Թելադրողն ու կամակատարը 


 

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները «Չայքենդ» կոչվող տարածքում գործող «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրին հարակից Արփա գետում էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել Վայքի բնակիչ, 1972 թ. ծնված Կամո Գասպարյանին:

Պարզվել է, որ Գասպարյանը ապօրինի ձկնորսությունը կատարել է նշված ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնության գալով` վերջինիս խնդրանքով:

Եթե այս պատմությունն այդպես էլ ջրի երես չելներ, ապա «Թագուհին ձորի»-ի հիշյալ մենեջերը, ամենայն հավանականությամբ, պատեհ առիթների դեպքում ամպագոռգոռ ճառեր կարտասաներ ընդդեմ ձկնագողության: Երկար-բարակ կխոսեր էլեկտրահարման բարբարոս եղանակով ապօրինի ձկնորսություն կատարելու վնասների և «Կարմիր գրքում» գրանցված ու ազգային արժեք համարվող որոշ ձկնատեսակների պահպանման անհրաժեշտության մասին: Բայց որքան էլ ցավալի է` արձանագրված դեպքը վկայում է, որ որոշ պատասխանատու անձինք հանուն շահի և գրպանի ոտնակոխ են անում շատ արժեքներ: Ավելին, հանցագործությունը ոչ թե կոնկրետ իրենք են կատարում, այլև իրենց հանցավոր մտահղացումների իրագործման և օրինազանցության ճահիճն են ներքաշում նաև այլ մարդկանց ևս` «համաձայնության գալով և խնդրելով» (իհարկե, ոչ գեղեցիկ աչքերի համար), որ ուրիշները դա անեն, իսկ իրենք շագանակներ հավաքեն կրակից:

Ոստիկանությունը ներկայումս պարզում է, թե ուրիշ էլ ո՞վ և ո՞ւմ խնդրել, քանի՞ անգամ և որքա՞ն է կազմում պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Իսկ մինչ այդ` ապօրինի որսված «Կարմրախայտ», «Կողակ» և «Սլիկ» ձկները, ինչպես նաև ռետինե երկարաճիտ կոշիկները, ձկնորսական ցանցը և էլեկտրական հաղորդալարերը առգրավվել են: