Քիչ կերակրել կուսակրոններին 


 

Փաստորեն միշտ չէ, որ առատաձեռնությունն օգտակար է դրանից օգտվողներին: Ահավասիկ, Թայլանդի առողջության ազգային հիմնադրամն ազգաբնակչությանը խնդրել է` բուդդայական կուսակրոն քահանաներին ավելի քիչ սնունդ նվիրաբերել և հատուկ ուշադրություն դարձնել այդ սննդի օգտակարությանը: Տարօրինա՞կ խնդրանք է: Բայց դրա պատճառը շատ ավելի հիմնավոր է: Խնդիրն այն է, որ հոգևոր ծառայողների գրեթե կեսը սխալ սնվելու հետևանքով տառապում է ճարպակալմամբ և այլ հիվանդություններով:

Վերջին ամիսներին կատարված հետազոտությունները փաստել են, որ Թայլանդի կենտրոնական մասի հոգևորականների 45 %-ը տառապում է ճարպակալմամբ ու ավելորդ քաշով, իսկ ավելի քան 40 %-ը` շաքարախտով, արյան գերճնշունությամբ (հիպերտոնիա), խոցային հիվանդություններով և այլն:

Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում և Մյանմեում տարածված` բուդդիզմի Թհերավադա ուղղության հավատացյալները սիրում են իրենց հոգևոր հայրերին սնունդ, վանականի հագուստներ ու առաջին անհրաժեշտության առարկաներ նվիրել: Իսկ կուսակրոնն իրավունք ունի ուտել օրը երկու անգամ` վաղ առավոտյան և կեսօրից առաջ: Դրանից հետո նրանք ծոմապահության մեջ են: Եվ ահա առավոտ ծեգին քահանաները շրջում են վանքի հարևանությամբ գտնվող թաղամասերով և տուն առ տուն անցնելով` ստանում են իրենց բաժինը: Ի դեպ, քահանաներն այնտեղ իրավունք չունեն իրենց աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալ, և նման նվիրաբերումներն աշխարհականների պարտականությունն են: Դրանով մարդիկ ձգտում են իրենց ու հարազատների համար դրական կարմա վաստակել: Բայց դրան արժանանալու նախապայմանը ոչ միայն հոգևորականին լավ ուտելիք բաշխելն է, այլև կարևոր է, որ նա անպայման ուտի այս սնունդը: Ահա թե ինչու մարդիկ քահանաներին հյուրասիրում են իրենց ունեցած լավագույն ուտեստներով: Երբեմն նաև նրանց զամբյուղի մեջ փող են դնում: Կտրականապես արգելվում է միայն ոգելից խմիչք հյուրասիրելը (AFP/MΖdΖree TohlΖlΖ):