Հայաստանում ներքաղաքական զարգացումները միշտ կապվել են Ղարաբաղի խնդրի հետ. Ադրբեջանը խիստ զգուշացում է ստացել


Ներքաղաքական հնարավոր զարգացումների, դրանց վրա երկրի առջև ծառացող արտաքին մարտահրավերների, միջազգային արենայում հատկապես Ղարաբաղյան հարցում նկատելի տեղաշարժերի ազդեցության մասին է զրույցը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: -ՀԱԿ-ը երբևէ իր դիրքորոշումը չի փոխել, միշտ էլ ասել է, որ եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն` ինքը պատրաստ է բանակցությունների: Բայց իշխանությունները չեն ընդունել ՀԱԿ-ի առաջարկած օրակարգը և հայտարարել են, որ պատրաստ են միայն համագործակցության: Իսկ բանակցելն ու համագործակցելը բոլորովին տարբեր բաներ են, մանավանդ, որ նշվում են համագործակցության կոնկրետ ոլորտներ` կոռուպցիայի դեմ պայքարի, իրավաբանական բնույթի հարցեր և այլն: Իսկ արտահերթ ընտրությունների մասին, ինչն ընդդիմության պահանջն է, իշխանությունները լսել անգամ չեն ուզում: Ըստ էության, ստացվում է, որ բանակցելու համար նյութ չկա, թեև Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկեց, որ իշխանությունն էլ կարող է բանակցությունների համար իր օրակարգը ներկայացնել, և իրենք պատրաստ են դա լսել: Այս իրավիճակում ներքաղաքական հետագա զարգացումները կախված են իշխանությունների որոշումներից` կգնա՞ն նրանք բանակցությունների, թե՞ ոչ. և եթե գնան, ապա ի՞նչ օրակարգով: Իր հերթին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ իշխանություններին հանրապետության առջև ծառացած արտաքին մարտահրավերներն են ստիպել ինչ-ինչ զիջումներ կատարել: Նա իշխանությունների այդ քայլերը պայմանավորել է հատկապես Ղարաբաղի խնդրով: Բայց հարց է` այդ քայլերը պարունակո՞ւմ են ընդդիմության հետ բանակցությունների խնդիր: Առավել հետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը նույնպես ներքաղաքական հնարավոր զարգացումները, իր հետագա քայլերը կապում է Ղարաբաղյան խնդրի հետ: Կայունություն կարելի է ապահովել տարբեր կերպ. կարելի է նաև չբանակցել, կարելի է ոչինչ չանել ու դարձյալ կայունություն կլինի: Կայունություն ապահովելը խնդիր էլ չէ, իրական խնդիր է երկրում փոփոխությունների հանգեցնող հնարավորություն ստեղծելը: Այս հարցի պատասխանը, թերևս, ոչ ոք չգիտի: Թե ինչ ռազմավարություն է որդեգրել այս ամենում ընդդիմությունը, ինչքանով է այս ամենը պայմանավորված այն մարտահրավերներով, որոնք կան` Ղարաբաղի խնդրի առումով, ինչքանով է դա սոսկ արգումենտ, պատճառաբանություն... այս հարցերի պատասխաններն այսօր ոչ ոք չի կարող իմանալ: -Հայաստանում ներքաղաքական զարգացումները բոլոր ժամանակներում միշտ կապվել են Ղարաբաղյան խնդրի հետ: Վերջերս Դովիլում Մինսկի Խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը տարբեր, հաճախ նաև իրարամերժ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ռուս քաղաքագետներից ոմանք նույնիսկ պնդեցին, թե Մինսկի Խումբն այս ողջ ընթացքում միայն դեմագոգիայով է զբաղված եղել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարության մասին: -Համանախագահները, ինձ թվում է, երկու կարևոր բան են արել: Առաջինը վերաբերում է Ադրբեջանին. առաջին անգամ նախագահների մակարդակով հստակ գնահատական է տրվել` որ այսօրվա վիճակը ստեղծված է ուժի կիրառման արդյունքում: Սա կարևոր հանգամանք է: Փաստորեն, երկրորդ անգամ ուժի դիմելն ավելի կբարդացնի վիճակը, և պատերազմն ընդհանրապես կդատապարտվի: Սա խիստ նախազգուշացում է Ադրբեջանին, որովհետև պատերազմի սպառնալիքն այնտեղից է գալիս: Ադրբեջանն արդեն պետք է մտածի` ինչո՞վ կարող է ավարտվել պատերազմը հենց իր համար: Երկրորդն այն է, որ հայտարարության մեջ շատ կոնկրետ նշված է փաստաթղթի այն տարբերակը, որի շուրջ բանակցությունները պետք է ծավալվեն: Խոսքը մարտի 5-ին Սոչիում առաջարկված վերջին տարբերակի մասին է: -Սա նշանակո՞ւմ է, որ կա դեռևս չհրապարակված ինչ-որ գաղտնի տարբերակ: -Սա նշանակում է, որ փաստաթղթերի շուրջ հստակեցում չկա: Մի տարի է, ինչ Ադրբեջանը ասում է, որ գոյություն ունի նորացված տարբերակ, որին ինքը համաձայնություն է տվել և սպասում է Հայաստանի դիրքորոշմանը: Բացի Ադրբեջանից ոչ մեկը նման տարբերակի մասին չէր խոսում: Հայաստանը ասում էր` համաձայն է 2007թ. Մադրիդյան սկզբունքների շուրջ շարունակել բանակցությունները: Իսկ Դովիլում համանախագահներն արդեն հստակեցնում են, թե ինչ փաստաթղթի շուրջ պետք է բանակցեն: Սոչիից հետո հայտարարություն եղավ` միայն շփման գծի հետ կապված: Ոչինչ չէր ասվում, որ գոյություն ունի նման փաստաթուղթ: Հիմա պարզվեց` առաջարկված է: Բայց ի՞նչ փաստաթուղթ է, նախորդների համեմատոթյամբ ի՞նչ տարբերություններ կան` ոչ ոք չգիտի: Մակայն այն հանգամանքը, որ Հայաստանն ասում է, որ համաձայն է շարունակել բանակցություններն այդ վերջին տարբերակի շուրջ, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չի արձագանքում, և Արտգործնախարարությունն էլ կրկնել է, թե իրենց դիրքորոշումը հուշում է, որ Ադրբեջանը, ըստ երևույթին, բարդ վիճակում է: Հիմա որոշում կայացնելու հերթը Ադրբեջանինն է: Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչն ասաց, որ մինչև հունիսի 25-ը ձևաչափի և ռազմավարության որևէ փոփոխության մասին խոսելն անիմաստ է, բայց դրանից հետո գուցե հնարավոր կլինի: Հետաքրքիր վիճակ է. փաստորեն հունիսի 25-ից կարող է իսկապես տրանսֆորմացիաներ սկսվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թե´ ձևաչափի, թե´ ռազմավարության մեջ: -Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվանում է, ակտիվություն է ցուցաբերում նաև Թեհրանը: Մի քանի օր հետո, հունիսի 6-ին, սպասվում է ԻԻՀ նախագահ Ահմադինեջադի այցը Երևան: -Բնական է: Իրանը միշտ հայտարարել է, որ սահմանակից լինելով, շատ է շահագրգռված հակամարտության ապագայով և ունի հստակ խնդիր, այն է` այդ տարածաշրջանում կողմնակի զորքեր չպետք է լինեն: Իհարկե, Իրանին կմտահոգեն հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղադրելու մասին Արևմուտքի մտադրությունները: Եվ պետք է Հայաստանի հետ խոսեն, որովհետև Հայաստանից է կախված` կարո՞ղ են այնտեղ այլ զորքեր լինել, թե՞ չէ: Կարծում եմ` դա է պատճառը, որ այդպես հապճեպ Իրանի նախագահը որոշել է գալ Երևան: -Ընդամենը օրեր առաջ, երբ Իրանի նախագահի բանագնացն այցելեց Երևան, խոսակցություններ եղան, թե Իրանը Հայաստանում համամիտներ է փնտրում Ղարաբաղում տարածք չհանձնելու շուրջ: -Հիմա Հայաստանը հստակ ասում է, որ համաձայն է այս սկզբունքներին: Դա նշանակում է, որ եթե Ադրբեջանն էլ համաձայնի, հակամարտության գոտում կտեղակայվեն խաղաղարար զորքեր: Իրանն արդեն այդ հարցում հույս չի տածում մեր իշխանության որոշումների հետ, առավել ևս` երբ մեր ընդդիմությունն էլ այդ հարցում համաձայն է իշխանության հետ: Բնականաբար, Իրանը հիմա կփորձի Հայաստանից հստակ կարծիք ստանալ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ