Ամառը «իր շավղից դուրս է սայթաքել»


Անակնկալ համարենք թե ոչ, Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում, ամառվա սեզոնին ոչ բնորոշ լարվածությունը պահպանվում է` նույնիսկ սրացման միտումներ դրսևորելով: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ անդամակցելու է ՀՀԿ-ին: Երկու օր հետո տեղի է ունենալու ՀՀԿ արտահերթ համագումարը, և քաղաքական դիտորդները անհամբերությամբ սպասում են, թե բացի վերոնշյալ իրողությունից, ուրիշ ինչ անակնկալներ է մատուցելու իշխող կուսակցությունը: Գրեթե բոլոր վերլուծաբաններն այն կարծիքին են, որ ապագա խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունենալու` ՀՀ նետած «ձեռնոցը» ի զորու է «վերցնել» միայն «Բարգավաճ Հայաստանը»: Ի դեպ` ուրվագծվում է մեկ այլ հետաքրքիր և կարևոր իրողություն ևս: ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը, որը ձեռնամուխ էր եղել նոր` «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստեղծմանը, այնուամենայնիվ, աստիճանաբար սառեցնում է կուսակցաշինության գործընթացը և ամենայն հավանականությամբ պատրաստվում է «խաղալ» ՀՀԿ «դաշտում»: Կա երկու ճանապարհ: Կամ «Ժողպատգամավորը» վերջնականապես կհրաժարվի կուսակցություն ստեղծելու գաղափարից և գրեթե ամբողջ կազմով կհամալրի ՀՀԿ շարքերը, կամ կհրավիրի համագումար, «դե յուրե» կստեղծի կուսակցություն և ընտրությունների նախաշեմին դաշինք կկազմի ՀՀԿ հետ: Համենայնդեպս, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լյովա Խաչատրյանը չի բացառում, որ ՄՀՀ-ն կարող է միավորվել Հանրապետականի հետ` համախոհների թիմ կազմվի: «Ի՞նչ խնդիր կա, հնարավոր է, որ ինչ-որ մեկի հետ միավորվի»: Կարծում ենք` ենթատեքստը առավել քան պարզ է ու թափանցիկ: Իշխանական թևերի մրցակցության պարագայում շարունակում են ի հայտ գալ բազում հարցականներ: Մասնավորապես. 1) Երկու հզոր ուժերից որևէ մեկին կաջակցի՞ մյուս իշխանական կուսակցությունը` ՀՅԴ-ն, թե՞ կձգտի ձերբազատվել երկուսից էլ` նախընտրելով ինքնուրույն «խաղը»: 2) Իրեն կառուցողական ընդդիմություն հռչակած Սամվել Բաբայանի «Դաշինքը» իշխանական որևէ թևին կզորակցի՞, թե՞ այնուամենայնիվ, կհամագործակցի ընդդիմադիր ճամբարի կուսակցությունների հետ: 3) Վճռական պահին ինչ դիրք կբռնեն իշխանական և ընդդիմադիր ճամբարների միջև «լողացող» ՀՌԱԿ-ը, «Արժանապատիվ ապագան»` ՔԴՄ-ն, «Հզոր հայրենիքը», ՀԺԱՄ-ը: Ինչու չէ, նաև ԱԻՄ-ը և մի շարք այլ կուսակցություններ, որոնք ընտրարշավներին մասնակցելու որոշակի փորձ ունեն, բայց 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու շանսերը նվազագույն են: 4) Ի վերջո` ինչպիսի ներուժով կարող է հանրությանը ներկայանալ արմատական ընդդիմությունը, որն առայսօր կազմակերպ վելու, համախմբվելու նշաններ ցույց չի տալիս: Ընդդիմության վերակենդանացման հույսերն աստիճանաբար ավելի են մշուշվում: Այսպես շարունակվելու դեպքում, ԱԺ ընտրություններում արմատականները, հանդես գալով անջատ-անջատ , պառակտված, լուրջ հայտ ներկայացնել չեն կարող: 5 տոկոսանոց արգելքը ինքնուրույն կարող են հաղթահարել միայն «Ազգային միաբանությունը» և ՀԺԿ-ն: Մյուս բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հրաշքները բացառելու դեպքում, ամենայն հավանականությամբ կմնան «բորդյուրին»: Սակայն ժամանակից առաջ չանցնենք, քանի որ ընդդիմադիրների համախմբումը, գոնե տեսականորեն, բացառված չէ: Ներքաղաքական կյանքի բազում հարցադրումների կողքին հավասարաչափ ավելանում են Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող հարցականները: Մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջացել է «պատային» իրավիճակ, որից դուրս գալու ելքեր պարզապես չեն նշմարվում: Պարզվում է, Մեթյու Բրայզայի բացահայտումները նախաձեռնել էր միայն ամերիկյան կողմը` առանց համաձայնեցնելու Մինսկի խմբի Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահների հետ: Արդյունքում ստացվեց կատարյալ «շիլաշփոթ»: Մեկ բան է ասում ԱՄՆ համանախագահը, բոլորովին այլ բան` Ռուսաստանինը, մի երրորդ դիրքորոշում ունի Ֆրանսիայի համանախագահը: Դիրքորոշումների, տեսակետների, ստեղծված իրավիճակի գնահատականների տարբերությունները ենթադրել են տալիս, որ Մինսկի խմբի աշխատանքները մտել են փակուղի: Այս իրավիճակից դուրս գալու ելքը քննարկման նյութ կդառնա միջազգային կառույցներում: Հնարավոր է` լինեն անակնկալներ: Օրինակ, չի բացառվում, որ գերտերությունները նպատակահարմար գտնեն ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացը հանել Մինսկի խմբի իրավասության շրջանակից: Այս դեպքում, հավանական է, Հայաստանի դիվանագիտությունը կհայտնվի նոր մարտահրավերների դեմ-հանդիման: Կա նաև այլ տարբերակ` Մինսկի խմբի երեք համանախագահների միաժամանակյա փոփոխությունը: Բոլոր դեպքերում` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստ պետք է լինի յուրաքանչյուր անակնկալի: Մերձավոր արևելքում իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի պատճառով արտակարգ սրված իրավիճակը, ռազմական գործողությունների ծավալումը Լիբանանի տարածքում, Սիրիայի հնարավոր ներքաշումը պատերազմի մեջ, գերտերություններին կարող է դրդել մարտավական կտրուկ փոփոխություններ կատարել իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներում: Դա ենթադրում է ինչպես դիրքորոշումների մոտեցում ԱՄՆ-Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններում, այնպես էլ հակառակը` տարաձայնությունների խորացում: Ենթադրվող յուրաքանչյուր փոփոխություն չի կարող իր անուղղակի ազդեցությունը չունենալ ինչպես ամբողջ Հարավային Կովկասի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներում: Այնպես որ` ամառը դեռ իր «թեժությունը» կպահպանի հայաստանյան կյանքի բոլոր ոլորտներում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ