ՆՎԻՐՅԱԼԸ 


 

Համատարած ցավի, կրակի, թնդանոթների մահաշունչ որոտի թոհուբոհում նուրբ ու փխրուն հայուհին դարձավ գթության քույր ու ռազմիկ: Արցախյան տարեգրության էջերը փառավորվեցին նաև հայ հերոսուհիների անուններով: Որքան նվիրական երազներ, անկատար իղձեր պիտի իրականություն դառնային, եթե չլիներ պատերազմը...

Եթե չլիներ պատերազմը, ազատամարտիկ, նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ Նունե Աբրահամյանը հուլիսի 30- ին կդառնար 46 տարեկան:

Դեռ 2 տարեկան էր Նունեն, երբ հայրը վախճանվեց` թողնելով նրան ազգությամբ ռուս մոր խնամքին: Աղջիկն ընտրեց մարզաշխարհը և անշեղորեն քայլեց այդ ճանապարհով: 1990-ին հաջողությամբ ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նետաձգության բաժինը: Հաջողություններն ու նվաճումները նրան ուղեկցել են նաև հետագայում. բազմիցս նվաճել է հաղթանակի դափնին: Ազատամարտի տարիներին Նունեն աշխատել է Երևանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում:

- Այդ տարիներին բոլոր հիվանդանոցներում վիրավոր ազատամարտիկներ էին բուժվում: Եվ ահա 1992-ին միանալով «Արծիվ-24» ջոկատի տղաներին` Սամվել Հովսեփյանի հրամանատարությամբ` Նունեն մեկնեց Արցախ: Պետք է ասեմ, որ նախքան ազատամարտը մայրը բազմիցս փորձել էր տանել նրան Ռուսաստան, քանի որ ազգությամբ ռուս էր: Սակայն Նունեն միշտ ընդդիմացել է: Նա իսկական նվիրյալ էր` հայրենիքի նվիրյալ: Երազում էր Արցախի ազատագրման, խաղաղության մասին: Այդպես էլ ապրում է մեր հուշերում: Նունեի հետ բազմաթիվ մարտերի ենք մասնակցել` Չարեքտարի (Քարվաճառ), Դադիվանքի ազատագրմանը, միասին մտել ենք Քարվաճառ,- իր հուշերն է պատմում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արցախյան ազատամարտի մասնակից կանանց» ՀԿ հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Աիդա ՍԵՐՈԲՅԱՆԸ:

Նունե Աբրահամյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ), Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1993-ին ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը, սակայն 1994-ին հակառակորդի առաջխաղացումը հաջողությամբ պսակվեց, դարձյալ մի քանի գյուղեր կորցրեցինք: Օմարի լեռնանցքի ազատագրման մարտերին մասնակցում էր նաև «Արծիվ-24» -ը: Ցրտաշունչ հունվարն էր: Յանշաղ գյուղի մատույցներում Նունեն վիրավորվեց` բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ: Սակայն մարտադաշտը չլքեց: Երկրորդ վերքը մահացու էր… Նրան հասցրեցրին Դրմբոնի դաշտային հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չհաջողվեց. վերքը չափազանց խորն էր:

Նունեի զոհվելուց մի քանի տարի անց մայրը հեռացավ Հայաստանից:

Սակայն յուրաքանչյուր տարի ծննդյան և զոհվելու օրերին թարմ ծաղիկներ են խոնարհվում նրա շիրիմին: 1998-ից գործող «Արցախյան ազատամարտի մասնակից կանայք» ՀԿ-ն հաճախակի է դառնում մեր զոհված հերոսուհիների հիշատակը խնկարկող բազմաթիվ միջոցառումների նախաձեռնող:

Նունե Աբրահամյանի անունով է կոչվում նրա հարազատ` մայրաքաղաքի 150 դպրոցի մարզադահլիճը, ինչպես նաև Հայաստանի նետաձիգների դպրոցը: Նրա հիշատակին են նվիրված նետաձգության ամենամյա մրցումները:

- Առհասարակ կնոջ դերը չափազանց մեծ է եղել Արցախյան ազատամարտում ու նաև այսօրվա խաղաղ բանակում: Ցանկացած վախկոտ տղամարդ պարզապես առյուծ էր կտրում, երբ տեսնում էր կողքին կանգնած կնոջը` զենքը ձեռքին: Եվ կռվում էր արիաբար, քանի որ համոզված էր` վիրավորվելու դեպքում իր կյանքը փրկող կար,- համոզված է Ա. Սերոբյանը: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ