«ՋԻԳՅԱՐՈՎ ՁԱՅՆԵՐԻ» ԱԽՈՐԺԱԿՈՎ


«Օրինաց երկիրը», ինչպես ցույց են տալիս իրողությունները, շարունակում է ապրել սին պատրանքների և ռոմանտիկական թռիչքների մեջ` այդպես էլ հաշվի չնստելով օբյեկտիվ իրականության հետ: Կամ, գուցե շատ լավ էլ հասկանում է ստեղծված իրավիճակը, սակայն ձև է անում, թե չի նկատում իր և նախկին ընտրազանգվածի միջև գոյավորված անդունդը: Այն խորին հիասթափությունը, որն ապրել են հարյուր հազարավոր հայաստանցիներ` տեսնելով մի ուժի, որը տրվել է «տաք բլիթների» հրապույրին ու զգլխիչ համուհոտին... «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի հետ անցկացրած ասուլիսի ժամանակ ՕԵԿ անդամ Մարգարյան Հովհաննեսը, իրեն հատուկ նեոբոլշևիկյան կրքով ու խանդավառությամբ, հայտարարել է. «Օրինաց երկիր» կուսակցությունը ինչպես միշտ` ջիգյարով ձայներ կստանա իր ընտրողներից... ՕԵԿ-ը եղել և մնում է ռեֆորմիստական ուժ և միշտ էլ հանդես է եկել նոր գաղափարներով... ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայաստանյան քաղաքական այլ գործիչների համեմատ երիտասարդ է»... Մնում է գյումրեցի պատգամավորի այս եռանդից հետո հնչեցնել «Պտտվիր, պտտվիր, կարուսելը» և բաժակ բարձրացնել նրա ու «հազարավոր» օրինացերկրականների համար, ովքեր «ընտրողների լավին լավ են ասել, վատին` վատ»... Բայց կարուսելի մասին երգն էլ չի փրկի «Օրինաց երկրին», որովհետև այստեղ շարունակում են ապրել օդե ամրոցների մեջ` միաժամանակ չմոռանալով ագահորեն օգտվել իշխանական կերատաշտից ու վայելել իշխանական բարիքները: Մարգարյան Հովհաննեսը շատ լավ գիտի, որ հայրենի Գյումրիում անգամ ինքը «ջիգյարով ձայներ» այլևս չի կարող ապահովել իր կուսակցության համար, որովհետև այլևս չկան այն մարդիկ, ովքեր օրնիբուն հեռուստատեսային բանավեճերի ժամանակ ՕԵԿ-ի համար պայքար էին մղում, ընտրազանգվածին ուղղորդում դեպի Արթուր Բաղդասարյանը: Հենց նրանց հավաքած ձայներն ու ներդրած եռանդն էին ձևավորել «Օրինաց երկրի» հաջողությունը, որը հետո Մարգարյան Հովիկն իր պաշտելի «շեֆի» մոտ համարում էր իր աշխատանքի արդյունքն ու վանում բոլոր նրանց, ովքեր կարող էին «աչքի ընկնել», երևալ Բաղդասարյան Արթուրի աչքին: Չնայած սա էլ միամտություն է, քանզի Բաղդասարյան Արթուրը երբեք չի սիրել իր կուսակցության համեստ ու մտավորական անդամներին, նա գերադասել է առաջին պլան մղել փողատերերին և նրանց, ովքեր իրենից հետ են մնում մտավոր պաշարներով... Ովքե՞ր են լինելու «ջիգյարով» ձայն տվողները, եթե հասարակությունն ամբողջապես ճանաչել է «ռեֆորմիստական» այս ուժին, որի «ռեֆորմները» նպատակամղված էին կուսակցության պարագլուխների ունեցվածքի բազմապատկմանը: Եթե Մարգարյան Հովհաննեսը հույս ունի, թե մանկավարժնե՞րն են լինելու «ջիգյարով» ընտրող` սխալվում է: Սխալվում է նաև այն հաշվարկում, թե լրագրողներն ու մտավորականության մյուս շերտերի ներկայացուցիչներն են լինելու, մշակույթի գործիչներն են լինելու, որոնց գլխին, որպես ծաղրածուի գդակ, դրվում էին նախարարներ Պողոսյան Թամարը, Հովեյան Հովիկն ու Հայֆիլմ կինոստուդիան վաճառած Գևորգյան Գևորգը... Գյուղաշխարհի մադիկ էլ չեն լինելու «ջիգյարով ընտրողներ», որովհետև նրանք տեսան Ալավերդյան Գերասիմին, ում չէր կարելի անգամ մի անասնագոմ վստահել կառավարելու: Իսկ եթե Մարգարյան Հովիկը երազում է «ջիգյարով» ընտրողների շարքերում տեսնել մեր հանրապետության շարքային քաղաքացիներին, ապա դարձյալ սխալվում է… «Ջիգյարով» ընտրողների մեջ, հաստատ, չեն լինելու նախկին ՕԵԿ անդամները, բոլոր նրանք, ովքեր լավ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում այս ուժը, որին դեռ մի քանի տարի առաջ շատերը հավատում ու վստահում էին... Մնում է, որ Մարգարյան Հովհաննեսը «ջիգյարով» ընտրողներ փնտրի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների ու դասախոսների մեջ, առաջ մղի պրոֆտեխուսումնարանի տնօրենի պաշտոնից ակադեմիայի ռեկտորի բազկաթոռին վայրէջք կատարած Ա. Ավետիսյանին ու սկսի ընտրարշավը: Մի քանի հազար ձայն անպայման կհավաքվի... Հենց նրանք էլ կլինեն այն «ջիգյարով» ընտրողները, որոնք կապահովեն «Օրինաց երկրի» դուրսմղումը նոր խորհրդարանից...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ