ԱՐՏԱԳԱՂԹ ԳԱՂԹՕՋԱԽԻ՞Ց

ՍԻՐԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏԸ 


 

Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ և թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչև Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով: Չմոռանանք, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից և սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարևոր շտեմարանի փորձ ամբարած ու նկատառելի արտադրողականություն նվաճած շատ կարևոր միջավայր է:

Մրցակցային կշռույթով ստուգված ու չստուգված լուրերը շրջանառության մեջ դնելու հևքը այսօր ստեղծել են խայտաբղետ մի իրավիճակ, ուր լրագրողական շուկան պահանջ-սպառողի կանոնների հիմամբ հեղեղած է լրատվադաշտը: Այստեղ, որոշ լրատվությունների դեպքում կան պատվերային շարժառիթներ իհարկե, այլոց համար ընդհանուր մրցավազքից ետ չմնալու մղումներ, իսկ սակավաթվերի համար այլ` սիրիահայությանը ձեռք երկարելու գիտակցական ինքնաթելադրանքներից ներշնչված քայլեր:

Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արևմտյան քարոզչության ուղղակի հայացման, նման լրատվությունների բառացի կրկնօրինակացումին և բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների: Արդյունքը` խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը և ապալուսաբանելը:

Որոշ լրատվամիջոցներ սիրիահայության նկատմամբ իրենց ցուցաբերած նախանձախնդրությանը չեն կարողացել սահման դնել: Հոդվածագիրներից ոմանք առաջարկում են ամբողջ սիրիահայությունը տեղափոխել Ջավախք, այնտեղ հատուկ ավան կառուցել` միաժամանակ լուծելով թե´ սիրիահայության խնդիրը և թե´ Ջավախքի հայաթափումի հարցը: Ուրիշներ գաղափարախոսական հիմք են փորձել հաղորդել օրախնդրին` հաստատելով, որ սիրիահայությունը արևմտահայերի շառավիղ է, առ այդ` պետք է վերադառնա Արևմտահայաստան (մոռանալով Կիլիկիան):

...Խնդիրը անշուշտ զերծ չէ նաև ներհայաստանյան քաղաքական շահարկումներից: Իշխանությունները որևէ ձևով պատրաստ չեն ընդունելու հայրենադարձության մասին մտածող սիրիահայերը. հայրենիքից արտագաղթածների դիմաց, ինչպե՞ս կարելի պիտի լինի հայրենադարձություն կազմակերպելը: Եվ այսպես մինչև... «Միջին Արևելքի մեջ ռուսական վերջին կայանի կորստից հետո կարգը Կովկասյան ռուսական կայանին` Հայաստանի Հանրապետությանն է» պիտի ուզեր կանխատեսել մի մեկնաբան:

Սիրիահայությունը համասփյուռքյան առումով հայկական արժեհամակարգի պահպանման մեծ դերակատարություն ունեցած կուռ, կազմակերպ համայնք է, որ ունի խոր արմատներ: Այն քաղաքական շահարկումների ենթարկելը` փոքր և կարճաժամկետ առավելներ ապահովելու համար նվազագույն ասելաձևով լրատվական առարկայականության հետ աղերս չունեցող երևույթ է:

Բայց հարցը անշուշտ միայն լրագրողական արհեստավարժության հետ կապ չունի: Չմոռանանք ստեղծված տագնապին և պատերազմական իրավիճակի հետ թուրքական շահագրգռվածության չափը և Թուրքիայի առաջադրած «անվտանգության գոտի»-ին անմիջականությունը: Հայկական յուրաքանչյուր լրատվամիջոցի կողմից նման հաշվարկ չկատարելու փաստը լրագրողական աշխատանքից ակնկալված օրինաչափությունների չի վերաբերվում միայն:

Սիրիահայության տագնապը երկրի իրավիճակի հետ կարող է երկար տևել: Հայկական լրատվադաշտը զգոնության, սթափության, արհեստավարժության և թշնամու քայլերը հաշվարկելու հրամայականի առջև է: Հեռու` խուճապայնությունից, շահարկումներից և ազդեցության ալիքներին հանձնվելու փորձություններից:

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր