Հպանցիկ հայացք` Լիբանանի մշակույթին


Մուսալեռցիների ավանդները որդեգրած գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանի անհատական ցուցահանդեսով մեկնարկեց Լիբանանի մշակույթի շաբաթը Հայաստանում: Նկարչական կրթությունը ստանալով ծննդավայրում` լիբանանահայկական Այնճար գյուղի «Թորոս Ռոսլին» կերպարվեստի դպրոցի մասնաճյուղում, որպես ինքնուս նկարիչ այնուհետև մասնակցել է Լիբանանի տարբեր քաղաքներում կազմակերպված խմբակային ցուցահանդեսներին: Բարձր գնահատվելով` շարունակել իր հույզերի ու հետաքրքրությունների գունագծային նոր արտահայտչամիջոցներ որոնել` հընթացս նկարչական հմտությունների ձեռք բերած փորձառությունը փոխանցելով մատաղ սերնդին: Խաղաղության, սիրո և արդարության մունետիկ Ժբրան Խալիլ Ժբրանին` ամենահայտնի լիբանանաամերիկյան գրողին ձոնված գրական ցերեկույթում իմաստավորվում է նրա մեկդարյա անմահությունը: Մինչ օրս ամենաընթերցվող գրքերից է Ժբրանի «Մարգարեն» շնորհիվ բառերի խորունկ պարզության` համահունչ «Աշխատանքը սիրո դրսևորումն է» պատգամի ոգուն: Մեր ժամանակակցի` լիբանանահայ գրող և դրամատուրգ Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսի ներկայացումը (բեմադրիչ` Արմեն Մեհրաբյան) մշակութային մերձեցման նոր արտահայտություն է: «Լիբանանի մշակույթի շաբաթ»-ը ի զորու չէր, իհարկե, նեղլիկ ընդգրկմամբ, ամբողջական պատկերացում տալու արդի ողջ պատկերի մասին: Այն, ըստ էության, հպանցիկ մի հայացք էր, որի տեսադաշտի կենտրոնում, կարծում եմ, «Ֆայհա» երգչախմբի համերգներն էին (մեկը` Գյումրիում): «Արամ Խաչատրյան» համերգասրահի կիսադատարկ դահլիճում ունկնդրելով 5-ամյա երգչախմբի կատարումները` իրաքյան, լիբանանյան ազգագրական երգերը, Զաքի Նասիֆի ու Ռահբանի եղբայրների ստեղծագործություններից` խմբավար և երգահան Էդի Թորիկյանի դաշնավորմամբ` ամենից ավելի տպավորվում եմ` «Երուսաղեմ` աղոթքի քաղաք» գործի ընդհանրացնող ուժով: Այն մի անսովոր շրջագայություն է տարբեր հավատքի եկեղեցիներով, որոնցում ասորիները, հայերն ու արաբները, քրիստոնյաներն ու մահմեդականները նույն բովանդակությամբ աղոթքներ են շշնջում` իրականում տարանջատված լինելով ու այդպես էլ չհանգելով միասնական աղոթքի իրական ուժի գիտակցությանը: « «Ֆայհա»-ն խորհրդանշում է կիտրոնի ծաղկի յուրահատուկ բուրմունքը,- ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Պարգև Թասլաքյանը, ում խմբերգային արվեստի նրբություններն են ուսանել կոմպոզիտորներ Հարություն Թոփիկյանն ու Երվանդ Երկանյանը:- Մեր քառաձայն երգչախմբի 40 անդամներից շատերը քրիստոնյա արաբներ են: Հնչեցնելով նույն սիրով տարբեր ժողովուրդների երգեր` մենք ձգտում ենք արվեստի յուրահա տուկ բուրմունքով միասնականացնել բազմալեզու աղոթքը ողջ մարդկության» : Անցյալ տարի իր առաջին ձայնասկավառակը թողարկած և Վարշավայի միջազգային երգչախմբային փառատոնում նվաճած գլխավոր մրցանակով խանդավառված «Ֆայհա»-ն «Լավագույն խմբավար» անվանակարգում հաղթած իր գեղարվեստական ղեկավարի հետ համադաշն` ձգտում է կատարողական արվեստի բարձունքներին: Հայաստանցի բարձրարվեստ երաժիշտների մասնագիտական աջակցությամբ` երգչախումբը, անկասկած, առաջաքայլ կունենա: Առայժմ նրա գործունեության մեծագույն ձեռքբերումը օտար ափերում Կոմիտաս, Եկմալյան, Կանաչյան հնչեցնելն է, հայ երաժշտարվեստը պրոպագանդելը: Տրիպոլիում «Ֆայհա»-ի առաջին համերգի ունկնդիրները, հայաստանյան ելույթներում նկատված տեղաշարժով գոտեպնդված, լիահույս են խմբի հետագա վերելքին ականջալուր լինել:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ