ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ


Անցյալ շաբաթ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկու սկզբունքային խնդիր արծարծեց, որոնք լուրջ խորհրդածությունների տեղիք տվեցին: Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, նա արձանագրեց, որ Հայաստանում բարեփոխումների առաջին փուլը մոտեցել է ավարտին, իսկ երկրորդ փուլն անխուսափելիորեն հարվածելու է քաղաքական և տնտեսական էլիտայի շահերին: Ուստի այնպիսի ուժի անհրաժեշտություն է ծագում, որ կստանձնի ամբողջ պատասխանատվությունը, քանզի պահանջվելու է մեծ կամք ու վճռականություն: Եթե այսպիսի կարծիք հայտներ որևէ ընդդիմադիր գործիչ, ասենք, օրինակ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, ապա ամեն ինչ կդիտվեր օրինաչափ և զարմանալու կամ անակնկալի գալու առիթ չէր լինի: Եթե բացում ենք փակագծերը, ի հայտ են գալիս ակնհայտ, նույնիսկ «անզեն» աչքով տեսանելի ենթատեքստեր: Մանրամասնենք: Արտգործնախարարը բարեփոխումների առաջին փուլը (բնականաբար այն ընդգրկում է 1991-ից մինչև առնվազն 2007 թ.) արդյունավետ է գնահատում և գտնում է, որ այն նպաստել է սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկրի ընդհանուր առաջընթացին: Եթե իրոք դա այդպես է, այսինքն` ամեն ինչ ընթացել է բնականոն և ճիշտ հունով, ապա ինչո՞ւ բարեփոխումների երկրորդ փուլում անհրաժեշտաբար պետք է հարված հասցվի Հայաստանի ներկայիս տնտեսական ու քաղաքական էլիտային: Մավրը արել է իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ. արդյո՞ք շեքսպիրյան այս ձևակերպումով է վերծանվում Օսկանյանի միտքը: Կարծում ենք` ոչ: Չպետք է անտեսել, որ վերջինս առաջին հերթին դիվանագետ է, և նույնիսկ բարձրակարգ դիվանագետ, հետևաբար իր արտահայտած կարծիքի մեջ առկա հակասությունը, իհարկե, նկատում է: Սակայն իրողությունների երկիմաստությունը քողարկելու լավագույն ձևը «դիվանագիտական» լռությունն է, այլ կերպ ասած` մանրամասների մեջ չխորանալը, այլապես իր մտքում եղածը կհառներ բացարձակ մերկությամբ: Իրականում ոչ մի պարադոքս էլ չկա: Ամեն ինչ պարզ է: Եթե բարեփոխումների առաջին փուլը իրոք արդյունավետ է եղել. ապա տարրական տրամաբանությամբ, մեր քաղաքական և տնտեսական վերնախավը արդարացրել է իրեն. ուրեմն ի՞նչ կարիք կա երկրորդ փուլում նրան հարվածել: Այլապես կստացվի, որ կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես: Իսկ դիվանագետը, ելնելով տարբեր հանգամանքներից և շահերից (ի դեպ` չբացառենք նաև երկրի շահերը) չի կարող մինչև վերջ «բաց» լինել, իրականությունը ներկայացնել «հեղափոխական» անկեղծությամբ և ասել. «Պարոնա°յք, չնայած երկրի որոշակի առաջընթացին, Հայաստանի քաղաքական, տնտեսական վերնախավը չի համապատասխանել այն ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են զարգացած, ուժեղ պետություն ստեղծելու համար. հետևաբար պետք է այն հիմնովին փոխել»: Եվ իսկապես, եթե դիվանագիտական շղարշը նետենք մի կողմ. մեր առջև «կհառնի» հեղափոխականի կերպարով արտգործնախարար: Ի վերջո, հենց հեղափոխության արդյունքում են հիմնովին փոխվում պետության քաղաքական վերնախավերը: Ի դեպ, Վ. Օսկանյանը էլիտայի շահերին հարվածելու կանխատեսումն անելիս` կարող էր դիվանագիտորեն օտագործել «որոշ» բառը: Կստացվեր մոտավորապես այսպիսի ձևակերպում. «Հարվածի տակ կընկնեն Հայաստանի քաղաքական, տնտեսական էլիտայի ՈՐՈՇ ներկայացու ցիչների շահերը»: Սա արդեն հիմնովին փոփոխություն չի ենթադրում: Հետևաբար, հեղափոխականության տարրերն էլ ինքնըստինքյան վերանում են: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ենթադրում ենք, որ արտգործնախարարը հեղափոխության կամ հեղաշրջման կողմնակից է: Քավ լիցի: Պարզապես հակված ենք կարծելու, որ իշխանական մի որոշակի թև (որի ներկայացուցիչն է նաև Վ. Օսկանյանը) ապագա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մտադիր է իրականացնել արմատական վերափոխումներ (այն, ինչ ընդդիմությունը անվանում է համակարգային փոփոխություններ): Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում. նույնիսկ շատ լավ է: Այն, ինչ ցանկանում է անել ժողովուրդը «ներքևից», բայց չի կարողանում, կիրագործեն իշխանությունները «վերևից»: Սակայն հիացական բացականչությունից առաջ արժե մի պահ «կանգ առնել» և մտածել հնարավոր վտանգների մասին: Արդյոք չի՞ սկսվելու «վհուկաորս» արդեն նախկին դարձած քաղաքական և տնտեսական գործիչների նկատմամբ: Արդյո՞ք չորն ու թացը չի խառնվելու իրար: Փոփոխությունները միտված են լինելու երկրում առողջ մթնոլոր տի ստեղծմա՞նը, թե՞ «նորերը» զուտ անձնական խնդիրներ են լուծելու: Կատարելու են սեփականության պարզ վերաբաշխում` ի շահ իրենց, ինչպես դա կատարվել և կատարվում է Վրաստանում, հատկապես Ուկրաինայում: Այս պարագայում երկրին չի՞ սպառնա քաղաքական և որպես դրա հետևանք` տնտեսական ճգնաժամ: Եվ ինչպես հաճախ է լինում, հետո երանի չե՞նք տա անցյալին: Արմատական փոփոխություն ները երկսայրի սուր են. կարող են հանգեցնել խիստ դրական, միաժամանակ ու հավասարաչափ խիստ բացասական հետևանքների: Ամեն ինչ կախված է ոչ միայն դրանք իրականացնողների ուժեղ կամքից ու վճռականությունից, այլև մղումների անկեղծությունից ու հումանիզմից: Ինչևէ: Խորհելու առիթ տվող հաջորդ միտքը Օսկանյանի գնահատականն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Ըստ նրա, այսօր օգտագործվում է Սփյուռքի ներուժի 1-2 տոկոսը միայն: Եվ կրկին հակասություն: Եթե Հայաստանի իշխանությունները 15 տարի շարունակ այդքան հաջող բարեփոխումներ են իրականացրել, ապա ինչո՞ւ արտերկրում ապրող մեր հայրենակիցներն այդքան անտարբեր են մնացել հայրենիքի նկատմամբ: Չէ՞ որ եթե արդյունավետ են եղել այդ բարեփոխումները, Հայաստանը վերածված էլ չլիներ ավետյած երկրի, գոնե մագնիսի պես պետք է ձգեր սփյուռքահայերին, ովքեր իրենց հսկայական կապիտալը ներդնում են ուր ասես, բացի հայրենիքից: Բոլոր դեպքերում անկեղծությունն ավելի օգտակար է, և ավելի լավ կլիներ խոստովանել, որ բարեփոխումների առաջին փուլը եղել է կիսատ-պռատ, ինչ-որ առումով` իմիտացիոն, և լուրջ հաջողություններ չի արձանագրել: Այսպես կոչված, երկրորդ փուլի հիմնական խնդիրն էլ լինելու է ձևականությանը լուրջ բովանդակություն հաղորդելը: