Գարունը` գարնան մեջ


Ինքնագործ խմբերի ամենախոշոր ազգահավաքի հազարավոր մասնակիցների խուռներամ բազմության մեջ հազիվ թե գտնեի վիրահայոց պատվիրակության կազմում առաջին անգամ Հայաստան ժամանած այս սիրունատես աղջնակին, եթե սեփական նախաձեռնությամբ չհայտնվեի Արտաշատ մեկնող խմբում: Ճանապարհի մտերմացնող ուժով ծանոթանում եմ ուղեկիցներիս հետ: Ամենքն են որպես արտասովոր ժամանց դրվատում փառատոնի կազմակերպիչների հայրենաճանաչ մտահղացումը` «Բարեկամության համերգ»-ները ՀՀ մարզերում` կարոտ գիտակ էքսկուրսավարների մանրակրկիտ մեկնաբանություններին: Քաղաքային պուրակում տարերայնորեն ծավալված տոնախմբության զվարթ աղմուկը ամենևին չի խանգարում փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող մեր մտերմիկ զրույցի շրջանակների ընդլայնմանը: Առաջին փառատոնի կազմակերպչական մակարդակն անհամեմատ բարձր գնահատողներից մեկը` Լեհաստանից ժամանած Լուսինեն, տրտմում է հեղինակային երգով հանդես գալու ինքնաբուխ ցանկության մերժումից: Անցյալ հավաքի մասնակիցների նկարներով ձևավորված ծրագրային բուկլետի ընթացակարգային խառնիճաղանջից տրտնջում են շատերը: Ավելորդ շռայլություն էր համարվում միանման վերնազգեստը, որն այդպես էլ չկրեցին հազար մասնակիցներից շատերը: Գուցե ավելի նպատակահարմար կլիներ հուշակրծքանշանո՞վ տարբերակել ամենքին` թույլ տալով, որ պատվիրակություններից յուրաքանչյուրը ներկայանա իր ճաշակին ու քիմքին հարիր արտահագուստով: Թե անհատ կատարողները, թե մասնակի կազմով ներկայացված խմբերը հրաշալի մարզային ժամանցներից ավելի կարիք ունեին իրենց երկացանկի հիմնական ատաղձով մայր հայրենիքում ճանաչվելու, անհատական մասնագիտական խորհուրդներ ու կողմնորոշում ստանալու: Եվ մի խելամիտ ելք էին տեսնում` տարվա ընթացքում առանձին, փուլային մրցակցության կարգով, իրենց կարողությունների մասին կոմպետենտ հանձնախմբին ու հայաստանցի հանդիսատեսին ամբողջական գաղափար տալուց հետո միայն ընդգրկվել, խիստ ընտրությամբ, եզրափակիչ ազգահավաքում: Օտարի դրոշի ներքո ազգային արմատներին հավատարիմ մնալուց զատ կամենում էին հստակ մասնագիտական ուղղորդող մոտեցում գտնել հետագա ստեղծագործության վերընթացն ամրապնդելու համար: Աշխարհասփյուռ կարող ուժերով մեկ ընդհանուր հայկական մշակույթ դառնալու ռեալ ճանապարհն, իսկապես, լրջախոհ վերաձևավորման անհրաժեշտություն է ենթադրում: Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում կազմակերպված մոտ 3 ժամ տևողությամբ համերգային ծրագրի անմիջական տպավորություններով լիովին համամիտ եմ դառնում 3 «Նաիրի» և «Քարավան» պարախմբերի, «Կամուրջ» լարային քառյակի, անհատ կատարողների վերոշարադրյալ մտայնությանը: Համակ ուշադրություն դարձած հետևում եմ տարագիր հայրենակիցներիս ելույթներին և, որպես չակնկալված հայտնություն, սևեռվում «Քելե, քելե» երգի Ալինա Մինասյանի բարեհունչ մատուցման վրա: Ռիթմի անթերի զգացողությունը, բեմական կուլտուրան քացրաձայն այս կատարումն առանձնացնում են շահեկանորեն: Եվ մղում ինձ ավելին իմանալու վիրահայոց պատվիրակության այս մանկամարդ օրիորդի մասին: Թբիլիսիի թիվ 132 հայկական միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհին, պարզվում է, բոլորովին վերջերս է բացահայտել բնատուր օժտվածության իր սահմանները: Հիմա արդեն իր կյանքը չի պատկերացնում առանց երգի: Սերտում է սիրված երգերը, մատուցում ընդգծված արտիստիզմով ու որոնում մասնագիտական մկրտության կոնկրետ ուղիներ: Իր կարողությունների նկատմամբ ինքնավստահություն է ձեռք բերել «Գարունը գարնան մեջ» ինքնօրինակ մրցույթում երիցս հաղթելով: Հայպետդրամայի նախաձեռնած այս ծրագրով ոչ միայն գարնանամուտի ուշագրավ նոր տոնն է դառնում ավանդական, այլև հնարավոր է լինում դպրոցահասակ երեխաների մեջ փնտրել ու գտնել շնորհալիներին: Նրանց մեծ մասը, կողմնորոշվելով սեփական նախասիրություններին պիտանիության մեջ, այնուհետև ընտրում է մշակույթում իրեն վերապահված գործունեության ստույգ ասպարեզը: Ոմանք էլ հաստատվում են թատրոնում, ինչպես Հենրի Պետրոսյանը, ով երգել է «Լախտի» խմբում, բայց, ի վերջո, անդամագրվել ադամյանցիների ընտանիքին: Ալինան էլ դեռ ինքնահաստատման դժվարին փորձություններով պիտի անցնի երազանքն իրականացնելու համար: Եվ շատ ցավալի կլինի, որ այդ գարունը` գարնան մեջ չգտնի բարյացակամ առաջնորդություն իր մեծ ու փոքր ընտանեկան օջախներում, մայր հայրենիքում: Սոխակի դայլայլով է գեղեցկանում կյանքի պարտեզը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ