ՕԵԿ-ԱԿԱՆ «ՀԱՄԵՍՏ» ՆԱԽԱՐԱՐԸ 


 

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը շատ է սիրում ոսկյա զարդեր և գեղանկարներ: Դրանցից նա, ըստ էության, այնքան էլ չի հասկանում, բայց գիտի, որ մեծ կապիտալ են ապահովում: Գեղանկարչական աշխատանքների նրա հավաքածուն գնահատվում է 12 միլիոն դրամ, որը հիմա շատ մեծ հարստություն չէ, սակայն հետագայում կարող է տասնապատկվել: Նախարարի ոսկյա և ադամանդյա զարդերն էլ գնահատվում են 30 միլիոն դրամ: Նախարարն անշարժ գույքի պակաս ևս չունի: Երևան քաղաքում ունի 480.7 քմ մակերեսով բնակելի տուն, մայրաքաղաքի մեկ այլ հասցեում` հողամաս, լողավազան, անավարտ կառույց, 74.8 քմ մակերեսով բնակարան: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ունի 0.889 հա վարելահող և 600 հատ պտղատու ծառեր, իսկ Ծաղկաձոր քաղաքում համատեղ սեփականության իրավունքով նախարարին է պատկանում 294.32 քմ բնակելի տուն և 0.058 հա հողամաս: Սամվել Թադևոսյանն ունի մեկ ավտոմեքենա` 2008 թ. արտադրության «ԲՄՎ X5»:

2012 թ. մարտի 1-ի դրությամբ, վերջին մեկ տարվա կտրվածքով, նախարարն ունեցել է 27 միլիոն 233 հազար դրամ եկամուտ, որից 5 միլիոն 233 հազար դրամը վերահսկիչ պալատից ստացած աշխատավարձն է , իսկ 22 միլիոնը` գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտը: Մարտի 1-ի դրությամբ նախարարի հաշվին եղել է 20 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 6 հազար եվրո: Միանգամայն ճիշտ է, ուրեմն, որ Արթուր Բաղդասարյանը ոչ մի համեստ ապրող մարդու պաշտոններ չի տալիս, նա գերադասում է հարուստներին. բոլոր նրանց, ում բարեկեցության համար ինքը չի մտահոգվելու: Գուցե ճիշտ հակառակը. ստացված պաշտոնների համար «շնորհակալություն» է ստանալու: