ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ


Իշխանություն¬ՀԱԿ երկխոսության հանդեպ մյուս քաղուժերի կողմից դրսևորվող ձևական անտարբերությունը երկար չպահպանվեց: Դեռ երկխոսության արշալույսին մյուսների ցուցաբերած ակնհայտ սառնությունն արդեն իսկ հուշում էր, որ քաղաքական դաշտի մյուս դերակատարները հաստատ ոգևորված չեն բանակցությունների մեկնարկով: Փաստորեն, գործընթացը քամահրանքով հնդկական կինոյի հետ համեմատելու ժամանակն ավելի ուշ էր գալու: Այսինքն, ուշիուշով բանակցություններին հետևող քաղուժերը սկզբից ևեթ չէին բացառում կոալիցիա¬Կոնգրես առաջին իսկ հանդիպման ձախողումը: Ու միայն երկրորդ անգամ կլոր սեղանի շուրջ հավաքվելուց հետո որոշ քաղուժերի համբերության բաժակը լցվեց: Դժվար չէ հասկանալ, որ տևականորեն հասունացած ու վերջապես կայացած բանակցությունները մյուս կուսակցությունների համար քաղաքական արևի տակ տեղ գտնելու խնդիր են առաջացրել: Ընդ որում, հանրապետությունում գրանցված 70 կուսակցություններից վեց տասնյակը բոլոր ժամանակներում լուսանցքում են եղել ու հիմա ամենաշատը կարող են գործընթացը դրվատող կամ թերագնահատող հայտարարություններով ու հարցազրույցներով ներկայանալ: Ավելի բարդ է այն քաղուժերի վիճակը, որոնք հիմնականներից են համարվում: Իսկ խորհրդարանի, Նախագահի և ՏԻՄ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Ու այս առումով հատկապես ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» անելիքն է բարդացել: Ակնհայտ է. երկխոսության երկրորդ փորձից հետո առավելապես այս քաղուժերը պոռթկացին` մատնելով, որ այն իրավիճակում են հայտնվել, երբ կորցնելիք այլևս չունեն: Իհարկե, մի քանի հանդիպումների արդյունքում ՀԱԿ¬ն իշխանություն չի դառնա, ու ոչ էլ նախկին արմատականներին քննադատող կիսաընդդիմադիրներին կհաջողվի զբաղեցնել ոչ այն է դատարկված, ոչ այն է անորոշության դատապարտված ընդդիմադիր դաշտը: Պարզապես բևեռների համատեղման փորձերը քաղդաշտի երկրորդական դերակատարները ծանր են տանում` չկարողանալով կամ արդեն չցանկանալով թաքցնել իրենց «ապրումները»: Այլ հարց է, որ եթե նրանք զգացմունքներին այդչափ շատ չտրվեն ու հնդկական կինոյի հետ համեմատությունները մի կողմ թողնեն, տեղի ունեցածից կարող են նույնիսկ որոշակի ակնկալիքներ ունենալ: Ընդդիմության պայքարում ներգրավված ու կես ճանապարհից անուշադրության մատնված, սպասողական իրավիճակում հայտնված քաղաքական ակտիվին ու ընտրազանգվածին առաջնորդող է պետք: Ու հիմա ճիշտ ժամանակն է` նման նախաձեռնություն դրսևորելու: Այսպիսով, մարդկանց մի հոծ զանգված սպասում է արմատական դիրքերից հանդես գալ պատրաստվող քաղուժ(եր)ի «հայտնությանը»` դրանց զինվորագրվելու: Հենց այս զանգվածը նկատի ունեն սոցիոլոգները, երբ նշում են Լ. Տեր¬Պետրոսյանի քաղաքական նախասիրությունների վերանայման արդյունքում վերջինիս կորցրած ընտրազանգվածի մասին: Եվ ուրեմն, եթե նույնիսկ կոալիցիա-ՀԱԿ հարաբերություններում է թշնամանքը համագործակցության վերափոխվում, ապա քաղաքական դաշտի մյուս դերակատարները պետք է ավելի հստակ վերաբերմունքով ներկայանան: Առավել ևս, որ երկխոսությունն օգտավետ կարող է դառնալ երկրորդական դարձած քաղուժերի համար` համապետական քվեարկություններից առաջ որոշակի ընտրազանգված շահելու առումով: