ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սամվել Բալասանյանը Գյումրիում արդեն բաշխում է քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնները:
Մասնավորաբար, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի և քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի միջև քննարկում է տեղի ունեցել, որից հետո ցուցում է տրվել Բալասանյանին` ընտրվելուց հետո աշխատանքից չազատել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովին և մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին:
Բորիս Ալեքսանովը ՀՀԿ քվոտայով դարձել էր փոխմարզպետ, հետո զրկվել այս պաշտոնից, իսկ դրանից հետո էլ հանգրվանել քաղաքապետարանում` չնայած Վարդան Ղուկասյանը միշտ քննադատել էր Ալեքսանովին:
Նախկին կոմունիստ և նախկին ՀԺԿ-ական Արտաշես Կարապետյանը Վարդան Ղուկասյանի մտերիմներից է և մշտապես ներկա է գտնվում Ղուկասյանի կազմակերպած խնջույքներին ու արտասանում «Ֆայտոն Ալեքը» պոեմից հատվածներ:
Քաղաքապետարանի մյուս բոլոր բաժինների պետերը ու նաև փոխքաղաքապետերը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Բալասանյանը կոմունալ տնտեսության բաժնի պետի պաշտոնում առաջադրել է փեսայի` Ռուբեն Սանոյանի թեկնածությունը, քանի որ նա մի քանի ամիս եղել է նաև Շիրակի փոխմարզպետ:
Տեղեկատվությունը ճշտելու համար զանգահարեցինք Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանին: Հարցը լսելուց հետո նա մի պահ լռեց, ապա ասաց. «Ես ձեզ հետո կզանգահարեմ», և անջատեց հեռախոսը, որից հետո դարձավ անհասանելի: