ՍՊԱՍԵԼՈՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՆ


Նույնիսկ այն դեպքում, երբ լավատեսական սպասողականությունը «հրամայական» համարելը հոգու և մտքի շռայլություն կարող է համարվել, մեր հասարակությունը հնուց ի վեր նախընտրում է իրեն սպասումներով «ծանրաբեռնողի» կարգավիճակը: Այլ հարց է, որ սպասումները երբեմն էլ ձգձգվում են... Չիրականացող սպասումները մենք սովորաբար ձգձգվողներից ենք համարում, որպեսզի նորից կարողանանք սպասել: Եվ բոլորովին էլ ոչ այնքան հաճելի այդ զգացողությունը մեզ ինքնաբերաբար իմաստնացնում է: Մինչև վերջերս մեր հասարակության մի ստվար հատված, մյուս հատվածի պես խորհուրդներ ընդունելն ու հաշվի առնելը գենետիկորեն չսիրելով, կենաց ու մահու կռիվ մղեց սեփական տանիքը պահպանելու համար ու... ոչնչի չհասավ: Եվ թեպետ այդ տանիքները վաղուց են հողին հավասարվել, այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, «Կոզեռն» թաղամասի և Դալմայի այգիների` դեռ ինչ-որ հույսեր փայփայող սեփականատերերը նորից են որոշել այլևս չսպասել: Նախորդ շաբաթվանից սկիզբ առած նրանց պայքարը, եթե մի քիչ ավելի վաղ այսքան միասնական (վերջապես միասնական) լիներ, անշուշտ, ակնկալիքներն ավելի մեծ կարող էին լինել: Այս դեպքում սակայն տուժած սեփականատերերը հապաղել են, և անհարկի սպասելու հետևանքները հաղթահարելն արդեն գրեթե անհնարին է դարձել: Այսուհանդերձ, կատարվածը սեփական փորձով «իմաստնանալու» լավագույն օրինակ է: Նույն «հաջողությամբ» երևանցիներս եթե շարունակենք սպասելով հանդուրժել քաղաքային իշխանությունների աճող փնթիությունը, ապա կարճ ժամանակ հետո քաղաքամայր Երևանը պարզապես փոշու և կեղտի հաստ շերտով պատված դժբախտությանը կարժանանանք: Երկրի բարձրագույն ղեկավարությունը արդեն քանի տարի խոսում է տուրիզմի զարգացման ու հեռանկարային ճյուղ լինելու մասին, մինչդեռ տեղական իշխանիկները օտարերկրյա հյուր են ընդունում ու ճանապարհում կեղտակույտերի հարուստ պաշարով աչք ծակող տարածքներում: Տեղական իշխանության հոգեբանությունն ավելի քան հասկանալի է, իսկ փնթիությունը ոչ այնքան անտարբերության, որքան աղբատարներին հանգիստ թողնելու ու նաև այդ կերպ նոր եկամուտներ ապահովելու նպատակն ունի: Ասվածն, իհարկե, դժվար չէ հասկանալ, բայց անտանելիությունն էլ սահմաններ ունի, սպասելու մարդկային կարողությունն էլ: Ընդհանուր առմամբ` սպասելը անտեսված լինելու պես մի բան է: Մարդը օր ծերության սպասում է, որ շուտով կարող է ավելի բարձր կենսաթոշակ ստանա ու մի քիչ ավելի լավ, մի քիչ նախկինի պես ապրի: Բայց մեկ էլ հանկարծ պարզվում է, որ նրա հույսերը մի քիչ չափազանցված են: Նույն բյուջեից սնվող հայրենի խորհրդարանի երևելիներն էլ իրենց հերթին են կենսաթոշակ պահանջում, այն էլ ոչ սովորական` պատ-գա-մա-վո-րա-կա°ն: Հանրությունը դժգոհում է, որ սրանք ուղղակի ոչինչ չանելու կամ լավ հորանջելու համար փող են ստանում, սակայն պարզվում է, որ պարոնայք երեսփոխանները դրանով բավարարված չեն և գտնում են, որ պետությունն իրենց հորանջի դիմաց էլ վարձահատույց պետք է լինի. այն էլ` ցկյանս: