-ից 25 տարեկան շնորհալիներ: Այսօր այդ յուրատիպ ստեղծագործական արվեստանոցներում ուսանում են համապատասխանաբար` 20 և 60 ապագա արտիստներ: Ձայնավարժանքին ու պլաստիկայի զարգացմանը զուգընթաց նրանցում հավատ է սերմանվում սեփական ուժերի ու կարողությունների նկատմամբ: Սոնյա Գրիգորևնայի և նրա բանիմաց աջակիցների` պարուսույց Իրինա Սոբոլևայի ու երաժշտագետ Վարսենիկ Բայանի մայրական առաջնորդությամբ նորահայտ երգիչներն ու պարողները հնարավորինս բացահայտում ու հղկում են բնատուր շնորհները` օրըստօրե ավելի վստահ քայլելով դեպի իրենց ուղեցույց աստղը: Այդպիսով նրանք դառնում են լիիրավ ժառանգները պատմական Անիից ճակատագրի քմահաճույքով տարագրված իրենց նախնիների, ովքեր 6 հարյուրամյակ ապրելով Ղրիմում` մոտ 250 տարի է, ինչ հաստատվել են ռուսական հողում: Համերաշխ միասնությամբ պահպանելով ու սերնդեսերունդ փոխանցելով ազգային կենցաղին ու մշակույթին բնորոշ առանձնահատկությունները, ծեսերն ու ավանդները` այսօր էլ ապրում, խոսում և երգում են հայերեն` արմատապես կտրված մնալով մայր Հայաստանից: Կարծում եմ, հենց սիրով ստանձնած ու անմնացորդ նվիրումով իրագործվող ազգապահպան առաքելության և պրոֆեսիոնալ ընդգծված նախանձախնդրության շնորհիվ էր, որ կազմավորումից ընդամենը կես տարի անց «Հույսի աստղ»-ը Էստրադային երգի «Եվրոպայի հույսեր» միջազգային փառատոնում (Սոչի) արձանագրեց իր առաջին փայլուն հաջողությունը: Դերասանները դարձան II մրցանակի դափնեկիրներ, I-III կարգի դիպլոմատներ: Իսկ թատրոնն արժանացավ կատարողական վարպետության ու բեմական բարձր կուլտուրայի համար սահմանված հատուկ մրցանակին: Փառատոնային հաղթարշավը այդուհետև սրընթաց տեմպ ստացավ: 2001-ի նոյեմբերին «Հույսի աստղ»-ի արտիստները «Ռուսաստանի արծվիկներ» փառատոնի 5 տարիքային խմբերում նվաճած պարգևներով ճանաչվում են լավագույնները: 2002-ի հունվարին «Եվրոպայի հույսեր» V միջազգային փառատոնի «Էստրադային համույթներ» անվանակար գում շահում են I-II մրցանակներ, I-III կարգի դիպլոմներ: Նույն թվականի մարտին, Մանկապատանեկան ստեղծագործության «Վառիր քո աստղը» մոսկովյան միջազգային փառատոնում, 500 մասնակիցներից լավագույններ են ճանաչվում թատրոնի 2 պատանիներ, 4-ը դառնում են I-III կարգի դիպլոմանտներ: Ստեղծագործական բարձր նվաճումների և դրսևորած վարպետության համար թատրոնն արժանանում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, իսկ նրա ներշնչանքի աղբյուրն ու հիմնասյունը` գեղարվեստական ղեկավար Սոնյա Քիլաֆյանը` ՌԴ քաղաքների միավորման «Ռուսաստանի ժողովուրդների միասնության ամրապնդման և ազգային ինքնատիպության պահպանման համար» մեդալին: «Հուսո աստղ»-ի ուրույն գրավչությունը ժողովրդական երգ ու պարի արդիաշունչ մեկանբանությունն է: Էստրադային մշակումների թատերայնացված մարմնավորումներում զգալի է ավանդականի ոգին: Այս պրիզմայով ներկայացվում են աշխարհի ժողովուրդների երգն ու պարը` դրանք նորովի հրապուրիչ դարձնելով տարատեսակ նախասիրությունների հետամուտ այլազգի հանդիսատեսի համար: Սրա հավաստիքը Ֆրանսիայի 9 քաղաքներում 2004-2005 թթ. համերգային շրջագայությունների խանդավառ, ջերմ անդրադարձներն են տեղի մամուլի էջերում: Առավելապես հայկական հանրածանոթ երգերի ու պարերի ծաղկաքաղերով հարուստ երկացանկը, մեջընդմիջվելով հունական, մոլդովական, հրեական, իսպանական և ռուսական սիրված պարերի ու երգերի մատուցմամբ, հանդիսասրահի ուշադրությունը անձանձիր գամված է պահում բեմի վրա: 2006-ին «Հուսո աստղ»-ը իր դափնիներին ավելացնում է ևս մեկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՌԴ ներկայացուցչության, պետության ու կառավարության անմիջական նախաձեռնությամբ անցկացված մոսկովյան «Բաց Եվրոպա» մրցույթ-փառատոնում նվաճելով պատվավոր II մրցանակը: Նույն թվականին մասնակցում է նաև համահայկական «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ամենախոշոր ազգահավաքին: Սույն թվականին էլ «Հուսո աստղ»-ի արտիստներն ընդգրկված էին այդ մշակութահավաքում: Համերգային 1-2 ելույթները մարզերում, տարբեր երկրներից ժամանած հայրենակիցների հետ համատեղ, լայն արձագանք չէին կարող գտնել: Մինչդեռ նրանք միանգամայն արժանի էին մենաելույթներով հանդես գալու և մայր հայրենիքում ճանաչվելու, պրոֆեսիոնալ գնահատական և մասնագիտական խորհրդատվություն ստանալու: Ինչպես և ներկայացված ստեղծագործական խմբերից շատերը: Կարծում եմ, փառատոնի կազմակերպիչները մայր Հայաստանին մերձեցնելու ավելի օպտիմալ մեխանիզմներ կգտնեն, որպեսզի նախնական փուլում ըստ հայտերի ներկայացված խմբերից, հատուկ հանձնախմբի ընտրությամբ, եզրափակիչում ընդգրկվեն լավագույնները` ամբողջական պատկերացում տալով իրենց կատարողական վարպետության ու դավանած գեղագիտության մասին արվեստասեր հոծ զանգվածներին: Վստահ եմ, ստանալով անհատական վարպետության դասեր` ամենալավ խմբերը կատարելագործման հզոր խթան կստանան: Ամենակարևորը` իրենց կզգան արդի հայ մշակույթի բաղկացուցիչը: Պրոֆեսիոնալ ավելի ցածր մակարդակ ունեցողներին էլ կարելի է նեցուկ լինել` մեր լավագույն արվեստագետներին գործուղելով նրանց կեցության ու գործունեության վայրերը: Որոշ ժամանակ անց այդ խմբերն էլ, անշուշտ, որակական աճ ցույց կտան «Հուսո աստղ»-ի նման:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ