Տարեգրության այս օրը. 3 ՀՈՒՆԻՍԻ


ԼՂՀ նախագահի 1996-ի հունիսի 3-ի որոշմամբ սահմանվել է ԼՂՀ «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԸ: Այս պետական պարգևով պարգևատրվում են ՊԲ շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, ռազմական գործողությունների ժամանակ, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության և խիզախության համար, ինչպես նաև ՊԲ-ում չծառայող քաղաքացիները, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, համարձակ ու սեփական կյանքը վտանգելով` նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը: 1992-ի հունիսի 3-ին ադրբեջանական բանակին հաջողվել է զավթել Շահումյանի շրջանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը, վերջինս շուրջ մեկ տարի մնացել է բռնազավթ ված վիճակում: 1993-ի փետրվարին անցնելով հակահարձակման` ՊԲ միայն հունիսին կարողացել է ազատագրել Մարտակերտի շրջանը: ՍԱՐԳՍՅԱՆ Աշոտ Էդուարդի(15.1.1973, Բաքու - 3.6.1992, գ. Հարավ (ԼՂՀ Ասկերանի շրջան)], ուսանող-ազատամարտիկ: 1988-ի դեկտեմբերին Բաքվից ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: 1990-92-ին սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա` Արցախի պետական համալսարանում: 1992-ին ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի ուղղությամբ ընթացող ինքնապաշտպանական մարտերին: Աչքի է ընկել Սառնաղբյուր, Փրջամալ, Հարավ գյուղերի շրջակայքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով: Թաղված է Ստեփանակերտում:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ