ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ


Հատկապես վերջերս մեր հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թրաֆիքինգի խնդիրը, որի առաջնային դրսևորումներից մեկն է համարվում սեռական շահագործումը: Քիչ չեն դեպքերը, երբ խաբեությամբ և բռնի ուժով Հայաստանից դեպի Թուրքիա ու Մերձավոր Արևելքի երկրներ են տարվում աղջիկներ, կանայք ու ենթարկվում սեռական շահագործման` հարստացնելով այն «գործարարներին», որոնց համար մարդկային կյանքերի ու արժանապատվության բիզնեսը շատ վաղուց ապրելակերպ է դարձել: Մարդկային խեղված բազմաթիվ ճակատագրեր ենք տեսել, տեսել ենք իրենց դուստրերին սպասող մայրերի, ովքեր ապրում են անորոշության և անլուր սպասումների մեջ` այդպես էլ չիմանալով կամ չկռահելով, թե որտեղ են իրենց աղջիկները, որտեղից են գոյանում նրանց ապրուստի միջոցները: Որքան էլ թաքցնենք ու չկամենանք հանրային հետաքրքրությունների օբյեկտ դիտարկել, այնուհանդերձ Հայաստանն էլ մեկն է այն «առաջատար» երկրներից, որը մարդկանց առևտրի կարևոր հանգրվաններից մեկն է դարձել: Կանանց ու աղջիկների բիզնեսով զբաղվողներից շատերի անունները հայտնի են իրավապահ մարմիններին, նրանցից ոմանք օգտվում են նույն իրավապահների աջակցությունից` գուցեև իրենց «առևտրից» բաժին հանելով հովանավորներին: Սրանք մերկապարանոց հայտարարություններ չեն և ոչ էլ` լրագրողական երևակայության հետևանք. երևույթը կա և շարունակվում է` չարժանանալով պատշաճ վերաբերմունքի: Սակայն մի՞շտ է, որ կանայք ու աղջիկները սեռական շահագործման են ենթակվում խաբեությամբ կամ բռնի ուժով, անգիտությամբ: Ցավոք, այսօր արդեն առավել հաճախ սեփական ցանկությամբ են շատերը գնում մարմնավաճառության` ամեն ինչ բացատրելով սոցիալական վիճակով: 1999-ի ապրիլի 24-ին ինքնաթիռով Ստամբուլից վերադառնում էի Երևան: Դեռ Աթաթուրքի անվան օդակայանի ուղևորների գրանցման հատվածում նկատեցի վառ դեղինով ներկված մազերով, հաստամարմին, զզվելիության հասնող շպարով, ոսկյա զարդերի մեջ շողշողացող մի տիկնոջ: Նա մերթ թուրքերեն էր խոսում` շաղակրատելով օդակայանի թուրք ծառայողների հետ, մերթ դառնում էր իր կողքին կանգնած համեստ հագուստով և համեստ արդուզարդով մոտ երեսուն տարեկան տիկնոջը` հայերեն ինչ-որ բան ասում: Երբ արդեն պիտի գնայինք թռիչքահրապարակ, երեսնամյա կինը գրկեց հաստամարմինին, համբուրեց այտերն ու շշնջաց. - Աշխարհի չափ շնորհակալ եմ քեզ, ապրես, դու ինձ շատ օգնեցիր: Մյուս տարի էլ կգամ, միայն աշխատիր շատ հաճախորդներ ապահովել: Ես սկզբում ուշադրություն չդարձրեցի այս խոսակցությանը, որովհետև ինքնաթիռը լի էր Ստամբուլ առևտրի մեկնած հայ կանանցով և տղամարդկանցով: Նրանց մեջ բացառություն էինք կազմում ես և Մորգենթաուի թոռը: Հենց այս հանգամանքն էլ ստիպեց ինձ որևէ արտառոց բան չտեսնել խոսակցության մեջ, սակայն զարմացա տեսնելով, որ ի տարբերություն մյուս ուղևորների, այս երիտասարդ կինը շատ ուղեբեռներ չուներ: Արդեն ինքնաթիռում իմ կողքին նստած մի տիկին կամացուկ բացատրեց, որ այդ կինը Ստամբուլ էր եկել մարմնավաճառության, իսկ նրան ճանապարհող երևանցի Սոֆիկն էլ արդեն մի քանի տարի զբաղվում է Ստամբուլի հասարակաց տներին հայաստանցի կանայք և աղջիկներ մատակարարելով: Սոսկում ապրեցի` առաջին անգամ իմ կյանքում տեսնելով կավատի, ով ամենամեծ սրբապղծությամբ է զբաղվում` թուրքերին մատուցելով հայ կանանց: Ժամանակ անց բազմաթիվ փաստերի տեղեկացա, տեսա Երևանից, Գյումրիից ու Վանաձորից Թուրքիա «մշտական աշխատանքի» մեկնող հայ կանանց ու աղջիկների, որոնցից մի քանիսին անձամբ էի ճանաչում, տեղեկացա նրանց «գործունեության» մասին... Ո՞վ էր նրանց ստիպում, ո՞վ էր պարտադրում: Ըստ էության` ոչ ոք: Գյումրիից ինձ ծանոթ մի տիկին հպարտությամբ էր պատմում, որ իր աղջիկը Թուրքիայում մի լավ ընկեր ունի, տարվա զգալի մասը նրա մոտ է անցկացնում, իսկ թուրք երիտասարդն էլ նրան մեծ գումարներ է տալիս: Չուզեցի հավատալ: Հետո երբ զրուցեցի աղջկա հետ, նա անկեղծորեն պատմեց, որ այդ երիտասարդն իր «տերն» է, ում մոտ ինքն «աշխատում է»: Անժելան (պայմանականորեն այսպես կոչենք նրան) սկսեց արդարանալ, թե հարկադրված է դիմել այդ քայլին, թե Հայաստանում աշխատատեղ չկա: Ճիշտ այդպես արդարանում են երևանյան «գիշերային թիթեռնիկները», որոնք կանգնում են Կրկեսի և «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, Ամիրյան և Բաղրամյան փողոցներում, Հաղթանակի կամրջի մոտ: Նրանք մեծագույն հաճույքով կատարում են իրենց «աշխատանքը»` օրավուր դառնալով ցինիկ ու անսանձ: Հասարակական կազմակերպություններից մեկը, գուցե «Սորոսի» կամ մեկ այլ հիմնադրամի կողմից դրամաշնորհ ստանալու նպատակով, հանկարծ կարող է տարփողել, թե այս կանանց իրավունքները ոտնահարվել են, թե նրանք ճարահատյալ ելել են փողոց` իրենց հաց հանապազօրյան վաստակելու, սովից չմեռնելու համար: Բայց արդյո՞ք սովն ու սոցիալական կեղեքումներն են նրանց տարել փողոց, թե՞ մարմնավաճառ լինելու հաճույքը, այդ հաճույքից ստացվող գումարները... Տարիներ առաջ երիտասարդ մի աղջիկ այսպիսի ինքնախոստովանություն արեց. - Եղբայրս պատերազմի մասնակից է, տուն է վերադարձել հաշմանդամ դարձած, աշխատանքի անընդունակ: Չնչին թոշակ է ստանում, որն անգամ ծխախոտի չի բավականացնում, իսկ նա շատ է ծխում, ծխում է` այրող ցավը մոռանալու համար: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո` ես գյուղ վերադարձա: Գունավոր երազներ ունեի, հրաշալի ծրագրեր, ուզում էի լավ ուսուցչուհի լինել, մեր մայրենիի ուսուցչուհու նման, ում մեկ-մեկ երազիս մեջ եմ տեսնում: Դատարկվող ու ամայացող գյուղում ընդամենը երեսունհինգ աշակերտ կա, երեսունհիգ աշակերտ` տասը դասարանում: Պատկերացնո՞ւմ եք` իններորդ և տասներորդ դասարանում մեկական աշակերտ: Աշխատավարձ են տալիս աշակերտների քանակով: Ես երեք-չորս դասարանում միանգամից էի պարապում, մի դասի ընթացքում մի թեմայից մյուսը թռչում: Ուրեմն, ոչ աշխատանքն էր հաճույք պատճառում, ոչ էլ աշխատավարձն էր բանի նման: Որոշեցի քաղաք գալ և այստեղ աշխատելով ընտանիքիս օգնել: Շամպայն գործարանի մոտ մի ծեր կնոջ տանը սենյակ վարձեցի: Ամեն երեկո այնտեղ տղամարդիկ ու կանայք էին հավաքվում, խմում ու ծխում, հռհռում, մինչև լույս մնում այդտեղ: Ինձ չէր հաջողվում որևէ դպրոցում տեղավորվել: Մի երկու խանութ գնացի, բայց մի քանի օր աշխատելուց հետո` հեռացա, որովհետև ամեն աշխատանքային օրվա վերջում նկատում էի, որ իմ սպասարկած բաժնից ինչ-որ բան պակասում էր: Լաց էի լինում, հուզվում: Մի օր տանտիրուհիս, որին արդեն երկու ամսվա վարձ էի պարտք, իր սենյակ կանչեց, որտեղ տղամարդիկ ու կանայք էին հավաքվել: Առաջարկեց սեղանի մոտ նստել: Սոված էի, երեք օր ոչինչ չէի կերել, մի երկու բաժակ օղի խմեցի, ստամոքսս տաքացավ: Հետո չհասկացա, թե ինչպես բաժակների թիվն ավելացավ, իսկ գլուխս սկսեց պտտվել: Արթնացա սուր ցավերից, գլխապտույտից… Ամեն ինչ հասկացա: Հարձակվեցի տանտիրուհու վրա, գոռգոռացի: Նա անտարբեր լսեց իմ գոռգոռոցները, հետո գրպանից հանեց թղթադրամներ ու ասաց. «Մեկ ամսվադ վարձն արդեն փակված է, սա էլ վերցրու` ուտելու բան կառնես»: Ես ուզում էի պատռել փողերը, նրա երեսին շպրտել: Բայց գնալու տեղ չունեի, անձնագիրս էլ այդ քավթառ կավատի մոտ էր. մինչև վարձը չփակեի` անձնագիրս չէր տալու… Մի երկու օր հետո նորից կանչեց իր տուն, նորից այնտեղ կանայք ու տղամարդիկ էին հավաքվել: Երեսունին մոտ մի բարձրահասակ տղամարդ նայում էր ինձ ու խորամանկ ժպտում, հետո նստեց կողքիս, ձեռքը տարավ դեպի ուսս ու կամաց շշնջաց. «Ազիզ, էն օրվա համար կներես»: Ազիզ բառից սիրտս խառնեց, ուժով ձեռքը հեռացրեցի ուսիցս, կատաղությունս թաքցնելու համար մի բաժակ օղի խմեցի: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես նրա հետ սենյակս գնացի: Առավոտյան տանտիրուհին ասաց, թե տղամարդու տված փողը հերիք չէ մի ամսվա վարձի համար, բայց ինձ էլի մի քիչ փող տվեց` ուտելիք գնելու համար: Մի քանի օրից վարձս փակվեց: Ես վերցրեցի հագուստներս, դուրս եկա տնից: Ամբողջ օրը ման եկա Երևանում, բայց հարմար գնով բնակարան չգտա: Իրիկունը նորից եկա պառավի մոտ… Հետո հարմար բնակարան գտա ու տեղափոխվեցի: Ունեցածս փողը նորից վերջացավ, մանավանդ արդեն հասցրել էի գյուղ փող ուղարկել: Երեկոյան եկա ցիրկի մոտ ու կանգնեցի: Բախտս բերեց, ուշ ժամ էր, ես մենակ էի, ոչ մի մարմնավաճառ չկար: Ես չգիտեի, որ տարածքները բաժանված են, որ ամեն մեկն իր «նայողն» ունի` այն էլ ոստիկանության աշխատող, որ ամեն մի տեղում մի թագուհի կա… Մի մեքենա կանգնեց կողքիս... Ես գնացի այդ մարդու հետ: Լավ վճարեց, հարգանքով էր վարվում ինձ հետ, հասկացավ, որ նորեկ եմ, որ կրթված եմ: Հիմա մեկ-մեկ նրա հետ եմ հանդիպում, բայց զբաղված մարդ է, չի կարող հաճախ գալ, իսկ ինձ փող է պետք: Ես կարեկցում, բայց չէի հասկանում նրան: Հիմա էլ չեմ ուզում հասկանալ...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ