ՕԼԻԳԱՐԽԸ ԳԱՀԱՎԻԺՈ՞ՒՄ Է 


 

Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը շարունակում է ինքն իր գլխին սև ամպեր կուտակել: Վերջինիս ղեկավարած «Արմավիա» ընկերությունից հասարակական դժգոհությունն արդեն գագաթնակետին է հասել, ու, ինչպես հայտնի է, ազգային հորջորջվող ավիափոխադրողի դեմ արդեն իսկ բողոքի զանգվածային միջոցառումներ են կազմակերպվում:

Իսկ ահա Պետեկամուտների կոմիտեի կողմից օրերս հրապարակված խոշոր հարկատուների ցուցակից պարզ է դառնում, որ հակառակ ծայրահեղ թանկ գնային քաղաքականությանը` «Արմավիան» ընդամենը երկրի 251-րդ հարկատուն է: Համեմատության համար նշենք, որ ավիափոխադրողը վճարած հարկերով զիջում է մեր երկրում գործող բոլոր բուհ-երին:

Նույնքան աղետալի է ներկայացվել վիճակը նաև օլիգարխին պատկանող մյուս ընկերություններում: Այսպես. այս տարվա առաջին կիսամյակում «Միկա Քորփորեյշն» ընկերությունը 46,1 տոկոսով ավելի քիչ հարկեր է վճարել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Դե իսկ երբեմնի հանրահայտ «Միկա ցեմենտի» մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Այն խոշոր համարվող հարկատուների հազարյակի 359-րդ հորիզոնականում է հայտնվել: Եվ որքան էլ ցեմենտի արտադրությունը գերշահութաբերներից համարվի, այսուհանդերձ, «Միկան» ավելի քիչ հարկեր է վճարել, քան Վանաձորի բժշկական կենտրոնը, «Բրաբիոն» ծաղկի խանութը, կամ, ասենք, Շիրակի մարզի ջրմուղկոյուղին: