ՀԱԿ-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է «ԲԱՐԳԱՎԱՃԻՑ» 


 

Քաղաքական ամուսնալուծությունների նոր փաստեր են արձանագրվում Հայաստանում: Եթե մինչև վերջերս Հայ ազգային կոնգրեսի համար ամենահուսալի գործընկերը համարվում էր ԲՀԿ-ն, ում հետ Կոնգրեսը կամենում էր ձևավորել հզոր ընդդիմություն, ապա այսօր Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժն այլևս որևէ հույս չի կապում Գագիկ Ծառուկյանի և նրա համախոհների հետ: Կոնգրեսի համար հատկապես անընդունելի է համարվել այն, որ չմասնակցելով միասնական նախագահական թեկնածուի շուրջ տեղի ունեցած որոշ քննարկումներին, ԲՀԿ-ն առավելապես հակված է դեպի Ռոբերտ Քոչարյանը և հանդիսանում է նրա քաղաքական հենարանը Հայաստանում:

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մովսես Արիստակեսյանը օրերս հայտարարել է, որ իրենց համար այլևս մերժելի են «Բարգավաճ Հայաստանն» ու Ռոբերտ Քոչարյանը: ՀԱԿ-ը, բնականաբար, չի կարողանա ձևավորել ազդեցության այնպիսի դաշտ, որ կարողանա նախագահական ընտրությունների ժամանակ հզոր շարժում առաջ բերել: Ուստի արդեն իսկ Կոնգրեսը փնտրում է նոր համախոհների, անգամ ցանկություն հայտնում համագործակցել Դաշնակցության հետ: Թե ինչպիսի զարգացումներ կլինեն` առայժմ չենք կարող ասել, սակայն ակնհայտ է, որ ընդդիմությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում և այսօր արդեն փնտրում է այդ ճգնաժամից դուրս գալու ուղիները: