ՔՆՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ


Այսօր մեկնարկեց քննական հերթական ամառը` իր հորձանուտի մեջ առնելով դիմորդներին և նրանց ծնողներին: Իսկ մինչ այդ ՀՀ ԿԳ նախարար, ի պաշտոնե` ընդունող հանձնաժողովի նախագահ Լևոն Մկրտչյանը լրագրողներին ու նրանց միջոցով նաև հանրությանը հավաստիացրեց, որ առավելագույնս հետամուտ են լինելու քննությունների արդարությանն ու թափանցիկությանը: Անկեղծ ասած` նման խոստում հնչեցնում էր նաև նախորդ (բարեբախտաբար` արդեն նախկին) նախարարը, ում բոլոր խոստումներն այդպես էլ «թափանցիկ» գեղեցկախոսություն մնացին: Լևոն Մկրտչյանի պարագայում (նախ և առաջ` անձով պայմանավորված), հավատընծա է հավաստիա ցումը: Եվ գնահատելի է նախարարի անկեղծությունը ևս. - Քննություններն ինքնին սուբյեկտիվ գործոն են և ենթադրում են ստվերային գործընթաց: Ու տեղին է այն մտահոգությունը, թե նորին մեծություն Ստվերը կարող է անդառնալիորեն խաթարել արժանավոր դիմորդի ճակատագիրը: Գաղտնիք չէ, որ քննական «ավանդույթի» է վերածվել առաջին օրերի բացակայությունները: Դիմորդների և նրանց ծնողների պնդմամբ այդ բացակաների անունները, քննությունների ավարտից հետո հայտնվում են անվճար համակարգում սովորողների ցուցակում: Այս առումով էլ վճռական է տրամադրված ոլորտի պատասխանատուն. - Ցավոք, այդպիսի փաստ արձանագրվում է, և ՀԸՀ-ն ուշադրությամբ է հետևելու քննությունների վերջնամասին: Այն դիմորդները, ովքեր կներկայացնեն վատառողջությունը հաստատող բժշկական տեղեկանք, թող հույս չունենան, թե տվյալ քննությունը կարող են քննաշրջանի ավարտին հանձնել: Ուզում ենք հավատալ, որ ստվերային ճանապարհ որոնողներն, անկախ ամեն ինչից, կհայտնաբերվեն և... Իսկ արժանավոր դիմորդի առջև, տա Աստված, ի վեջո, նախապատվություն կտրվի` գոնե բարձրագույն ուսումնառությամբ վերականգնել հավատը արդարություն կոչվածի հանդեպ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ