ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ 


Չնայած տարբեր առիթներով գրվել ու ասվել է, որ ՀՀ առաջին նախագահը հեռանում է քաղաքականությունից, այնուհանդերձ ՀԱԿ անդամներն ու ղեկավարներն այն համոզմունքն ունեն, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ին չառաջադրվի նախագահի թեկնածու, ապա Հայաստանում ընդդիմությունն այլևս անելիք չի ունենա: Ու արդեն իսկ հնչում են կոչեր, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը ժամանակի և ընդդիմության հրամայականն է:

Ինքը` առաջին նախագահը, դեռևս ոչինչ չի ասում այս առնչությամբ. անգամ խուսանավում է որևէ խոսակցություն ծավալել առաջիկա ընտրությունների մասին: Մեր ունեցած տեղեկություններով, Տեր-Պետրոսյանն իր ընկերներին ասել է, որ առաջադրվելու մասին ինքը հայտարարություն կանի միայն 2013-ի հունվարի առաջին օրերին, ավելի ճիշտ` իր ծննդյան օրը:

Միշտ վերլուծականությանը հակված բանասիրական գիտությունների դոկտորը, հավանաբար, այս ընթացքում կզբաղվի քաղաքական իրավիճակների և զարգացումների վերլուծություններով, ապա նոր միայն կանի վճռական քայլը: Չի բացառվում, որ իսկապես նա որոշի առմիշտ հեռանալ քաղաքականությունից` ընդդիմության միասնական թեկնածուի պարտականությունը դնելով Լևոն Զուրաբյանի ուսերին: Չի բացառվում նաև, որ այդ թեկնածուն լինի Արամ Զավենի Սարգսյանը, ում և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերություններում առայժմ նկատելի է լարվածությունը: