«Սպա լինելն աշխարհայացք է, զինվորական լինելը` ապրելակերպ»


Դժվարին ու պարտավորեցնող է զինվորականի ուղին, սպայի կոչումը` պատվաբեր ու անչափ պատասխանատու: Հայ զինվորականը եղել է վեհանձնության, առաքինության մարմնացում: Նրա նկարագիրն էլ օրինակ և դաստիարակող գործոն է դարձել նոր սերնդի սպայակազմի համար: Բարոյապես առողջ, զինվորական ծառայությանն անվերապահորեն նվիրված, իր պարտավորությունները գիտակցող ու պատվով կատարող սպան բանակի ողնաշարն է, ամուր հենասյունը: Զինված ուժերը հմուտ, բանիմաց, համակողմանի գիտելիքների տիրապետող մասնագետներով համալրելը եղել և մնում է օրվա հրամայական: Պատասխանատու այս գործում մեծ է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավանդը: 17 տարվա անդուլ աշխատանքի արդյունքում այստեղ կրթված ու կոփված շուրջ 3500 սպաներ համալրել են Ազգային բանակի շարքերը` զարկ տալով բանակաշինությանը: Օրերս ռազմական ուսհաստատությունում լեյտենանտի պատվավոր կոչում շնորհվեց 308 շրջանավարտների, ովքեր իրենց զինվորական ծառայությունը կշարունակեն ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում` ստացած գիտելիքներն ու թարմ ուժերն ի նպաստ դնելով հետագա առաջընթացին: Հանդիսավոր այս արարողությանը ներկա էր Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ, ում ողջույնի խոսքերն անկեղծ էին ու սրտաբուխ. - Այսօր իրենց ծնողների, դասախոսների, ընկերների առջև, մարտական դրոշի ներքո հայրենիքին անմնացորդ ծառայելու, հավատարմության երդում տվեցին և սպայական վկայականներ ստացան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտները: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվեցին հարյուրավոր մոտոհրա ձիգներով, հրետանավորներով, հետախույզներով, ինժեներներով և տանկիստներով: Արդեն շուրջ մեկ ու կես տասնամյակ է` այս օրերին մեծ ուրախություն ենք ապրում` հպարտանալով, որ հրամանատարական տարբեր օղակներում զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարաչափ կիսում են ՀՀ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած հազարավոր սպաներ: Նրանք բանակում զբաղեցնում են հրամանատարական գրեթե բոլոր պաշտոնները` դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատար: Այսինքն` միանշանակ կարելի է փաստել, որ մեր ռազմաուսումնական հաստատություններն արդեն կայացել են ու ծառայում են իրենց նպատակին, ինչը բոլորիս վաղեմի մեծ երազանքն է: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների և խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիցս հաստատել է իր մարտական արհեստավարժությունը և բարոյակամային բարձր որակները: Աշխարհաքաղաքական առկա մարտահրավերները և ԼՂՀ հիմնախնդրի արդարացի լուծման ձգձգումը մեզ թելադրում են մշտապես հզորացնել ու կատարելագործել պաշտպանական համակարգի ձեռքբերումները: Արցախի հերոս նախարարի պատգամն ու մաղթանքները նորընծա սպաների համար հնչեցին որպես թանկ ու անգնահատելի խորհուրդ. - Քիչ է ասել, որ Հայոց բանակն այսօր ձեր կարիքն ունի: Իմ խորին համոզմամբ ԶՈւ ցանկացած ստորաբաժանում պարզապես անփոխարինելի է իր երիտասարդ, եռանդուն, թարմ գիտելիքներով օժտված սպայով, ով իր ենթակա անձնակազմի համար բոլոր առումներով իսկական առաջնորդ է և բոլորի համար կատարյալ օրինակ: Այսպիսի զինվորականը ոչ միայն ենթակա կառույցը, այլև ամբողջ ստորաբաժանումը կարող է տանել դեպի հաղթանակներ: Համոզված եմ, որ փայլուն համագործակցություն կստացվի ձեր` երիտասարդ կադրերի և ստորաբաժանման ավելի տարիքով ու ռազմական փորձով իմաստնացած սպաների միջև: Եվ երիտասարդական այս ավյունի ու փորձի միաձուլումից միմիայն հրաշալի գործեր ու արդյունքներ կարելի է սպասել: Սպա լինելն աշխարհայացք է, զինվորական լինելը` ապրելակերպ: Զինվորականությունը հասարակության յուրահատուկ խավն է: Որպես սպաներ` դուք կրում եք ուսադիրներ, որոնք ընդգծում են ձեր իրավունքներն ու պարտականությունները: Որպես զինվորական` դուք կրում եք համազգեստ, որը հասարակության մեջ ընդգծում է ձեր առանձնահատուկ դիրքը: Պատվո´վ կրեք ձեր ուսադիրները և համազգեստը, որոնք ոչ միայն ձեզ ուղեկցելու են մանր ու մեծ փորձությունների միջով, այլև հնարավորություն են տալու հաղթահարելու դրանք: Դժվարին ճակատագիր ունեցած և պատերազմի թոհուբոհով անցած սպաների նախորդ սերունդը, որոնցից շատերի հետ դուք առնչվել եք` հանձին ինստիտուտի հրամանատարության և պրոֆեսորադասախոսական կազմի, ձեզ հարուստ ավանդույթներ ժառանգեց և լիահույս է, որ դրանք հարստացրած կփոխանցեք մեր զինվորական կրթօջախների շրջանավարտների հաջորդ սերունդներին: Սրտանց շնորհավորելով մեր նորընծա սպաներին` մաղթում եմ քաջառողջություն, զինվորականի դժվարին ուղիով անսայթաք քայլելու և բարձունքներ նվաճելու կամք ու վճռականություն: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է: Հպարտացեք դրանով, եղեք ուժեղ ու հաջողակ: Բարի երթ ձեզ և խաղաղ, անվտանգ ծառայություն: Համոզված եմ, որ դուք հաստատուն քայլերով կլրացնեք հայ զորավարների փայլուն համաստեղությունը: Անկեղծ ու տպավորիչ էին նաև շրջանավարտների կոփման, դաստիարակության գլխավոր պատասխանատուի` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ- մայոր Մարտին Կարապետյանի խոսքերն ու բարեմաղթանքները. - Այսօր տոնական օր է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Մասիսների հպարտ հայացքի ներքո շրջանավարտ սպաների 13-րդ հերթափոխը համալրում է Հայոց բանակի շարքերը: Դարերով հաստատված ճշմարտություն է, որ յուրաքանչյուր ազգի պատմությունը կերտում և իմաստավորում են առաջին հերթին նրա զորական ուժերը: Պատմության ընթացքում արհավիրքները դիմագրավում և հարատևում են այն ժողովուրդները, ովքեր ունեցել են հայրենիքի ճակատագիրը անձնական շահերից վեր դասող անձնվեր որդիներ: Մեր ժողովրդի պատմությունն ի սկզբանե եղել է մաքառման պատմություն: «Շունչդ տո´ւր, հոգիդ տո´ւր, բայց քո հայրենիքը մի´ տուր թշնամյաց» աբովյանական կարգախոսը հայերին ուղեկցել է ողջ պատմության ընթացքում` դառնալով մեր հարատևման հիմնավորումը: Սիրելի´ շրջանավարտներ, հայ ազգի ներկան ու շարունակությունը դուք եք և իրավունք չունեք շեղվելու դարերով իմաստնացած այս կարգախոսից: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար